Դատավորի կիրակի

Դատավորի կիրակի

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ քաղաքներից մեկում ապրում էր մի անիրավ դատավոր, ով ո՛չ Աստծուց էր վախենում և ո՛չ էլ մարդկանցից ամաչում. իր անխիղճ վերաբերմունքով ոտնակոխ էր անում օրենքը և խլում ուրիշների իրավունքը: Նկատի ունենալով, որ ինքը դատավոր է և վերջին խոսքը իրեն է պատկանում և իրենից վեր իշխանություն չկա, սանձարձակ կերպով տնօրինում էր ամեն ինչ: Աստծուն չէր հավատում, խիղճ բնավ չուներ, հետևաբար ազատ-համարձակ տնօրինում էր ամեն գործ՝ ի շահ իրեն: Նույն քաղաքում մի այրի կին էլ էր ապրում: Կինն, ընկճված իրեն անհանգստացնող չարակամ մի անձից, դիմում է դատավորին, որ ազատի իրեն հակառակորդի ձեռքից, պաշտպանի իր իրավունքն ու իր խնդրին արդար լուծում տա: Սակայն անիրավ դատավորն անտեսում է խեղճ կնոջ աղաչանքները: Այրին ամեն օր գնում է դատավորի մոտ, բայց անօգուտ: Ամենօրյա իր թախանձանքն ու խնդրանքը միշտ էլ անտեսվում են: Կինը չի հուսահատվում, շարունակ դիմում, խնդրում է նրան: Այսպես նա հասնում է իր նպատակին: Դատավորը, ձանձրացած այրի կնոջ ամենօրյա այցելություններից և հետապնդումներից, որոշում է տեսնել այրի կնոջ դատը: Դրանից հետո իր մտքում ասում է. «Թեև Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց քանի որ այս այրին նեղություն է տալիս ինձ, նրա դատը տեսնեմ, որպեսզի անվերջ մոտս գալով՝ չանհանգստացնի ինձ»: Եվ Տերն ասաց. «Լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը: Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր և ցերեկ աղաղակում են և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի»: Առակը վերջանում է հետևյալ հարցադրումով. «Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա »(Ղուկաս 18:8):

 

Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթք անելու մասին է:

  • 2022-04-13
×