Օծվեց Ս. Գևորգ եկեղեցու Մկրտության ավազանը Նոյեմբերի 2-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեց Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու Մկրտության ավազանը: Եկեղեցու նախկին ավազանը պատրաստված էր տուֆից, որը ջրակայուն չէր: Բարերար Սերգեյ Ղազարյանի աջակցությամբ Մկրտության ավազանը փոխվեց և այժմ կարմիր մարմարից է պատրաստված: Այս փոփոխությունն էր պատճառը, որ եկեղեցու Ավազանը օծման կարիք ուներ: Ս. Գևորգ եկեղեցու համայնքը` հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ, Սրբազան Հորը դիմավորեց աղուհացով: Այստեղ էին նաև Մարմարաշենի գյուղապետ Էդիկ Հակոբյանը, Ս. Գևորգ եկեղեցու խաչի քավոր Գևորգ Օհանյանը, գյուղի դպրոցների տնօրենները: Մկրտության Ավազնի օծման արարողության ավարտին Սրբազան Հայրը դիմեց ժողովրդին` ասելով. «Այսօր մենք մի շատ կարևոր առաքելություն ենք կատարում: Ինչպես մեր մայրն է մեզ համար սրբություն, որ կյանք է տվել մեզ, այնպես էլ մեր Մայր եկեղեցին է սուրբ, որ իր Ավազանից մեզ հոգևոր ծնուդ է տալիս: Մկրտության Ավազանը այն հոգևոր արգանդն է, որտեղից մենք նորովի ծնվում ենք որպես քրիստոնյաներ: Եվ Մկրտության Ավազանը մենք այսօր սրբալույս Մյուռոնով օծեցինք, որ Սուրբ Հոգու շնորհներով նոր անդամները լրացնեն քրիստոնեական ընտանիքը: Ս. Գևորգ եկեղեցին բոլորիդ համար հոգևոր սնունդի աղբյուր է, Աստծո հետ հանդիպման վայր: Եվ այսուհետ այս օծյալ Ավազանով այն նաև հոգևոր ծնունդներ պիտի տա: Եվ դուք որոշեք, թե ով է այն անդրանիկը, որ առաջինը պիտի մկրտվի այս սուրբ Ավազանում»,- հավատացյալներին դիմելով ասաց Սրբազան Հայրը:Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ Մյուռոնով օծվեց նաև եկեղեցու խաչվառը, որի վրա Ս. Հարության տեսարանն է պատկերված: Խաչվառը Հայ Եկեղեցում Հաղթանակած Աստծո դրոշն է համարվում: Այն հիմնականում օգտագործվում է Ս. Պատարագի ժամանակ, երբ Քրիստոսին խորհրդանշող պատարագիչ քահանան, իջնելով խորանից, անցնում է ժողովրդի միջով: Խաչվառը, որպես հաղթության նշան առաջնորդում է թափորը: Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Սրբազան Հորը օծման արարողությունը հանդիսապետելու համար` երկար տարիների առողջ ու բեղուն կյանք մաղթելով նրան: Մարմարաշենցիների համար այս կարևոր իրադարձությունը տոնի վերածեց Ս. Գևորգ եկեղեցուն կից գործող «Մուշ» պարային խումբը: Համախմբի պարմանուհիները եկեղեցու բակում իրենց ուրախ ու գեղեցիկ կատարումներով բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան