Ինձ զանգահարեցին և ասացին, որ «Կազա» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը հոկտեմբերի 11-ին «Էս Պաս» երիտասարդական ակումբում կազմակերպում է հանդիպում շվեյցարացի անվանի բանաստեղծ, գրականագետ և թարգմանիչ Վահե Գոդելի հետ: Ինձ հրավիրեցին, և ես շատ ուրախացա, որովհետև Գոդելին վերջին անգամ տեսել էի 2006 թվականին: Այն ժամանակ էլ նա Երևան էր ժամանել Ս. Թարգմանչաց տոնի օրերին, և հայ ու արտասահմանցի շատ թարգմանիչների հետ մասնակցեց երթին, որ ամեն տարի կազմակերպում է գրողների միությունը միության շենքից մինչև Օշական՝ Ս.Մեսրոպ և Սահակ եկեղեցին: Վահե Գոդելը հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից է, հայ գրականության ջատագով և ներկայացնող Շվեյցարիայում, Ֆրանսիայում և ֆրանսալեզու այլ երկրներում: Անգնահատելի է Գոդելի ծառայությունը հայ պոեզիան ֆրանսալեզու ժողովուրդների մեջ տարածելու ասպարեզում: Գոդելը տասնյակ տարիներ թարգմանել է և ֆրանսախոս հասարակությանը ներկայացրել հայ բազմաթիվ հեղինակների: Թարգմանությունների մեջ գերակշռող են Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Նահապետ Քուչակի, Դանիել Վարուժանի ստեղծագործությունները: Մի քանի անգամ Գոդելը ֆրանսերեն հրատարակել է հայ պոեզիայի ծաղկաքաղ 5-րդ դարից մինչև մեր օրերը: Վահե Գոդելը պարբերաբար թարգմանում է և արտասահմանին ներկայացնում նաև իմ բանաստեղծությունները:«Էս Պաս» ակումբում մարդաշատ էր. եկել էին գրականագետ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, դերասանուհի Անահիտ Թոփչյանը և ուրիշներ: Ժամանեց Վահե Գոդելը՝ փոքրահասակ մի մարդ՝ լայն ճակատով, հայի խորաթափանց, տխուր աչքերով և շվեյցարացու խաղաղությամբ: Եվ իսկապես՝ երկու ժողովուրդների ներկայությունը կա նրա կերպարում, նրա խառնվածքի մեջ, որովհետև նրա հայրը շվեյցարացի լեզվաբան Ռոբեր Գոդելն է, իսկ մայրը` հայուհի Մելինե Փափազյանը: Վահե Գոդելը ծնվել է 1931 թվականին Ժնևում: Հանդիպման սկզբում Գոդելը խոսեց իր մասին և ասաց. – Ես ապրել եմ երկու մշակույթներում միաժամանակ: Ես երկու ժողովուրդների զավակ եմ: Իմ ծնողները շատ էին օգնում ցեղասպանությունից փրկված հայ երեխաներին, և ես շատ մեծ ու փոքր հայ քույրեր և եղբայրներ ունեի: Հայրս բացառիկ մարդ էր և նվիրված էր հայկական հարցին: Երիտասարդ տարիներին մեկնել էր Կոստանդնուպոլիս, որտեղ ապրեց յոթ տարի, ծանոթացավ մորս հետ, սիրահարվեց նրան և կապվեց հայ աշխարհի հետ: Հայրս լավ տիրապետում էր ոչ միայն հայերենին, այլև ուրիշ արևելյան լեզուների: Երբ դեռ երեխա էի, նա ինձ խաղերի միջոցով սովորեցնում էր հայերենը: Նա շատ հարուստ գրադարան ուներ: Մի անգամ նրա ձեռքը ընկավ Դանիել Վարուժանի «Հացին երգը», և նա ինձ սովորեցրեց: Հետագայում ես փորձեցի թարգմանել այն: Հայրս ինձ օգնում էր: Այնուհետև ես սկսեցի թարգմանել Վարուժանի «Հեթանոս երգերը»: Այդպես էլ սկսվեց իմ թարգմանական գործունեությունը:Ներկաները խոսեցին Վահե Գոդելի՝ որպես հայ պոեզիայի թարգմանչի, հսկայական վաստակի մասին: Արտեմ Հարությունյանը, ես և ուրիշներ մեր երախտիքը հայտնեցինք Վահե Գոդելին մեր և ուրիշների բանաստեղծությունները թարգմանելու և արդեն շուրջ 25 տարի արտասահմանին ներկայացնելու համար, ընթերցվեցին հեղինակի բանաստեղծությունները (Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ): Արտեմ Հարությունյանը մի դիպուկ խոսքով բնութագրեց Վահե Գոդելին՝ որպես բանաստեղծի. – Ըստ Բոդլերի՝ պոետը դառնում է Աստծո և ընթերցողի միջև միջնորդ: Վահե Գոդելը այդ պոետական ուղղության ներկայացուցիչն է: Հարց ու պատասխանի ժամանակ ինձ հետաքրքրեց հատկապես երկու հարց, որ ես ուղղեցի իրեն. – Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանը Խորհրդային տարիներից հետո: 2006 թվականին եմ ես Ձեզ տեսել: Ի՞նչ փոփոխություններ կային մինչև 2006 թվականը և դրանից հետո:Վահե Գոդել. – Հայաստանում տեխնիկական հեղաշրջում է տեղի ունեցել: Մարդկանց ձեռքին բջջային հեռախոսներ կան: Բայց հիմա հայ հասարակությունը որոշակի միօրինակություն է ապրում: Գուցե ես սխալվում եմ, բայց հիմա Հայաստանը նմանվում է աշխարհի մյուս հատվածներին, իսկ դա վատ է: Հայաստանը գլոբալիզացիայի զոհ է այսօր: Ես առաջին հերթին խոսում եմ Երևանի մասին, երկրի մնացած մասերի մասին չեմ կարող ավելի ստույգ խոսել, բայց կարծում եմ, որ Երևանով արդեն կարող եմ ընդհանուր պատկերացում ունենալ Հայաստանի մասին: Երբ ժամանակին լինում էի խորհրդային Հայաստանում, և հետո սփյուռքահայերից մեկը վատ էր արտահայտվում Հայաստանի մշակութային մակարդակի մասին, ես ասում էի նրան, որ այնտեղի հայերն ավելի բարձր մշակույթ ունեն: Դա ակնհայտ էր: Այս տարիներին ինչ-որ բան կորավ խորհրդային տարիների այդ ժառանգությունից: Հիշում եմ՝ խորհրդային տարիներին հավաքվել էինք մի բանաստեղծի տանը, որի ստեղծագործությունները չէին տպագրում, որովհետև դրանք դուրս էին այդ ժամանակվա թույլատրելի գաղափարախոսությունից: Այդուհանդերձ, այդ հավաքույթում տիրում էր կատարյալ բանաստեղծական մթնոլորտ: Եվ այսօրվա լուրջ խնդիրը նաև արտագաղթն է: Ես տվեցի երկրորդ հարցը. – Պարոն Գոդել, բանաստեղծը, ընդհանրապես ստեղծագործողը պե՞տք է հավատա Աստծուն, թե՞ դա նրա համար կարևոր չէ:Վահե Գոդել. – Պետք է հավատա: Պետք է հավատա իր ձայնին:Անահիտ Թոփչյան. – Այդ ձայնn Աստծո ձայնը չէ՞: Վահե Գոդել. – Իհարկե, Աստծո ձայնն է:Աստծո ձայնը կա բոլորիս մեջ: Նրան չնկատելով և չլսելով ենք մենք մեղքեր գործում, սպանում Քրիստոսին մեր և ուրիշների մեջ: Մենք ամեն օր սպանում ենք մեր մեջ բնակվող Քրիստոսին, այն Քրիստոսին, Ում ստացել ենք Ինքն Իրեն զոհաբերելու շնորհիվ: Քրիստոսն ամեն օր խաչվում է մեր արարքների պատճառով: Այդ տեղի է ունենում ամենուրեք, աշխարհի բոլոր անկյուններում… Եթե ամենքս կարողանայինք լսել Աստծո ձայնը, բռնել մեր ձեռքը մինչև արարքը, սանձել մեր ցանկությունները…Վահե Գոդելը մի շաբաթով էր ժամանել: Մասնակցեց գրողների միությունից ամեն տարի սկսվող երթին: Բացի այդ ուրիշ ծրագրեր, հանդիպումներ ուներ, որոնք կազմակերպել էր նրա վաղեմի ընկերը՝ Ալեքսանդր Թոփչյանը: Թող Ս. Մեսրոպ և Ս. Սահակ եկեղեցին օրհնի նրա ծրագրերը, առաջնորդի, որպեսզի թարգմանական արվեստն ավելի ու ավելի մոտեցնի երկու ժողովուրդներին, սնի նրանց հոգիները, իշխանություն տա այս նյութականացված աշխարհի հանդեպ: Ովքե՞ր, եթե ոչ մենք, որ գիտենք գրի, գրականության ուժն ու զորությունը մարդու, ազգի դեմքը, կերպարը, ինքնությունը ոչնչացնել ցանկացող աշխարհի հեղեղատներում:
Տեր Թովմա քահանա Անդրեասյան