Հայորդյաց տները ծնունդ առան եկեղեցասեր ու ազգանվեր մղումներից

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հայորդյաց տները ծնունդ առան եկեղեցասեր ու ազգանվեր մղումներից

Հայորդյաց տները ծնունդ առան եկեղեցասեր ու ազգանվեր մղումներից

Հայորդյաց տները ծնունդ առան եկեղեցասեր ու ազգանվեր մղումներից  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդյաց տները նշում են իրենց հիմնադրման 20 ամյակը: Այդ առթիվ շնորհավորանքի իր խոսքն է ասում Արարատյան Հայրապետան թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:«Անհատները կրնան ուծացուիլ, նժդեհութեան, սրածութեան մատնուիլ, բայց երբ հաստատուն պահուած է սրտերու մէջ տառերուն բևեռը, լեզուին անշիջելի ճառագայթը, կը բավէ այդ ճառագայթը՝ իրարու բերելու, իրարու միացնելու անհատները՝ իբրև ժողովուրդ, ժողովուրդը՝ իբրև Ազգ, Ազգը՝ իբրև հայկականություն»:Դանիել Վարուժան Սիրելինե՛ր,Հայորդյաց տները ծնունդ առան եկեղեցասեր ու ազգանվեր մղումներից: Մեսրոպյան տառերի, բառուբանի բևեռները թրծելու, դրանցով Աստծո Խոսքի ճառագայթումները շողարձակելու, մեր հայկականության վահանն անխոցելի դարձնելու, ազգայինը կարևորելու և արժևորելու փափագից ծնվեցին այս կրթօջախները, քանզի հայ մանուկն է, որ ամուր հավատքով պիտի պահի Ազգի դիմագիծը՝ Հայի իր տեսակով, և դառնա մեր ապագայի ազգային ու հոգևոր արժեքների կրող մաքրամաքուր անոթը: 20 տարի առաջ՝ 1993 թվականին, այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ներկայիս Վեհափառ Հայրապետի հանձնառությամբ ու նախաձեռնությամբ ձևավորվեցին Հայորդյաց տները, որտեղ մինչ այսօր իրագործվում է հայ մանուկների հոգևոր և գեղագիտական, կրթադաստիարակչական գործունեությունը՝ ձևավորելով նրանց մեջ արարելու ոգին և հայ մարդու նկարագիրը: Հայորդյաց տների 20-ամյա բազմաբեղուն գործունեության լուռ վկաներն են սաների և ուսուցիչների փոխադարձ հարգանքն ու նվիրումը: Անսպառ աշխատանք՝ համակված հարատև ու աննկուն ճիգի վճռականությամբ, միտված ազգային, համընդհանուր նպատակներով, որպեսզի հայ ուստրերն ու դուստրերը հայկականության՝ իրենց էության ճանաչումն ու գիտակցումը, լեզվամտածողությունն ու բարոյական ընկալումն ունենան՝ արտահայտելով դրանք քանդակի, խեցեգործության, ասեղնագործության լեզվով և գունագեղ գորգերի ծնունդով: Վստահաբար կարող ենք ասել, որ այս նվիրական ճիգերը, որպես վարձատրում, իրենց հաջողության բացառիկ արդյունքն ունեն և առավել՝ փառապսակը պիտի ունենան:Որդիական խոնարհումով մեր հոգու ողջ երախտիքն ու հիացմունքն ենք հայտնում ազգիս սիրելի Վեհափառ Հայրապետին, ով անցյալի խառնակ օրերի մեջ աստվածային նախախնամությամբ և երկնառաք իմաստնությամբ կյանքի կոչեց այս ազգանվեր գործը և, որպես ընտրյալ և օրհնյալ երախայրիք, այն նվիրաբերեց հայ ազգի մանուկներին: Այս բարեբաստիկ առիթով ջերմորեն ողջունում ենք Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանին, տնօրեններին, ուսուցիչներին և սիրելի սաներին: Թո՛ղ Աստված օրհնությամբ ջերմացնի բոլորիդ սրտերը՝ ցանելով պտղատու հունդեր և նորանոր ներշնչանքներ՝ ի բարօրություն Հայոց ազգի սիրասուն զավակների:

Ջերմագին սիրով՝Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

  • 2013-11-28
×