Հովակիմ եպս. Մանուկյան. Մայր Աթոռը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հովակիմ եպս. Մանուկյան. Մայր Աթոռը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է

Հովակիմ եպս. Մանուկյան. Մայր Աթոռը Հայաստանի խոշորագույն հարկատուներից է

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը սեպտեմբերի 24-ին մեկնարկած եպիսկոպոսաց ժողովի բացման խոսքում, ի թիվս Եկեղեցու և ժողովրդի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների, անդրադարձավ Հայաստանում առկա աղքատությանը, գործազրկությանն ու արտագաղթին: Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայ Եկեղեցին պարտքի և պատասխանատվության զգացում ունի` համախմբելու ժողովրդին ու նեցուկ լինելու պետությանը դժվարին խնդիրների լուծման գործում:Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել եկեղեցու կողմից աղքատության և գործազրկության հաղթահարման, արտագաղթի կասեցման ուղղությամբ, ի՞նչ սոցիալական ծրագրեր են իրականացվում Հայ Եկեղեցում. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ:- Ինչպե՞ս պետք է Եկեղեցին նեցուկ լինի պետությանը սոցիալական խնդիրների հաղթահարման գործում: Արդյո՞ք Եկեղեցին իր սոցիալական ծրագրերով կարող է փոփոխություն բերել երկրում:Եկեղեցին միշտ իր ժողովրդի կողքին է` իր հնարավորությունների, միջոցների եւ կապերի օգտագործմամբ: Այսօր իրականացվում են տարբեր սոցիալական ծրագրեր եւ նորերը քննարկման փուլում են, որոնց իրականացումը դրական փոփոխություններ կբերի այդ խնդիրների հաղթահարման գործում:Եկեղեցին իր օժանդակությունն է բերում նաեւ տարբեր ծրագրերի, այլ կառույցների (օր.` Համահայկական հիմնադրամի) միջոցով ևս փորձում իր լուման ներդնել մեր երկրի շենացմանը, մեր ժողովրդի բարօրությանը: Անշուշտ, եկեղեցին չի կարող ամբողջապես լուծել այս բարդ խնդիրները, պարզապես կարող է իր նպաստը բերել դրանց կարգավորմանը՝ մի կողմից ազնիվ քաղաքացիներ դաստիարակելով, մյուս կողմից` անելով հնարավորը` մարդկանց աշխատանքով ապահովելու, մեղմելու հասարակության խոցելի խմբերի կարիքները:-Ինչպիսի՞ սոցիալական ծրագրեր են իրականացվում եկեղեցու կողմից:Մայր Աթոռի ամենամեծ սոցիալական ծրագիրը, հայորդաց տներն են (Երևանում գործում են ՀՏ-ից չորսը, իսկ երեքը` մարզերում` Էջմիածին, Վանաձոր և Աշտարակ քաղաքներում): Այստեղ երեխաներն ուսանում են տարբեր ոլորտների դասարաններում` դեկորատիվ-կիրառական արվեստների, կերպարվեստի, երգ-երաժշտության, սպորտային, համակարգչային, լրագրության և օտար լեզուների, ստանում քրիստոնեական դաստիարակություն: Հայորդաց տներին կից 1996թ-ից գործում են բարեգործական ճաշարաններ, ուր անապահով ընտանիքների անդամներն իրենց հանապազօրյա տաք կերակուրն են ստանում: Մայր Աթոռի հովանու տակ գործում է նաև որբանոց: Գործում է Իզմիրլյան բժշկական հաստատությունը իր Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնով, որ բարեգործական ծրագրեր է իրականացնում է ինչպես Երևանում, այնպես նաև Հայաստանի տարբեր մարզերում: Իսկ Հայաստանյան Միջեկեղեցական Բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի միջոցով գրեթե մեկ միլիոն եվրոյի հասնող սոցիալական ծրագրեր են իրականացվում Հայաստանում:Այսինքն` եկեղեցին իր սուղ միջոցներով իրականացնում է որոշակի ծրագրեր՝ նպաստելու համար մարդկանց բարեկեցությանը:-Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջին անգամ մտահոգություն արտահայտեց նաև արտագաղթի առնչությամբ: Արդյո՞ք Եկեղեցում քննարկումներ այս թեմայով եղել են և ինչպե՞ս է Եկեղեցին պայքարելու արտագաղթի դեմ կամ նպաստելու դրա կասեցմանը:-Ճշտման կարգով նախ նշեմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջին անգամը չէ, որ անդրադառնում է արտագաղթի թեմային: Գարեգին Բ հայրապետի կողմից արտագաղթի թեման արծարծել է բազմիցս, ինչպես Ս. Ծննդյան և Ս. Հարության պատգամների մեջ, այնպես և այլ առիթներով: Այլ հարց է, որ Հայոց Կաթողիկոսի և Եկեղեցու կողմից արտագաղթի թեմայի բարձրաձայնումը որևէ ձևով չի զուգորդվել ժողովրդահաճության ներքին մղումի հետ: Այն խնդիրները, որոնք հուզում են մեր հասարակությանը, մտահոգիչ են նաև եկեղեցու համար:Արտագաղթը կասեցնելու համար պետք է ուսումնասիրել խնդիրը եւ դրա պատճառներն օբեկտիվորեն` առանց խնդրի շահարկման: Անհրաժեշտ է հավատ եւ հույս ներշնչել պարզ քաղաքացու մոտ: Պետք է հաղթահարել առաջին հերթին հոգեբանական խնդիրները, բարոյալքումն ու հուսալքությունը: Եկեղեցին մարդկանց մեջ հավատ և վստահություն է ներշնչում` ոչ թե խոսքով, այլ գործերով եւ կոնկրետ օրինակներով:Մայր Աթոռը Հայաստանի մեծագույն հարկատուներից է: Եթե տնտեսական, սոցիալական գլխավոր խնդիրը աշխատանք չունենալն է, եկեղեցին որպես կառույց, փորձում է աջակցել նաև այս հարցի լուծմանը: Մայր Աթոռի ինչպես Մայր Աթոռում, այնպես էլ նրա հովանու ներքո գործող կառույցներում և թեմերում աշխատում են հազարավոր մարդիկ:-Եպիսկոպոսաց ժողովը հիմնեց նաև սոցիալական ուղղվածության մի հիմնադրամ` աջակցելու կարիքավորներին: Խնդրում ենք մանրամասնել հիմնադրամի հաստատման որոշումն ու կարևորությունը:Եպիսկոպոսաց ժողովը, ի թիվս օրակարգային գլխավոր հարցերի, անդրադարձավ մեր ժողովրդին հուզող մի շարք մարտահրավերների: Սակայն իրատեսական չէր լինի անդրադառնալ դրանց տեսականորեն` առանց շոշափելի որևէ օժանդակություն ցուցաբերելու: Եվ ստեղծվեց հիմնադրամ, որի գործունեությունը պետք է ունենա կոնկրետ ուղղվածություն՝ օգնել սիրիահայությանը, ինչպես նաև օժանդակել Ղարաբաղի և Հայաստանի սահմանամերձ շրջանների անապահով ընտանիքներին: Ստեղծվել է հանձնախումբ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչների մասնակցությամբ, որն էլ կորոշի, թե ինչ կերպ և ինչ ուղղությամբ պետք է կատարվի գումարների տնօրինությունը:Հիմնադրամի միջոցները հավաքվելու են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից: Դա կլինի թե´ անհատական խնայողությունների, թե´ դրամահավաք միջոցառումների շնորհիվ: Այսօր կան գործարարներ, անձինք, ովքեր կապված են եկեղեցու հետ, հավատացյալ հայորդիներ, ովքեր չեն զլանա իրենց ներդրումը բերելու այս գործին:

Աղբյուր՝ ilur.am/ կայք:

Զրուցեց՝ Մարիամ Ավետիսյանը    

  • 2013-10-14
×