Շախմատի միաժամանակյա խաղ

Շախմատի միաժամանակյա խաղ

Շախմատի միաժամանակյա խաղ Արարատյան Հայրապետական թեմի 15 երիտասարդների հետ Դեկտեմբերի 21-ին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական հոգևոր խորհուրդը գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպեց շախմատի միաժամանակյա խաղ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի հետ: Խաղը անցկացվեց Քրիստոսի անդրանիկ հավատացյալ թագավոր Ս. Աբգար նախավկայի տոնի առթիվ: Մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի համայնքների միություների 15 երիտասարդներ:Մասնակիցներին իր օրհնության ու գնահատանքի խոսքն ասաց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Նա կարևորեց երիտասարդների այս նախաձեռնությունը, քանի որ շախմատը մարզում ու կոփում է մարդու միտքը: «Գնահատելի է, որ դուք ոչ միայն սոցիալական ծրագրեր եք նախաձեռնում, մանկատներ ու ծերանոցներ եք այցելում, ուխտագնացություններ կազմակերպում, մասնակցում եք մեր Եկեղեցու կյանքին, հսկման ժամերգություններին, այլ նաև իմացական բնույթի խաղերով եք հետաքրքրվում»: Սրբազան Հայրը մեկ անգամ էլ շեշտեց, որ երիտասարդների նախաձեռնությունները միշտ աջակցություն կգտնեն թեմի կողմից: Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մանրանկարչությամբ ծաղկված խաչ նվիրեց գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանին` միաժամանակյա խաղն անցկացնելու համար: Խաղին աջակցելու համար նմանատիպ մի գեղեցիկ խաչ պատրաստվել էր Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի համար, որը հարգելի պատճառով խաղին մասնակցել չէր կարողացել: Գաբրիել Սարգսյանը խոստացավ այն անձամբ հանձնել նրան: Սմբատ Լպուտյանի անունից Գաբրիել Սարգսյանը պատվոգիր հանձնեց Արարատյան Հայրապետական թեմի Երիտասարդական կառույցների համակարգող և «Արարատ» միության հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանին: Մի շնորհակալագիր էլ հանձնեց ամենակրտսեր խաղացողին` Արգիշտի Թոմոյանին, ում խաղը հատկապես դուր էր եկել գրոսմայստերին:Շախմատային միաժամանակյա խաղը առաջին անգամ էր անցկացվում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում: Թեմի երիտասարդները խոստացան պարբերաբար կազմակերպել նման խաղեր ու ներգրավել այլ շախմատիստների ևս: Տ. Նավասարդ Սրբազանի առաջարկությամբ ամեն տարի Ս. Աբգար արքայի տոնի օրը կկազմակերպվի շախմատային նման խաղ:   Քրիստոսին հավատացողմեր անդրանիկ թագավոր Ս. Աբգար նախավկա Ըստ ավանդության` Ս. Աբգարը Ա դարի քրիստոնյա անդրանիկ թագավորն է, Տիգրան Մեծի թոռը, Արշամի որդին: Նրան անվանել են «ավագ այր», որովհետև բոլորից իմաստուն և հանճարեղ էր: Նրա մասին գրել են պատմահայր Մովսես Խորենացին, ասորի Լաբուբնիա Եդեսացի, հույն Պրոկոպիոս և Եվսեբիոս պատմիչները: Նրա նստավայրը Եդեսիայում էր: Թագավորը Եդեսիա քաղաքը կառուցել էր այնտեղ, որտեղ հայոց զորքը Եփրատի գետաբերանը պահպանում էր հռոմեացի Կասիոս զորավարի բանակից: Հետագայում Աբգար թագավորը Մծբինից Եդեսիա է տեղափոխել արքունիքը: Այս թագավորի օրոք ծնվել է աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս: Ս. Աբգարը, լսելով Հիսուսի հրաշքների և սքանչելագործությունների մասին, հավատացել է Հիսուսին և պատգամավորների միջոցով նամակ-խնդրագիր ուղարկել Երուսաղեմ` Փրկչին, որպեսզի Նա գա, բժշկի իրեն և միասին կառավարեն երկիրը: Այդ ժամանակ Աբգար թագավորը տառապել է չարաչար ցավերով: Պատասխան թղթում Քրիստոս ասել է, որ դեռ գործեր ունի Երուսաղեմում կատարելու, բայց նրան բժշկելու համար անպայման կուղարկի աշակերտներից մեկին: Փրկչի համբարձումից հետո Ս. Թադեոս առաքյալը եկել է Եդեսիա, բժշկել Ս. Աբգարին, քաղաքի բոլոր հիվանդներին և ախտավորներին, քարոզել Ավետարանը և իրեն հաջորդ կարգել Ադդեին: Ս. Աբգարը առաջին արքան էր, ով դեռ տիրոջ կենդանության օրոք ընդունեց Նրա իշխանությունը, հավատաց Նրան: Հիսուս Ս. Աբգարին է ուղարկել նաև իր դաստառակը` անձեռագործ պատկերը: Ըստ ավանդույթի Ս. Աբգարը իր նկարիչ Անանիային էլ պատգամավորների հետ Երուսաղեմ է ուղարկել և հանձնարարել Նրա դիմանկարն անել: Երբ Քրիստոսը տեսնում է, որ Անանիան չի կարողանում նկարել Իրեն, դեմքը լվանում է ջրով եւ դաստառակը դնում դեմքին: Կտավի վրա հայտնվում է Իր պատկերը: Այս դաստառակը երկար ժամանակ պահվել է Եդեսիայում: Դաստառակի գոյության և գտնվելու վայրի մասին մի քանի վարկածներ կան: Ըստ դրանցից մեկի` 944 թվականին Եդեսիայի էմիրի եւ բյուզանդացի կայսր Կոնստանտին VIII-ի բանակցություններով դաստառակը Եդեսիայից տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Այս տեղափոխությունն այնքան է կարեւորվել, որ հիշելու եւ տոնելու համար եկեղեցական ծես է հաստատվել: 1362 թվականին, երբ Բյուզանդական կայսրության անկումը լրջորեն վտանգված էր թուրքերի մուտքով, ջենովացի նավապետ Լեոնարդո Մոնտալդոն կայսր Ջոն V-ին մատուցած ռազմական աջակցության համար իբրեւ նվեր ստացած դաստառակը Կոստանդնուպոլսից իր հետ տանում է: 1384-ին Մոնտալդոն դաստառակը տեղափոխեց Ջենովա եւ տվեց 1308-ին հայերի կառուցած Ս. Բարդուղիմեոս եկեղեցուն, որի մոտ իր ընտանիքը տներ եւ հարստություններ ուներ:Դաստառակի հաջորդ հանգրվանը Ֆրանսիան էր, որտեղ հայտնվում է 1507-ին` Ֆրանսիայի թագավոր Լուի XII-ի կողմից Ջենովայի գրավման հետեւանքով, սակայն մի քանի ամիս հետո դեսպանների, հարուստ մեկենասների եւ ջենովացի բանկիրների միջամտությամբ մասունքը վերադառնում է Ջենովա:Ս. Աբգարը ընդունել է Տիրոջը որպես միակ ու արարիչ Աստված` դառնալով քրիստոնեա: Նա նամակներ է գրել Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին` հորդորելով նրանց ևս ընդունել Հիսուս Քրիստոսին` որպես Աստվածորդու և Փրկչի: Ս. Աբգարը մահացել է հավանաբար Ա դարի առաջին կեսին: Նրա մահից հետո քրիստոնեությունը կրկին նահանջել է` իր տեղը ժամանակավորապես զիջելով կռապաշտությանը: Սակայն Ս. Աբգարը պատմության մեջ մնացել է որպես առաջին քրիստոնյա արքա:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2013-12-21
×