Հավատ, որ երկրորդ կյանքի հնարավորություն տվեց

Հավատ, որ երկրորդ կյանքի հնարավորություն տվեց

Հավատի մասին խոսելիս, փորձում եմ շատ զգույշ լինել, բայց ապրածս ու տեսածս ստիպում է, որ այս մասին պատմեմ:

 

18 տարեկան էի, նոր էի ընդունվել համալսարան, կյանքիս լավագույն շրջաններից մեկն էր թերևս: Նոր ծանոթություններ, ընկերներ, շփումներ, մի խոսքով ամեն բան հրաշալի էր: Սակայն, ինչպես ասում են լավի հետ վատն էլ է գալիս, որ հիշեցնել տա իր գոյության մասին: Գարնանային պայծառ, տաք ու արևոտ օր էր, շատ լավ եմ հիշում այդ օրվա հետ կապված ամեն դրվագ. ինձ զանգահարեց մանկությանս ընկերուհին ու ասաց, որ իր մոտ ծանր ու անբուժելի հիվանդություն են հայտնաբերել: Աշխարհը ինձ համար այդ պահին կարծես կանգնեց, չէի հավատում, որ կարող է նման բան լինել: Մենք երկուսս էլ շատ հավատով մարդիկ էինք ու էտ ամենը իմանալուց հետո, էլ ավելի մեծ հավատով լցվեցինք: 

 

Որոշեցինք ամեն կիրակի պարտադիր եկեղեցի այցելել ու Պատարագներին մասնակցել, մինչ այդ էլ էինք եկեղեցի գնում, բայց հիմա մի անբացատրելի ցանկություն կար Աստծո տանը ավելի հաճախ լինելու ու նրա հետ խոսելու համար:  Հուսահատությունը մեր սրտում, մի փոքր թևաթափ ու շատ հարցերի պատասխաններ այդպես էլ չգտնելով՝ հենց առաջին կիրակին գնացինք Պատարագի: Դժվար էր երկուսիս համար էլ, առանց արցունքի չկարողացանք մասնակցել Պատարագին: Եկեղեցուց դուրս գալուց հետո, անբացատրելի թեթևություն էինք զգում: Հետո, մեր ամեն օրը դարձավ պայքար ու այդ պայքարի մեջ մեզ պաշտպանողն ու հույս տվողը միայն Տերն էր, որի զորությունը զգում էինք ու տեսնում:

 

Ծանր ամիսները ավելի էին մոտենում, պահեր էր լիում անհույս վիճակում էինք հայտնվում, թվում է՝ դա վերջն է լինելու, հետո նորից հավաքում էինք մեզ ու ամբողջ հոգով աղոթում ու խնդրում տիրոջը, որպեսզի օգնի: Ու այդ երկար սպասված օգնությունը իսկապես եկավ: 

 

Հիմա դժվար ու ծանր օրերը անցյալում ենք թողել, Աստծո կամքով ու հավատի շնորհիվ հաղթահարեցինք՝ անհաղթահարելի թվացող այդ փորձությունը: Ու փորձությունից հետո միայն հասկացանք, թե որքան կարևոր է Աստծուն ապավինելը, նրանով ապրելն ու կյանքի ընթացքը փոխելը: 

  • 2022-04-13
×