Որտե՞ղ փնտրել խաղաղություն

Որտե՞ղ փնտրել խաղաղություն

Հավանաբար չկա մի մարդ, ում համար ներքին հանգստությունն ու խաղաղությունը կարևոր չլինի։ Երբ մարդու հոգին ալեկոծված է, իսկ մտքերը շատ խառն, նա դադարում է զգալ կյանքի իրական գեղեցկությունը, իր շուրջը տիրող իրավիճակը, մարդկանց վերաբերմունքը, մի խոսքով ամեն բան խարխլվում է ու թվում է՝ ոչինչ առաջվանը չէ։ 

 

Այդ պահին բոլորը մի տեսակ նախանձող ու անհանդուրժող են քեզ թվում, տպավորություն է՝ մարդիկ ամեն բան անում են քո կյանքը փչացնելու, քեզ լարված վիճակում պահելու ու հուսալքության գիրկը  նետելու համար։ 

 

Իսկ երբ հոգին խաղաղ է, միտքը մաքուր, անկախ մեր կամքից, ամեն բան իդեալական է  թվում, եթե անգամ կան խնդիրներ, միևնույնն է, դրանք մեզ չեն անհանգստացնում այնքան, որ ստիպեն կորցնենք մեր ներքին խաղաղությունը, աշխարհի ու կյանքի հանդեպ սերը։ Ավելին՝ ամեն բան անում ենք, որ մեր ներսում բույն դրած այդ ներքին ներդաշնակությունը բերենք նաև արտաքին աշխարհ։

 

Այո, որքան էլ որ զարմանալի է թվում, մարդիկ մշտապես պայքարում են խաղաղության համար:

 

Չմոռանանք, որ Ինքը՝ Քրիստոս, աշխարհից հեռնալուց առաջ ասաց. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս» (Հովհ. 14: 27): Սրանով Նա փաստեց, որ հոգևոր խաղաղությունը կապված չէ աշխարհի հետ, չունի նույն տեսքն, ինչ աշխարհիկ խաղաղությունն է:

 

Վերջին ժամանակներում մեր շուրջը կատարվող իրադարձությունները, ավելի են նպաստում, որ մենք կենտրոնանանք խաղաղության գաղափարի վրա։ Քանզի առանց դրա ամեն բան կորցնում է իր իմաստն ու նշանակությունը: Ուստի, ամեն կերպ պետք է ջանանք բերել այն խաղաղությունը, որ ի զորու է փոխել այս աշխարհը:

 

Հիշեք, հոգևոր խաղաղությունը մշտապես կարիք ունի պահպանման ու նորոգման: Հեշտ է ընկնել չարի ճիրանները և դառնալ ֆիզիկական ու հոգևոր պատերազմներ հրահրողներ, սակայն բարդ և միաժամանակ աստվածահաճո է խաղաղության պահապան լինելը: 

  • 2022-04-13
×