Ինչու՞ ենք այս կիրակին կոչում Գալստյան

Ինչու՞ ենք այս կիրակին կոչում Գալստյան

«Բայց ձեզ ասում եմ նաև, որ այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով» (Մտթ. 23:39):

 

Եկեղեցու հայրերը Մեծի Պահոց այս վեցերորդ կիրակին անվանել են Գալստյան Կիրակի՝ ի հիշատակ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի: Մարդկությանը տրված այս սքանչելի խոստմանն անդրադառնալուց առաջ պետք է ետ գնանք մինչև Աստծո արարչագործության սկիզբն ու տեսնենք, թե ինչը պատճառ հանդիսացավ, որպեսզի Տերը խոստանա երկրորդ անգամ այցելել Իր արարածին:

 

Երբ նախաստեղծ մարդիկ անհնազանդ գտնվեցին իրենց Արարչին, և զրկվեցին Նրա անմիջական ներկայությունը մշտապես վայելելու երանական վիճակից՝ մարդ արարածը նմանվեց մեծ քաղաքում կորած այն փոքրիկին, ով, չարաճճիություններ անելով, այս ու այն կողմ վազվզելով, վառվուն լույսերով ու բազմերանգ ցուցափեղկերով տարվելով՝ կորչում է ծնողների տեսադաշտից ու մենակ մնում: Հենց այս կերպ էլ սկսվեց համայն մարդկության անկյալ ու մոլորված վիճակը, որը, սակայն, անբնական է ըստ էության: Ամենակալ Աստված տխրեց Իր զավակի անհնազանդությունից ու դրա ցավալի հետևանքներից, սակայն սիրող ծնող լինելով՝ երես չդարձրեց նրանից, այլ փրկություն խոստացավ՝ նրան գայթակղողին ասելով. «Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը» (Ծննդ. 3:15): Մարդկությունը հազարամյակներ տևած սպասումի մի շրջան անցավ՝ մինչև արժանացավ խոստացված փրկությանը՝ այն է Աստծո առաջին գալուստը՝ մարդեղացումը, խաչելությունը, հարությունն ու համբարձումը: Աստվածորդու երկիր գալն ու մարդկության համար Իր սրբազան արյունը տալն Աստծո անառակ զավակների առջև բացեց այն փրկության դուռը, որ փակվել էր Ադամի դրախտից արտաքսվելուց ի վեր: Առաջին անգամ Աստծո գալուսը խոնարհ մարդկային կերպարանքով եղավ: Նա հանձն առավ Իր Երկնային բարձունքից իջնել այդքան, չարչարվել ու անարգ մահվան ենթարկվել, միայն թե մարդիկ արթնանային մեղքի կործանիչ թմբիրից ու ողջ եռանդով իրենց փրկության գործին լծվեին: Երկնային Սերմնացանն Իր անգին սերմերը ողջ աշխարհում ցանեց, որպեսզի Իր երկրորդ փառավոր գալստյան կամ հունձքի ժամանակ առանձնացնի չար և բարի պտուղներն ու ամեն մեկին ըստ արժանվույն վարձատրի:

 

Տիրոջ առաջին գալստյան և երկրորդ գալուստի միջև ընկած ժամանակաշրջանն իր մեջ սպասում է պարունակում բոլոր քրիստոնյաների համար, սակայն ինչպես Հակոբոս Տյառեղբայրն է ասում՝ հավատն առանց գործերի մեռած է (Հակ. 2:26), ուստի սա աստվածահաճո ակտիվ գործունեության, անտրտունջ աշխատանքի, հոգևոր առումով արթուն մնալու և աղոթքի ժամանակաշրջան է: Ինչպես որ մարմանական հիվանդություն ունեցողը միայն հիվանդանոցի շենք մտնելով չի բուժվում, այլ առնվազն առողջանալու ներքին հստակ որոշում և հմուտ բժշկի ցուցումներին հետևել է պահանջվում առողջացման համար, այնպես էլ հոգևոր ախտերից բժշկվելու համար միայն եկեղեցի այցելելը բավարար չէ, սիրելինե՛ր, գործել է պետք: Հիսուս Քրիստոս, Իր երկրային կյանքի ընթացքում, բազմիցս զգուշացրեց մարդկանց արթուն մնալու և փրկության ճանապարհից չշեղվելու մասին: Մարդկության համար Նա այն բոցկլտացող անմար Կանթեղը եղավ, որ ցրեց մեղքի խավարն ու լուսավորեց փրկության ճանապարհը: Նա այն ջերմ ու պայծառ Ուղեկիցն է, որ յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի հետ կողք-կողքի անցնում է նրա կյանքի ճանապարհը, միայն, թե այն դեպի փրկություն ուղղված լինի:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 
  • 2022-04-13
×