Ուխտագնացություն դեպի Արցախ

Ուխտագնացություն դեպի Արցախ

Հոկտեմբերի 13-ին, ուշ երեկոյան, Արգավանդի համայնքի ուխտավորների մի խումբ`Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ, ուղևորվեցին դեպի Արցախ աշխարհ`այցելելու այդ չքնաղ երկրին բնորոշ նշանավոր ուխտավայրերը: 4 օր ձգված ուխտագնացությունը օգնեց մեզ լիովին կտրվել աշխարհիկ ամեն տեսակ հոգսերից և նվիրվել հոգևորին` ջանալով նորոգել մեր ուխտը Ամենակալ Աստծո հետ: Հոկտեմբերի 14-ի վաղ առավոտյան Ամարասի վանքում էինք` եկեղեցում, ուր ավանդաբար արդեն մի քանի տարի է ինչ այցելում ենք սուրբ Գրիգորիոս հայրապետի գյուտ նշխարաց տոնին: Բոլորս շտապում ենք իջնել սուրբ Գրիգորիոսի դամբարանը, որը գտնվում է խորանի տակ: Ակնածանքով խոնարհվում և համբուրում էինք սրբի տապանը` խնդրելով նրա բարեխոսությունը: Սկսվում է սաղմոսերգությունը, որի ելևէջները, տարածվելով շուրջբոլորը, ջերմացնում են ներկաների սրտերը: Այս անգամ պատարագիչը Տաթևի վանահայր հոգեշնորհ տեր Միքայել վարդապետ Գևորգյանն էր: Նա ևս ուխտավորների խմբով էր: Ուխտավորներ կային նաև Ստեփանակերտից: Սուրբ Պատարագին հանդիսապետում էր Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Նա քարոզ խոսեց օրվա խորհրդին պատշաճ և օրհնություն բաշխեց ուխտավորներին: Հաջորդ ուխտավայրը Ծիծեռնավանքն է: Այն գտնվում է Աղավնո գետի աջ ափին, մի փոքրիկ բլրի տափարակ գագաթին: 5-6-րդ դարերի կառույցը հիմնված է Գրիգոր Լուսավորչի կողմից: Ըստ ավանդության այստեղ ամփոփված է Պետրոս առաքյալի ճկույթը` ծիծեռը, դրա համար էլ վանքը կոչվում է Ծիծեռնավաք: Մենք տեղ հասանք գիշերով և մասնակցեցինք ժամերգությունների, իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 15-ին Սուրբ Պատարագի: Նույն օրը երեկոյան մենք ուղևորվեցինք Գանձասար: Երեկոն և հաջորդ ամբողջ օրը վայելեցինք Գանձասարը, ժամերգություններ, Սուրբ Պատարագ: Հոկտեմբերի 17-ի վաղ առավոտյան շարժվեցինք դեպի Դադիվանք`է Վերին Խաչեն գավառում, Թարթառ գետի ձախ ափին: Դադը Թադեոս առաքյալի աշակերտներից է, ով քարոզել և նահատակվել էր Արցախում և նրա մասունքների վրա է հիմնվել վանքը: Այստեղ Տեր Հայրը կատարեց Արևագալի ժամերգություն: Վանքը բաղկացած է 4 եկեղեցիներից: Ժամերգություն, Սուրբ Պատարագ: Տունդարձին եղանք նաև Սբ. Մարիամ Աստվածածին խոնարհված կուսանանց վանքում (12-13դդ) և մեր աղոթքը վեր առաքեցինք առ Աստված: Մենք վերադառնում ենք Արցախից անջնջելի տպավորություններով, բայց և վերադառնալու ակնկալիքով…

Մկրտչյան Քրիստինե

  • 2013-10-25
×