Ս. Պատարագ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում

Ս. Պատարագ Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում

Ս. Հակոբի տոնի առիթով Ս. Պատարագ կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող չորս եկեղեցիներում Դեկտեմբերի 14-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Տոնի առթիվ Ս. Պատարագ կմատուցվի Ս. Հակոբի անունը կրող եկեղեցիներում` Երևանի Քանաքեռ համայնքում, Արարատում, Մրգավանում և Ներքին Դվինում:Երևանի Քանաքեռ համայնքի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Նույն համայնքի` մանրանկարչության դպրոցի սաները տոնի առթիվ կազմակերպելու են իրենց աշխատանքների ցուցադրություն, որի ընթացքում կներկայացնեն հայկական մշակույթի կարևոր ճյուղերից մեկի` մանրանկարչության մեջ ունեցած իրենց ձեռքբերումները: Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ, Մարուգե ճգնավոր և Մելիտոս եպիսկոպոս Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է, և բազում հրաշքների շնորհիվ, որ կատարվել են իր ձեռքով, «Սքանչելագործ» անունն է կրել: Վարքագրական աղբյուրների համաձայն` Հակոբը պարթևական տոհմից էր և մեր Առաջին Հայրապետ սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին: Անակ Պարթևի տոհմի բնաջնջումից հետո դայակները մանուկ Գրիգորին և Հակոբին փախցնում են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվում են քրիստոնեական ոգով և շնչով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջª Սակդենի հետ տեղափոխվում է Պարսկաստան և ապրում արքունիքում: Որոշ ժամանակ անց Հակոբը թողնում է այդ ճոխ կյանքըª իրեն նվիրելով ճգնակեցության: Գնում է Մծբին` հանդիպելու Մարուգե ճգնավորին, ով հռչակված էր իր սրբակենցաղությամբ, հոգետեսությամբ և մարգարեական շնորհով: Միաբանվելով` երկու նվիրյալները լծվում են փրկչական գործին, և քիչ անց տարածվում է նրանց սրբության համբավը: Մարուգեից լսելով շատերի` Ս. Գրքի և Նոյյան տապանի գոյության վերաբերյալ թերահավատության մասին` որոշում է բարձրանալ Արարատ լեռը` տապանը տեսնելու և նրանից մի մաս բերելու համար: Սրբի անկոտրում կամքին հակառակ` չի հաջողվում հասնել լեռան գագաթը, և երկար տանջվելուց հետո` նիրհում է: Երազում հրեշտակն այցելում է նրան և տապանից մի մասունք է դնում սրբի գլխատակին: Ըստ ավանդության` սբ. Հակոբի պառկած տեղից մի սառնորակ աղբյուր է բխում, որը հայտնի է դառնում իր բուժիչ և հրաշագործ հատկություններով, իսկ հետագայում աղբյուրի կողքին սրբի անունով կառուցվում է եկեղեցի: Ի ուրախություն և ի պարծանք ամենքիսª Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` սբ. Հակոբը մասնակցել է 325 թ. Նիկիայի Տիեզերաժողովին: Մեծն Կոստանդիանոս կայսրը խորին ակնածանքով է վերաբերվել սբ. Հակոբին և մի առիթով ասել է. «Երեք սյուներ կան երկնքի և երկրի միջև. Անտոնըª Եգիպտոսում, Սեղբեստրոսըª մեզ մոտ, և Սուրբ Հակոբը` Մծբնիի մեջ: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնում է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը, և նրան էլ ընտրում են եպիսկոպոս: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո սբ. Հակոբ Մծբնա հայրապետն իր մահկանացուն կնքում է 350 թ.: Մելիտոս եպիսկոպոսը ծնվել է Փոքր Հայքի Մելիտինե քաղաքում և 358 թ. եղել է Սեբաստիա քաղաքի եպիսկոպոսը: 360 թ. գահակալել է Անտիոքի աթոռին: Իր կյանքի ընթացքում պայքար է մղել արիոսականների դեմ: Նախագահել է 381 թ. Կ. Պոլսի երկրորդ Տիեզերաժողովին: Մահացել է ժողովի ավարտից առաջ:Ս. Հակոբ Մծբնա Հայրապետ, Մարուգե ճգնավոր և Մելիտոս եպիսկոպոս` սիրված սրբեր, Հաղթանակած եկեղեցու արժանավոր զավակներ, Մարտնչող եկեղեցու բարեխոսներª հայցեք առ Աստված և բարեխոսեք` բարի պատերազմում ազգովի հաղթող դուրս գալու և երկնային արքայությանն արժանանալու համար: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան  

  • 2013-12-13
×