Ոսկետափում Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ օծվեցին եկեղեցու հիմքերը Հոկտեմբերի 23-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ թեմի Ոսկետափ գյուղի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Տ. Նավասարդ Սրբազանը մյուռոնով օծեց եկեղեցու 16 սյուների հիմքերի քարերը, որոնք նախօրոք ջրով ու գինով լվացվել էին:Սրբազան Հայրը, դիմելով եկեղեցու շինարարության բարերարներին, հույս հայտնեց, որ կառուցման աշխատանքները չեն ուշանա, և ոսկետափցիները շուտով իրենց գյուղի եկեղեցին կունենան: Հիմնարկեքի առիթով շնորհավորելով ոսկետափցիներին` Տ. Նավասարդ Սրբազանը մասնավորապես ասաց.«Հայրապետական օրհնություններն ու շնորհավորանքներն ենք բերում ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` այս հիշարժան օրվա առիթով, քանզի այս բարեբեր հողի վրա արձանագրվում է մի անմոռանալի օր, որ տևապես պիտի հիշատակվի մեզանից հետո եկող սերունդների կողմից: Այսօր, հիրավի, մեծ տոն է ոսկետափցիներիդ համար, քանի որ դրվում է ձեր կենդանի հավատքի տան հիմքը: Այս օրն Աստծո այցելության օրն է… Աստվածային նախախնամությամբ Քրիստոս Իր դրոշմն է դնում ձեր հայրենի Ոսկետափ գյուղում, որն անխախտ և հզոր վահան է չարի որոգայթների և ժամանակակից տարաբնույթ մարտահրավերների դեմ: Այսօր մեր եկեղեցասեր զավակների շնորհիվ նվիրաբերած հողի վրա կառուցվում է այն վայրը, ուր հանդիպելու են Աստված ու Նրա փոքու հոտը, ուր անդադար խնկաբույր աղոթքներ պիտի հնչեն, ուր Աստված պիտի իջնի մեր հոգիների մեջ, թագավորի մեզանում` վերածելով մեզ Սուրբ Հոգու տաճարների: Հայ եկեղեցին միշտ եղել է և կլինի մեր ազգի ինքնաճանաչման, ինքնաքննման, ինքնամաքրման ու ինքնությունը պահելու հզոր գրավականը: Եկեղեցին կառույց չէ միայն, այն հոգու նորոգումի, Աստծո անմիջական ներկայության ու հավատավոր ժողովրդի` ի խորոց սրտի խնկաբույր աղոթքն է` շաղախված աստվածային սիրով ու զորությամբ: Եկեղեցին արդարոց բնակարան է և Երկնային արքայություն տանող ճանապարհ: Հետևաբար, արթո´ւն կացեք, սիրելի´ ոսկետափցիներ, մաքրե´ք ձեր հոգիները Քրիստոսի հավատքով, քանզի այդ հավատքով ապրեցին և նահատակվեցին մեր եկեղեցու սրբերը, Ավարայրի քաջամարտիկները` իրենց աչքի առջև ունենալով հետևյալ կարգախոսը. «Այս հավատքից ոչ ոք կարող է մեզ խախտել` ո´չ հրեշտակները երկնքի և ո´չ մարդիկ, ո´չ սուրը, ո´չ հուրը, ո´չ ջուրը և ո´չ էլ ամեն տեսակի հարված` որքան էլ որ դառը լինեն այդ բոլորը, չեն կարող խախտել մեր հավատքը»: Մեր մաղթանքն է, որպեսզի Ամենակարող Աստված Իր երկնառաք ու կենսաբուխ շնորհներով զարդարի ձեր հոգետունն ու Իր Աջի ներքո անխռով պահպանի ձեր հայրենին: Թող Աստված ձեզ տա ուժ և կորով` կենդանության շունչ հաղորդելու քարեղեն այս շինվածքին և այն դարձնելու լուսավորչահաստատ հավատքի սյունն այս նվիրական հողի վրա»:Ոսկետափցիներն իրենց գյուղի կյանքում այս կարևոր իրադարձությունն ավելի նշանավորելու համար տոնախմբություն էին կազմակերպել: Հայկական ուրախ երգ ու պարին միացել էր նաև գյուղի «Վասպուրական» պարային խումբը` տարեցների ու երիտասարդների մասնակցությամբ: Արարողությունից հետո Սրբազան Հայրը այցելեց նաև Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ նորակառույց եկեղեցին և ծանոթացավ եկեղեցում կատարված շինարարության ավարտական աշխատանքներին:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան