Ինչպե՞ս արթուն լինեմ, երբ Տերն այցելի

Ինչպե՞ս արթուն լինեմ, երբ Տերն այցելի

«Դու ինչքա՞ն պարտք ունես»

 

Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է։ Այն կոչվում է Տնտեսի, քանի որ այս օրն ընթերցվում է Անիրավ տնտեսի ավետարանական առակը:

 

Անիրավ տնտեսի առակում պատմվում է, որ մի մեծահարուստ մարդ իր տնտեսության բոլոր գործերը վստահել էր իր տնտեսին: Նրա մասին մի օր ամբաստանություն է լսում, թե հավատարիմ չէ իր տիրոջ ունեցվածքի հանդեպ: Տանուտերը կանչում է տնտեսին և ասում. «Տո՛ւր քո տնտեսության հաշիվը, որովհետև այլևս տնտես լինել չես կարող»: Տնտեսը մտածում է, թե ինչ անի, որպեսզի աշխատանքից հեռացվելուց հետո մարդիկ բարեհաճ գտնվեն իր հանդեպ, և կանչելով իր տիրոջ պարտապաններին՝ թեթևացնում են նրանց պարտքերը մասնակիորեն:

 

Թեև տնտեսն անիրավ էր, սակայն ունեցվածքից բաշխելով՝ բարեկամներ շահեց: Իսկ մեծահարուստը գովեց նրա հնարամտությունը:
Բոլորը, այդ թվում և մեծահարուստը, գիտեին, որ տնտեսի կատարածը հանցանք է: Եվ այս է պատճառը, որ տարօրինակ է թվում գովելը՝ հանցանքի համար: Սակայն նա գովեց ոչ թե տնտեսի անիրավությունը, այլ գործելակերպը:

 

Քրիստոս առակի հաջորդ հատվածում ասում է. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկ. 16:9): Այս հատվածում օգտագործված «մամոնա» բառն ասորերեն կամ արամերեն արմատից է և նշանակում է ունեցվածք, հարստություն:

 

Ո՞րն է Անիրավ տնտեսի առակի խորհուրդը

 

Առակի խորհուրդը մեր հոգևոր արթնությունն արժևորելն է։ Անխոս, տարվելով ամենօրյա հոգսերով ու գործերով՝ երբեմն մոռանում ենք անգամ այն մասին, որ պետք է ամեն րոպե ու ամեն ժամ պատրաստ լինենք Տիրոջ Գալուստին։

 

Այսպիսով՝ պետք է չհետաձգենք բարի գործերի կատարումը և մեր քայլերը չուղղենք դեպի մեղքը՝ հույս դնելով Աստծո ներողամտության վրա։ Մեր ապաշխարությունը ևս պետք է արժևորվի, քանզի գիտակցված մեղքը արժեզրկում է այն։ Մեր հոգևոր արթնությունն ու բարի գործերը տեսնելով՝ Տերը կանվանի մեզ այնպես, ինչպես առակում՝ «հավատարիմ և իմաստուն տնտես» (Ղուկաս 12:42):

 

Բարեգործությունն ու կարիքավորներին օգնելը մեզ էլ ավելի է հաստատում մեր՝ քրիստոնյա լինելու կոչման մեջ։  Ուստի՝ Տնտեսի այս կիրակին հուշում է պահքին միավորել ողորմածությունն ու աղքատասիրությունը՝ որպես հոգևոր տնտեսության կարևորագույն մասեր։ Տերը պատվիրում է  ներել և առատորեն բաշխել ունեցածը նրանց, ովքեր ունեն նրա կարիքը։ Ողորմածության մասին պատմող այս առակը ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ հոգին արթուն է մնում ինչպես պահքով, այնպես էլ աղքատասիրությամբ ու գթասրտությամբ։ Զուր չէ Սուրբ Գրքում նշված ու զգուշացված այն մասին, որ «անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2:13):

 

Եվ որպեսզի Տերը մեզ արթուն գտնի, հետևենք այն պատգամին, որը տրվել է մեզ Սուրբ Գրքի միջոցով՝ պահպանելու մեր հոգևոր արթնությունը․ «Արթուն մնացեք և աղոթք արեք» (Մատթ. 26:41)։

  • 2022-04-13
×