«Կոմիտասյան օրեր» ուխտագնացություն

«Կոմիտասյան օրեր» ուխտագնացություն

Սեպտեմբերի 28-29-ը տոնական ու խոկման օրեր էին ոչ միայն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի որոշ ուսուցիչների և աշակերտների, այլև վայոցձորցիների ու Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի սաների  համար: «Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակներում Սեբաստացի մեղվանոցի նվիրյալների մի  փոքրիկ խումբ՝ ոգեշնչված և լցված հայրենասիրական ու եկեղեցանվեր առաքելությամբ, ճամփա ընկան` նորոգելու իրենց ուխտը Աստծո և հայրենիքի քարեղեն ու ոգեղեն խորհուրդների հետ: Ուխտավորներն Առավոտյան Սուրբ Երրորդություն եկեղեցում աղոթելուց և օրհնություն ստանալուց հետո սկսեցին իրենց ուխտի ճամփան մեր դրախտային հայրենիքի  խորախորհուրդ, առինքնող, գործող և խոնարհված սրբավայրերը, աղոթատեղիներն ու գյուղերը՝ նպատակ ու փափագ ունենալով տարածելու Կոմիտասի մաքրամաքուր ու քաղցրահնչյուն, աղոթաբույր` հոգևոր ու աշխարհիկ տաղերը՝ «Օ՜ մեծասքանչ դու լեզու», «Հայրապետական մաղթանք», «Անձինք նվիրեալք», «Սուրբ ես Տէր», «Քրիստոս ի մեջ», «Տէր ողորմեա», «Ալագյազ», «Խնկի ծառ», «Հոյ նազան», «Սոնա յար», «Երևան բաղ եմ արել», «Ես իմ անուշ Հայաստանի» և այլն: Ուխտավորները եղան Արենիում, Նորավանքում, Եղեգնաձորում, Թանահատում, Եղեգիսում, Սելիմի քարավանատանը, իրենց երգեցիկ ու նուրբ, աստվածային ձայնով կենդանության շունչ հաղորդեցին մեր քարեղեն կոթողներին ու  եկեղեցիներին,  առ Աստված, խնկանուշ աղոթքներով հնչեցրեցին իրենց մաքուր ու հոգեբուխ երգեցողությունը. տպավորված էին թե՛ ներկա հյուրերը և թ՛ե հոգևորականները: Ուխտավորները, ներշնչված ու հոգեշնչված հին հռոմեական բանաստեղծ Յուվենալիուսի հայտնի արտահայտությամբ, որը թևավոր խոսք է դարձել, (առողջ հոգի՝ առողջ մարմնում), իրենց նշանաբան ընտրած՝ ընդգծեցին և ևս մեկ անգամ հաստատեցին իրենց ֆիզիկական և մտավոր, հոգևոր կարողությունների ներդաշնակությունը. ամբողջ ուխտի ընթացքում առանց տրտունջի, անդադրում քալյելով դեպի սրբավայրերը: Ուխտներդ ի կատար, սիրելի՛ սեբաստացիներ:

  • 2013-10-01
×