Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա (Երեմիա 17:7)
Մեր կյանքում լինում են պահեր, երբ այնքան անելանելի իրավիճակում ենք գտնվում, որ ասում ենք՝ հույսս Աստծո վրա եմ դրել։ Ուշադրություն դարձնենք հենց այս հատվածին՝ գտնվելով ծայրահեղ անելանելի վիճակում ենք միայն արտաբերում այս միտքը։
Ե՞րբ է պետք, սակայն, իրականում հույս դնել Տիրոջ վրա։
Անսպասելի և միաժամանակ ամենասպասելի պատասխանը մեզ հուշում է ևս մեկ սխալ, ևս մեկ գուցե չգիտակցված մոտեցում հավատքի և Աստծո հետ կապված հարցերին։ Բանն այն է, որ հույսներս Տիրոջ վրա պետք է դնենք, ոչ թե այն պահերին, երբ այլևս ելք չկա, այլևս չենք կարող ինքնուրույն փոխել իրադարձությունների ընթացքը, այլ, որքան էլ զարմանալի է, միշտ։ Այո՛, մշտապես, անգամ ամենապարզ հարցերում մեր հույսն ու ապավենը պետք է լինի Տերը։ Զուր չէ Սուրբ Գրքում ասված հետևյալը․ «Թող օրհնյալ լինի այն մարդը, որ հույսը Տիրոջ վրա կդնի, ու Տերը նրա հույսը կդառնա» (Երեմիա 17:7)։
Կհարցնենք՝ արդյո՞ք սա զսպում է, արգելում է մեզ որոշումներ կայացնել։ Սակայն պետք է միանշանակ հիշենք այն մասին, որ քրիստոնեությունն ընտրություն է՝ ամեն օր, ամեն ժամ կատարվող ընտրություն, որ գալիս է ազատ կամքից։ Սակայն սա չի խանգարում Աստծո վրա հույս դնելուն․ դա էլ մեր ազատ կամքի արտահայտությունն է։
Աստծո վրա հույս դնելով մենք ցույց ենք տալիս, որ մշտապես պատրաստ ենք Նրա ներկայությանը մեր կյանքում, որ արթուն ենք հոգեպես, որ սպասում ենք Նրան։ Մեր հույսը Տիրոջ վրա դնելով՝ Նրան տալիս ենք լավագույնի, ընտրյալի կարգավիճակ մեր կյանքում, ինչին արժանի է Նա։ Արդյո՞ք Նա ունի սրա կարիքը։
Ո՛չ։ Աստված որևէ բանի կարիք չունի։ Բանն այն է, որ մեր հույսն Աստծո վրա դնելը, Աստծուն մեր կյանքում կարևորելը առաջին հերթին պետք է մեզ։
Գտնե՛ք Տիրոջը՝ մշտապես հիշելով, որ Նա մեզ երբեք ու երբեք չի կորցնում։