Սիրո, հավատքի ու հավատարմության ուխտերթ

Սիրո, հավատքի ու հավատարմության ուխտերթ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, տեղի ունեցավ սիրո, հավատքի ու հավատարմության ուխտերթ` դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Արարատյան Հայրապետական թեմի ուխտավորների մի մասը ուխտագնացությունը սկսեց քաղաքամայր Երևանում` գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ: Ուխտավորները հավաքվել էին Ազատության հրապարակում և Հյուսիսային պողոտայով քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ, որտեղից մեկնեցին Վաղարշապատ: Ս. Գրիգոր Լուսավորչի աջի մոտ ուխտավորներին միացան Արարատյան Հայրապետական թեմի Արարատ, Արտաշատ քաղաքների ու գյուղերի ուխտավորները: Այստեղ հավաքվեցին նաև Հայաստանի, Արցախի ու Ջավախքի բոլոր թեմերի, տարբեր հասարակական կազմակերպությունների, բուհական ուսանողական խուրհուրդների ուխտավորները: Ս. Գրիգոր Լուսավորչի աջի քանդակից ուխտավորներն աղոթքով ու թմբկահարների ուղեկցությամբ քայլեցին դեպի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Ընթացքում Ս. Հռիփսիմե և Ս. Շողակաթ եկեղեցիների մոտ կանգառներ կատարեցին, միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Ուխտավորներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի Ս. Տրդատ բաց խորանի մոտ դիմավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետը: Նա Հայրապետական օրհնությունը տվեց բոլոր այն հայորդիներին, ովքեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ իրենց ուխտը հաստատելու էին եկել: Միասին «Հայր մերն» ասելուց հետո ուխտավորները` Հայրապետի գլխավորությամբ, ծնկաչոք «Տեր ողորմյան» երգեցին: Ընդհանուր թվով ուխտերթին մասնակցում էին մոտ 7000 ուխտավորներ, որոնցից շուրջ 3500 Արարատյան Հայրապետական թեմից էին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2013-10-20
×