Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ  Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Ս. Ծնունդն ու Հայտնությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը: Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Ս. Ծննդյան ուղերձը, ուր մասնավորապես ասվում է. «Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս, Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը: Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ` բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից և մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրանազանցությամբ Աստծո դեմ ելած նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու և Աստծո որդեգիրները դարձնելու: «Ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» (Սաղմ. ՃԽԲ 8), ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում` հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը»: Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունում են «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս» ասելով: Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 5-ի երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Առաջնորդանիստ Ս. Սարգի եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ճրագալույցի Ս.Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Ծննդյան ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնին: Ըստ ավանդույթի, ծնողները ութ օրական Հիսուսին տարան տաճար` ընծայաբերեցին Աստծուն, անվանակոչեցին ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել ու եբրայական օրենքներով թլպատեցին: Վաղը` հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատներին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան  

  • 2013-01-07
×