«Պատվիր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ» (Ելք 20:12): Երկու տասնամյակ է, ինչ հոկտեմբերի 1-ը ողջ աշխարհում տոնվում է որպես Տարեցների միջազգային օր, և բազում կազմակերպություններ ու հիմնադրամներ այս օրն իրականացնում են բազմաթիվ միջոցառումներ և բարեգործական ձեռնարկներ: Այս ամենն, անշուշտ, գովելի է, քանզի իր մեջ ունի երկնառաք պատվիրանը, թե` «Պատվիր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ» (Ելք 20:12): Հայ իրականության մեջ ավանդաբար մեծարվել են մեր տարեցները, ապրել առանձնակի հարգանքի, ուշադրության և սիրո մթնոլորտում, իսկ զավակներն էլ, պատվելով ծնողներին, արժանացել են Տիրոջ օրհնությանը: Ավաղ, երբեմն մենք ականատեսն ենք տխուր և ցավալի իրողությունների, երբ շատ տարեցներ ապրում են անտեսված և միայնակ թե մերձավորների և թե հանրության կողմից: Եկեք միասնաբար, սիրով առլեցուն մեր հոգու ողջ սերն ու գորովը տարածենք ամենուր, անշահ հոգածությամբ պատվենք մեր պապ ու տատերին, մեր մեծերին, որպեսզի արժանանանք նրանց բարի ժպիտներին, օրհնանքներին ու ջերմությանը, քանզի «այն երիտասարդները, որոնք պատվում են արգո ծերունիներին, որոնց իմաստուն է դարձրել բազում բաների փորձառությունը, իրենց ծերության շրջանում պատիվ ու հարգանք կգտնեն իբրև փորձառու և խոհեմ անձինք. որովհետև ինչ սերմանում է մեկը, նույնն էլ հնձում է» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի):Սիրելիներ, մեր բյուր բարեմաղթանքները և օրհնություններն ենք հղում այս բարեբաստիկ օրվա առիթով` ցանկանալով ձեզ արևշատ օրեր, աստվածաշնորհ խաղաղություն և անսահման սեր:
Ջերմագին սիրով և օրհնությամբ` ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ