Հոգևորականի դիրքորոշումը աշխարհաքաղաքական իրողությունների մասին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հոգևորականի դիրքորոշումը աշխարհաքաղաքական իրողությունների մասին

Հոգևորականի դիրքորոշումը աշխարհաքաղաքական իրողությունների մասին

<Հայոց Աշխարհ>- ի հարցազրույցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ ՀՈՎԱԿԻՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ-Սրբազան հայր, հաճախ է հնչում այն միտքը, թե երկիրը կանգնած է բազում խնդիրների առաջ, բայց չի լսվում հայոց եկեղեցու տագնապով լի խոսքը արտագաղթի մասին, չեն հնչում առաջարկներ սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս գալու մասին: Դժվար է կարծել, որ մեր ազգային եկեղեցին կարող է անտարբեր լինել իր ժողովրդի առաջ ծառացած խնդիրների հանդեպ, ուրեմն, ո?րն է նման թյուրըմբռման պատճառը:-Ապրում ենք տեղեկատվական, նաև հոգևոր պատերազմների ժամանակաշրջանում, ուր հսկայական ներազդեցություն ունի հակաքարոզչությունը: Այդ թյուրըմբռնումը հետևանք է հակաքարոզչության: Ինչպե?ս կարող է հայոց եկեղեցին, հայ հոգևորականն անմասն մնալ այն ամենից, ինչ կատարվում է մեր հայրենիքում, ինչպե?ս կարող ենք մտահոգ չլինել ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակով, արտագաղթով: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն դեռ իր հայրապետական օծումից հետո ընթերցած անդրանիկ կոնդակում բարձրաձայնել է այս մտահոգությունների մասին: Հայ հոգևորականի համար մեծ ցավ է, որ իր ժողովուրդը հեռանում է երկրից: Բայց արտագաղթի մասին միայն բարձրաձայնելով հարցերը չեն լուծվի, օդում խոսքեր հնչեցնելը մեր Եկեղեցու գործելաոճը չէ: Մտահոգվելուց զատ, ի վերջո, գործել է պետք: Իսկ գործնական հարթության մեջ Հայոց եկեղեցին ամեն օր ու ամեն ժամ իր ժողովրդի կողքին է, փորձում է հնարավորության սահմաններում նեցուկ լինել նրան, տարբեր ծրագրերի իրականացմամբ մեղմել եղած խնդիրները: Նախ, մեր եկեղեցին որպես ազգային ինստիտուտ իր ծրագրերն իրականացնում է երկու ուղղություններով. հայրենիքում կյանքի են կոչվում կանխարգելող, իսկ Սփյուռքում՝ ազգապահպան ծրագրեր: Վերջերս մամուլում մի հրապարակում կարդացի, ասվում էր՝ կրոնը կապ չունի ազգապահպանության հետ, բայց Հայոց Առաքելական եկեղեցու պարագայում ճիշտ հակառակն է, քանզի մեր ազգային եկեղեցին հոգևոր առաքելության հետ համատեղ նաև ազգապահպան առաքելություն է իրականացնում: Եվ այս առումով մեր եկեղեցին իր սփյուռքյան թեմերով, թերևս ավելի զորեղ է, քան պետությունն իր դեսպանատներով:Ինչ վերաբերում է հայրենիքում կատարվող աշխատանքներին: Եկեղեցին իր հնարավորությունների սահմաններում լուծել է հազարավոր մարդկանց աշխատատեղերի հարցը՝ նրանց ընդգրկելով Մայր Աթոռի համարագում: Մարդիկ ոչ միայն աշխատավարձ են ստանում, նաև տարբեր օգնություններ: Ի դեպ, չմոռանանք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է: Նաև հիշեցնեմ, անկախությունից հետո Վազգեն Ա Կաթողիկոսի գահակալության շրջանում, եկեղեցին առաջինն էր, որ խոշոր գումար նվիրաբերեց պետական բյուջեին: Հայ եկեղեցին իր ժողովրդի կողքին է եղել նաև արցախյան պատերազմի տարիներին և առ այսօր: Եկեղեցու հովանու տակ գործում են բազմաթիվ հայորդաց տներ, բացի այն, որ սա հոգևոր մշակութային ծրագիր է, ու երիտասարդ սերնդի մեջ հոգևոր, բարոյական արժեքներ է սեմանում, նաև սոցիալական ծրագիր է, քանի որ հայորդաց տներ հաճախող հազարավոր երեխաներ դասերից հետո կտրվում են փողոցից: Եկեղեցուն կից գործում են ծերանոց, որբանոց, մանկատներ: Էլ չեմ խոսել թեմերի առաջնորդների կողմից ժողովրդին ցուցաբերվող անհատական աջակցությունների մասին: Հիշեցնեմ նաև, որ վերջերս տեղի ունեցած Եպիսկոպոսաց ժողովը որոշեց ստեղծել հիմնադրամ, որի նպատակն է սոցիալական լարվածության թուլացումը:Երկրում, իրոք, կան մտահոգիչ խնդիրներ, բայց չեմ կարող չասել, որ սրա հետ միասին նաև լուրջ խնդիր է մեր հասարակության մեջ արմատացած հոռետեսությունը, հավատի կորուստը: Պետք չէ աջ ու ձախ քարեր շպրտել, քննադատել, դրա փոխարեն, եթե յուրաքանչյուրն իր օգտակար գործն անի՝ կկարողանանք շենացնել մեր երկիրը: Միայն բացասական երևույթներից խոսելով առաջընթաց չենք կարող ունենալ: Եկեղեցին վստահ է, որ սրտացավ աշխատանքի, կամեցողության արդյունքում կկարողանանք իրավիճակ փոխել:-Մեր ժողովուրդն ակնկալում է լսել իր հոգևորականի դիրքորոշումը նաև աշխարհաքաղաքական իրողությունների մասին.խոսքս այն ինտեգրացիոն ուղղությունների ընտրության մասին է, որի առաջ կանգնած է Հայաստանը: Չե?ք կարծում, եթե ցանկացած դեպքում կարևորենք մեր հոգևոր անվտանգության բաղադրիչը, ապա երբեք մեր ընթացքը դատապարտված չի լինի ձախողման:-Մեր պետականաշինության դժվարին գործընթացը նաև արտաքին գործոններով է պայմանավորված, և այստեղ մենք պարտավոր ենք լինել շատ զգոն ու զգուշավոր: Առավել ևս, երբ շրջապատված ենք թշնամաբար տրամադրված պետություններով՝ հակառակ մեր ժողովրդի խաղաղասեր ոգուն ու հանդուրժողականությանը: Մենք դե ֆակտո սառեցված պատերազմի վիճակում ենք ու շրջափակման մեջ: Նախընտրել, ռուսակա?ն, թե եվրոպական ինտեգրացիոն ուղղությունը. ճիշտ կողմնորոշման համար մեզ հարկավոր է առաջնորդվել սեփական շահերով: Այո ճիշտ նկատեցիք, եթե առաջնահերթությունը տանք մեր հոգևոր անվտանգության բաղադրիչին, ապա կապահովենք մեր անվտանգ ընթացքը: Խոսենք իմասնավորի. Մաքսային միության անդամակցման վերաբերյալ դիրքորոշումս պայմանավորված է հետևյալով. հայ ժողովուրդը Ռուսաստանի հետ ունի 200 տարվա հոգևոր, տնտեսական, քաղաքական առնչություններ, այսօր Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայ համայնքը: Ռուսական եկեղեցին մեր քույր եկեղեցին է, ռուսները բարեկամ ժողովուրդ են և մենք համընդհանուր շահեր ունենք, իսկ այս գործոնները պետք է հաշվի առնենք: Սրանով հանդերձ որպես անկախ պետություն մենք նաև չպետք է անտեսենք եվրոպական համագործակցությունը: Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք. թե՛ մեկի, թե՛ մյուսի դեպքում մեզ համար հստակ տեսանելի պետք է լինեն համագործակցության սահմանները, կրկնում եմ, ցանկացած քայլ պետք է բխի մեր շահերից :Առաջիկայում Մայր Աթոռում կազմակերպելու ենք կոնֆերանս՝ եկեղեցի, պետություն փոխհարաբերությունների, մարտահրավերների մասին թեմայով: Եվ ես փորձագետներ եմ հրավիրել Ռուսաստանից ու Եվրոպայից: Մեր նպատակն է ցույց տալ, որ եկեղեցի-պետություն հարաբերությունները տարբեր երկրներում տարբեր են, քանի որ կան ազգային առանձնահատկություններ, որոնք պետք է հարգվեն, ուրեմն, չի կարելի մեզ այլ արժեքներ պարտադրել:Անշուտ, գիտակցում ենք, որ ունենք ստանձնած պարտավարություններ, բայց դրանք չեն կարող լինել ի հաշիվ մեր ազգայինի, մեր ինքնության: Սա Հայոց եկեղեցու համար կարևոր սկզբունք է: Նա ով ծանոթանում է մեր եկեղեցուն, հայոց պատմությանը, համոզվում է, որ հայ ժողովուրդն ամուր կառչած լինելով իր արժեքներին,նաև շատ հանդուրժող է: Տեսեք, մեր եկեղեցին այսօր երկխոսության մեջ է ազգային բոլոր եկեղեցիների հետ, և համագործակցում ենք հանուն քրիստոնեական սիրո ու հանդուրժողականության: Բայց համագործակցելով հանդերձ մենք չենք կարող թիզ անգամ զիջել մեր ազգային նկարագրից, մեր ծեսերից, դավանանքից, վարդապետությունից, որ գալիս է դարերից ու սուրբ է մեզ համար: Այս սկզբունքով պետք է առաջնորդվեն և մեր աշխարհիկ ղեկավարները՝ տարբեր պայմանագրեր կնքելիս: Բանաձևը սա է՝ լինել ժողովրդավար, բայց հավատարիմ մնալ մեր ազգային սուրբ արժեքներին, գնալ երկխոսության, բայց պինդ պաշտպանել մեր ազգային արժեքները: Հայոց եկեղեցին կարծում է, որ հնարավոր է գտնել այդ երկուսի հաշտեցման ուղին, ու այսօր ստանձնել է այդ դերակատարումը: Այդ նպատակին է ծառայելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Մայր Աթոռում ստեղծված եկեղեցական հայեցակարգային գրասենյակը: Միայն մեր արժեքների վերաիմաստավորման արդյունքում մենք կկարողանանք դիմակայել ժամանակի մարտահարվերներին: Գիտեք, ես չեմ մեղադրում մեր այն հայորդիներին, ովքեր այս տարիներին տարվել են այլ արժեքներով, գուցե խռոված են, որպես հայ հոգևորական ես սիրում եմ նրանց, որովհետև նրանք իմ ժողովրդի մի մասն են, մեր եկեղեցու զավակները: Ուրեմն, նաև նրանց պետք է հրավիրել երկխոսության:-Քրիստոնեական կարգախոսերից ու արժեքներից հեռացած Արևմուտքն այսօր տուրք է տալիս հակաքրիստոնեական գաղափարախոսությանը, իսկ այդտեղ արտոնյալները աղանդավորներն են, միասեռականերն ու տարատեսակ այլասեռված տարրեր: Մտահոգ չէ? մեր եկեղեցին, որ սրանք նաև մեր երկիր են ներթափանցել:-Ցավոտ, դառը իրականություն է սա, իրոք, քրիստոնեական հարուստ արմատներ, ժառանգություն ունեցող Եվրոպան վտանգի շեմին է կանգնած, և դա մեծ ցավ է շատ եվրոպացիների համար: Անշուշտ, այս ամենով խիստ մտահոգ է մեր եկեղեցին, ես ցավում եմ նաև, որ Եվրոպան մեզ ներկայացվում է ոչ թե իր իրական արժեքներով, այլ ձեր նշած երևույթներով: Բայց մտահոգ լինելով հանդերձ, վստահ եմ, որ դրանք խորթ են հայ ժողովրդի մենթալիտետին, նույնիսկ հայ աղանդավորը իր հոգու խորքում այդպիսին չէ ու հեշտությամբ դարձի է գալիս: Ի վերոջ, այս գործընթացը չի կարող երկար շարունակվել, համասեռամոլությունը Հայաստանում պարարտ հող չի կարող ունենալ: Գիտեք, շատ կարևոր է, որ ինքներս էլ այս հարցերում չոր կեցվածք ընդունենք, լինենք արմատական ու համագործակցությունների պահին հստակ ասենք՝ այդ երևույթները մեզ համար մերժելի են:-Հայաստանում կան 5000 հկ-ներ, որոնցից 3700 զբաղված են գենդերի քարոզով: Սրանք տարբեր շրջաններում կազմակերպում են ներկայացումներ ու քարոզում սեռափոխություն: Ի դեպ այդ նույն հկ-ները մեզ նաև ասում են՝ իրավունք չունես առանձնահատուկ պաշտել քո Առաքելական եկեղեցին, ու պարտադրում՝ հավասարություն դնել դրսից ներմուծված աղանդի և մեր հոգևոր հարստության միջև:-Սկսեմ վերջից. նման տեսակետն ինքնին մարդու իրավունքի ու խղճի ազատության մեծագույն ոտնահարում է: Հայ ժողովուրդը Հայոց Առաքելական եկեղեցու զավակն է, ինչպես նաև եհովայի վկան, որը վաղ, թե ուշ վերադառնալու է: Այնպես որ, նման կարծիքներ պարտադրողները զուր տեղը ժամանակ ու ռեսուրս են վատնում: Նրանք այդպես դրամ են վաստակում, բայց պետք է հիշեն՝ ձախողելու են: Ինչ վերաբերում է առաջին օրինակին, վստահ եմ, երբ հայ աղջիկն իրեն տրված դերը կատարելուց հետո վերադառնում է տուն, իր ընտանիքում նա նույն մեղմ, քնքուշ հայուհին է: Որքան էլ դուրսը բազմաբնույթ ծրագրեր իրականացնի, միևնույն է, նման մտածողությունը հարի չէ մեր ժողովրդի մենթալիտետին: Ի դեպ, Եկեղեցին մշտապես մեծարել է հայ կնոջը, հիշենք մեր եկեղեցասեր պատմիչների գործերը, որոնցում մեծագույն սիրով գովաբանվել են հայ իշխանուհիները, թագուհիները, այսօր ևս մեր եկեղեցին կարևորում է կանանց դերը, քննադատաբար վերաբերվում կանանց իրավունքների ոտնահարման դեպքերին: Բայց մերժելի է, երբ կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ այլասեռում է քարոզվում:Ի դեպ, մի տեղեկատվություն էլ ես ձեզ փոխանցեմ, Հոլանդիայից Հայաստան է եկել մի կազմակերպություն, որը աջակցում է տեղական այն կառույցներին, որոնք պայքարում են նման այլասեռված երույթների դեմ: Սա փաստում է այն մասին, որ Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնց հետ մենք պետք է ակտիվորեն համագործակցենք:Այս պահին հիշեցի հայտնի <Գլադիատորներ> ֆիլմի հերոսի խոսքերը, ասում է՝<Անկախ նրանից, թե ինչ թշնամի դուրս կգա մեր դեմ, մենք կկարողանանք դիմակայել, եթե լինեք համախմբված, լինենք բռունցքված>: Համախմբվածության դասեր է տալիս մեզ նաև մեր պատմությունը. 1920 թվականին կորցրինք մեր առաջին հանրապետությունը, որովհետև պառակտված էինք, բոլշևիկյան ագիտացիան հասցրել էր կազմալուծել մեր շարքերը: Այսօր մենք իրավունք չունենք միասնական չլինելու:-Միավորվելու փոխարենը ձևավորվել է պառակտություն քարոզողների մի <ցանց>, որոնք զբաղված են ազգ, եկեղեցի, մշակույթ վարկաբեկելով: Մինչդեռ անտեսված են գիտելիք ու կենսափորձ ունեցող մտավորականները, որոնք պատրաստ են լծվել ազգանվեր գործի: Եկեղեցին կարո?ղ է ստանձնել այդ դաշտը համախմբող մագնիսի դեր:-Իհարկե, Եկեղեցու դռները բաց են բոլոր նրանց առաջ, ովքեր ցանկանում են համագործակցել ու իրենց փորձով, գիտելիքներով միանալ համընդհանուր ազգանպաստ գործին: Գուցե այս գործընթացը մի փոքր դժվար է ընթանում, բայց կարևորն այն է, որ սկսվել է, կան խնդիրներով մտահոգ մարդիկ, որոնք մեզ նաև կոնկրետ ծրագրեր են առաջարկում: Եկեղեցին սպասում է նաև իր այն զավակներին, ովքեր քննադատաբար են վերաբերվում մեզ, ովքեր տարբեր պատճառներով նեղացած, հեռացած են: Ի դեպ ասեմ, որ առաջիկայում, հոկտեմբերի 20-ին կազմակերպում ենք հույսի, սիրո ու հավատարմության ուխտերթը՝ Երևանից մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որը համախմբման խորհուրդ ունի:Լավ, թե վատ՝ սա՛ է մեր երկիրը, ցեխ շպրտելու, եկեղեցի, պետություն քննադատելու փոխարեն համախմբենք մեր ներուժն ու զորացնենք մեր հայրենիքը: Իսկ եթե քննադատություն, ապա ոչ թե մաղձով ու չարությամբ լեցուն, այլ միայն օգնող ու առողջացնող: Համոզվա՛ծ եղեք, եթե մենք լինենք միասնական, ոչ մի ուժ մեզ չի կարող հաղթել:

Աղբյուր՝ armar.am կայք:

Զրուցեց՝ Արմինե Սիմոնյանը

  • 2013-10-14
×