Տեր հայրերը ամուսնացրեցին 76 –ամյա հարսնացուին և 80-ամյա փեսացուին Երեկ՝ հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրն էր:
Խորհրդանշական այդ օրը տոնի վերածվեց Նորքի տուն-ինտերնատում: «Սերը տարիք չի հարցնում» հայտնի կարգախոսը որոշեցին կյանքի կոչել և ամրագրել 76-ամյա Էմմա Աբրահամյանը և 80-ամյա Կառլեն Հարությունյանը: Նորապսակներին օրհնելու համար պսակադրությանը հրավիրվել էին ԱՀԹ-ի եկեղեցասիրաց երիտասարդաց միությունների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Երևանի Սբ. Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը և Նորքի Սբ. Սարգիս եկեղեցու խորհրդակատար արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը: Երաժշտական կատարումներով տոնը գեղեցկացրեց ԱՀԹ-ի «Ծաղկազարդ» համախումբը: Նորապսակներին, ինչպես նաև բոլոր տարեցներին իր օրհնությունն էր ուղարկել Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանը՝ նորակազմ ընտանիքին որպես առաջին նվեր ուղարկելով նորապսակների ոսկեկող Աստվածաշունչ: Կարևորը հոգու երիտասարդությունն է…
Շնորհավոր ձեր տոնը սիրելի նորապսակներ և տարեցներ…