Ս. Ծնունդյան ճրագալույցի Ս. Պատարագ

Ս. Ծնունդյան ճրագալույցի Ս. Պատարագ

Ս. Ծնունդյան ճրագալույցի Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ներկա էին երկրի Նախագահն ու Վարչապետը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդն ու Հայտնությունը: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո: Հունվարի 5-ի երեկոյան եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց բառը նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, վառել: Այդ օրը եկեղեցում վառված ճրագները մարդիկ տուն են տանում: Վառվող ճրագները խորհրդանշում են բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Հավատացյալները Քրիստոս Մանուկի Ս. Ծննդյան լույսն էլ եկեղեցուց տուն են տանում` հավատալով, որ աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը այդ կերպ հասցնում են իրենց օջախներ: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էր: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն կատարվեց: Քանի որ Ս. Ծննդյան տոնին նախորդում է պահքի շրջանը, հավատացյալներից շատերը պահքից դուրս են գալիս ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Ս. Հաղորդություն ստանալով:Հունվարի 5-ի երեկոյից մարդիկ միմյանց ողջունում են` «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ Աւետիս»: Վաղը` հունվարի 6-ին, Ս. Պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Ս. Պատարագի ավարտին կկատարվի ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

  • 2013-01-07
×