150 պատանի նկարիչներ Արարատյան թեմում

150 պատանի նկարիչներ Արարատյան թեմում

150 պատանի նկարիչներ Արարատյան Հայրապետական թեմում Դեկտեմբերի 11-ին մեկնարկեց Ս. Սարգսի 2014 թ. տոնակատարությունների 1-ին միջոցառումը: Գեղագիտության ազգային կենտրոնի շուրջ 150 սաներ հյուրընկալվել էին Արարատյան Հայրապետական թեմում: Կենտրոնի պատանի նկարիչները պատրաստվում են 2014 թ. փետրվարի 15-ին բացվող՝ Ս. Սարգսի տոնին նվիրված պատանեկան ցուցահանդեսին:Տոնի քրիստոնեական և ազգային նկարագրությունն առավել ամբողջական հասկանալու նպատակով Արարատյան Հայրապետական թեմում պատանիների համար կազմակերպվել էր սեմինար-դասախոսություն:Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատանիներին իրենց ծնողների հետ օրհնեց Տ. Շահե քահանա Հայրապետյանը: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում նրանց ողջունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը. «Քրիստոնեության առանցքը, սիրելինե՛րս, սերն է, սերը և նրա ստորոգելիները: Սիրո աղբյուրը մեկն է, հասցեներն են տարբեր՝ հայրենիք, ծնող, ընկեր, եկեղեցի…, ինչպես արեգակը. առանցքը մեկն է, իսկ ճառագայթները՝ բազում: Սուրբ Սարգիսը, կողքին՝ սուրբ Մարտիրոսը, ով տարիքով ձեզանից շատ մեծ չէ, թող լինեն ձեր ներշնչանքի հիանալի աղբյուրը. զորավար հայրն ու կողքին՝ փոքրիկը, ով մեզ համար մնում է օրհնության բացառիկ անսպառ ներշնչանք: Ձեր սերը թող արտահայտվի սուրբ Մարտիրոսով: Ինչու եմ ուզում սա ընդգծել. անցյալ տարիների նկարների մեջ, շատ հաճախ, սուրբ Սարգսի կողքին բացակայում էր սուրբ Մարտիրոսը: Սուրբ Սարգսի տոնը մեծ շուքով տոնախմբում ենք 2006 թ.: Դուք այնպիսի գույներով և երևակայությամբ եք տեսնում և պատկերում սուրբ Սարգսին, որ մենք չենք կարող այն տեսնել: Ձեր երևակայությունը գունագեղ է, բազմապիսի: Ոչ մի տեղ այսպիսի սուրբ Սարգիսներ չկան, ինչպես Գեղագիտության ազգային կենտրոնում արարվածները: Դուք դեպի Աստված եք ընթանում, և ես արդեն իսկ ենթադրում եմ, թե 30-40 տարեկանում ինչպիսի բարձունքների հասած պիտի լինեն ձեր ճաշակն ու որակը:Վստահ ենք. դուք մեր քրիստոնեական արժեքների սքանչելի պահապաններն եք լինելու, այն արժեքների, որոնք ավանդված էին մեզ, բայց մեր սերունդը չկարողացավ արժանիորեն պահպանել դրանք, քանի որ անաստվածության տարիներ էին: Ես կասկած չունեմ, որ դուք ավելի բարձր ձեռքբերումներ եք ունենալու, քանի որ պատանի տարիքից եք սկսել այդ սուրբ գործի նվիրյալները լինել: Պարզապես հիացած եմ ձեզանով, ձեր գործերով, քանզի ձեր աչքերով միշտ նորովի ենք բացահայտում սուրբ Սարգսին: Նրա աղոթքները թող լինեն ձեր ուղեկիցները: Ձեր մեջ ամուր պահեք սիրո հանդեպ տենչանքը: Սիրելի՛ ծնողներ, Աստված թող օրհնի բոլորիդ: Շատ շնորհակալ եմ, որ ձեր սիրասուն զավակներին հանձնում եքԱստծո խնամքին: Դուք նրանց համար անում եք ամեն ինչ, բայց առավելապես կամենում եք, որ Աստված նրանց սրտերի ու հոգիների մեջ Իր լույսը սփռի:Սիրելինե՛ր, սերը, խաղաղությունն ու շնորհը թող լինի ձեր մեջ այսօր, վաղը, ընդմիշտ: Ձեր երևակայության համար ներշնչանքի աղբյուրները թող լինեն մշտանորոգ և չծերացող»:Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը պատանիներին ներկայացրեց օրվա խորհուրդը, բաժանվեցին թեմատիկ նյութեր: Արարատյան Հայրապետական թեմի և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ 2 տարի անընդմեջ կազմակերպվում է մանկական ցուցահանդես, ուր երեխաները ներկայացնում են ինքնատիպ, տոնական աշխատանքներ:

  • 2013-12-12
×