Մարմինը կյանք է ստանում հոգուց, իսկ ի՞նչ է ստանում հոգին մարմնից

Մարմինը կյանք է ստանում հոգուց, իսկ ի՞նչ է ստանում հոգին մարմնից

Մեր կյանքում հաճախ է պատահում այնպես, որ անգամ չնկատելով սեփական արարքների ինչպիսին լինելը, անտեղի կերպով շատ ենք կենտրոնանում մեր մարմնի վրա։ Խոսքը բնավ մաքրությունը պահպանելու և մի շարք այլ հարցերի մասին չէ, այլ, օրինակ, մարմնի որոշ հատվածներ փոխելու, շտկելու, շարունակ մեր տեսքով հիանալու մասին։ 

 

Երբևէ մտածե՞լ ենք Աստծուց տրված երկու երևություների մասին, որոնք ծառայում են մեզ երկրային կյանքի ընթացքում։ Խոսքը մարմնի և հոգու մասին է։ Երբևէ մտածե՞լ ենք, որ ինչպես մեր մարմինը, նույնպես և մեր հոգին ունի խնամքի ու հոգածության կարիք։ Որ եթե ինչպես մարմնի դեպքում, հոգուց ևս կարողանայինք վանել տհաճ, անցանկալի երևույթները, մեր վատ սովորությունները, ավելի երջանիկ կլինեինք, քան «կատարյալ մարմին» ունենալու պարագայում է։

 

Մարմնի և հոգու հարաբերությանը և մարդու կյանքում դրանց դերերին ճշգրիտ բնորոշումը տվել է Սուրբ Բարսեղ Կեսարացին։ Նա գրել է․ «Մահկանացու է մարմինդ, անմահ է հոգիդ: Կրկնակի է մեր կյանքը. մարմինը, որն իսկույն անցնում է, և հոգուն բնորոշ կյանքը, որը վախճան չունի»։

 

Մեծագույն Սուրբը սեփական կյանքով ու համոզմունքով գիտեր՝ ինչ է մարմինը, ինչ է հոգին։ Մարմինը, սակայն, բնավ էլ անպետք ու քամահրելի չէ, այլ միայն դրա հանդեպ հատուկ ու անտեղի կենտրոնացումն է քամահրելի։ Սակայն պետք է մշտապես հիշենք, որ մարմինը Սուրբ Հոգու Տաճար է։ «… և Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ։ Եթե մեկը ավերի Աստծու տաճարը, Աստված էլ նրան կորստյան կմատնի, որովհետև սուրբ է Աստծու տաճարը, որ դուք եք» (Ա Կորնթացիներ 3:16-17),- ասված է Սուրբ Գրքում։

 

Ուստի՝ յուրաքանչյուրի պարտքն է իր մարմինն անարատ պահել։ Եվ զուր չէ, որ Ավետարանի տասը պատվիրաններից «Մի՛ շնացիր»-ը (Ելք 20:14), արգելում է անառակ ցանկություններն ու անպարկեշտ վարքը: Սա միայն մարմինն անարատ պահելու համար չէ ասված։  Պետք է հստակորեն որպես քրիստոնյաներ գիտակցել, որ մարդ իր անպարկեշտ վարքով կորցնում է ոչ միայն մարմնի, այլև հոգու սրբությունը, ինչն ամենակարևորն է։ Չէ՞ որ հոգին ու մարմինն իրար կապված են շատ ամուր թելերով։

 

Այս ամենը ևս մեկ անգամ վերահաստատելով մեր մտքերում՝ խորհենք Բարսեղ Կեսարացու այս հարցադրման շուրջ, որը սխալ ուղի ընտրածին կդարձնի իր ճանապարհին, ու կօգնի մեզ ճիշտ ընտրություն իրականացնել, երբ հերթը հասնի ընտրելուն՝ մարմի՞նը, թե՞ հոգին։ Սուրբը ասել է․ «Մտածի՛ր, թե մարմինն ինչպիսի ուժ է ստանում հոգուց. ինչպիսի՛ զգայունակություն է մարմնին հաղորդում հոգին. ինչպե՛ս է մարմինը կյանք ստանում հոգուց, մինչ հոգին մարմնից ա՛յլ բան չի ստանում, եթե ոչ միայն՝ ցավեր»։ 

  • 2022-04-13
×