Ս. Հակոբի տոնի առիթով Ս. Պատարագ մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի չորս եկեղեցիներում Դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Արարատյան Հայրապետականի թեմի` Ս. Հակոբի անունը կրող չորս եկեղեցիներում տոնի առիթով Ս. Պատարագ մատուցվեց` Երևանի Քանաքեռ համայնքում, Արարատում, Մրգավանում և Ներքին Դվինում:Երևանի Քանաքեռ համայնքի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց ՀՀ Զինված ուժերի հոգևոր սպասավոր արժանապատիվ Տ. Վանանդ քահանա Անդրեասյանի, Ներքին Դվինում` արժանապատիվ Տ. Երվանդ քահանա Բաբայանի, Մրգավանում` Տ. Մխիթար քահանա Ալոյանի, Արարատում` արժանապատիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի ձեռամբ: Բազմաթիվ ուխտավորներ այդ օրը եկել էին մասնակցելու Ս. Պատարագներին` Սանչելագործ սրբերի բարեխոսությունը խնդրելու համար: Մայր Աթոռ Ս. Էջմնիածնի և ՀԲԸՄ մանրանկարչության կենտրոնի սաները Երևանի Ս. Հակոբ եկեղեցուն մոտ գտնվող իրենց դպրոցում տոնի առիթով կազմակերպել էին իրենց աշխատանքների ցուցահանդես: Մանրանկարչության դպրոցը 1993թ. հիմնադրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Հայրապետը` Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ եղած ժամանակ: Կենտորնն արդեն գործում է շուրջ քսան տարի և շրջանավարտների մեծ բանակ ունի: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ողջույն ու գնահատանքի խոսքերը կենտրոնի ուսուցիչներին ու սաներին փախանցեց թեմի երիտասարդական կառույցների համակարգող արժանապատիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ, Մարուգե ճգնավոր և Մելիտոս եպիսկոպոս Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը պարթևական տոհմից էր և մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ Սակդենի հետ տեղափոխվում են Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` Ս. Հակոբը չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո լեռան լանջին նիրհել է: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության` Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` Ս. Հակոբ Մծբնա հայրապետը մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին: Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թվականին եղել Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թվականից գահակալել է Անտիոքի աթոռը: Նա աննկուն պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թվականի Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովը, սակայն մահացել է ժողովի ավարտից առաջ:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան