Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանի և երիտասարադական միության նախաձեռնությամբ Նոր Նորքի թիվ 17 գիշերօթիկ հատուկ դպրոցում նշում էին Ամանորն ու Սբ. Ծնունդը: Այդ առթիվ դպրոց այցելեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը` շնորհավորանքն ու օրհնությունը բերելու հատուկ կարիք ունեցող երեխաներին: Սրբազան հայրը նախ շրջեց դպրոցում, ծանոթացավ այստեղ երեխաների հետ իրականացվող ծրագրերին: Դպրոցի դահլիճում սաները համերգային փոքրիկ ծրագիր էին նախապատրաստել հյուրերի համար: Նրանք Սրբազան հորը ողջունեցին «Աստված օգնական, Սրբազան հայր» ասելով` ցույց տալով իենց հոգևոր գիտելիքները: Տեր Նորայրը դիմելով երեխաներին ասաց. «Այս անգամ տոների նախօրյակին դպրոց ենք եկել ոչ թե համերգային ծրագրով, այլ եկել ենք դպրոցի սաների ելույթը տեսնելու: Եթե նախորդ տարիներին դուք էիք մեզ լսում, այս անգամ մենք ենք ուզում ձեզ լսել»: Դպրոցի տնօրեն Ամալյա Հարությունյանը, դիմելով հյուրերին, իր շնորհակալությունը հայտնեց. «Սիրելի Սրբազան Հայր, շնորհակալ ենք, որ այս տոների առթիվ մեզ չեք մոռացել: Ձեր ուշադրությունը մեզ համար շատ կարևոր է: Մեր կապը Հայ Եկեղեցու և մասնավորապես` Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու ու նրա հոգևորականների հետ շատ մեծ է: Տեր Նորայրը մկրտել է մեր դպորցի սաներին: Եվ միշտ այցելում է մեզ»: Երեխաների ելույթներից հետո Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իր օրհնության խոսքն ասաց. «Շնորհակալությունս եմ ուզում հայտնել ձեզ բոլորիդ` տնօրենին, ուսուցիչներին, աշխատակազմին, որ դժվարին, ազնիվ և աստվածահաճո գործ եք կատարում: Ես այսօր տեսա, թե ինչքան կենդանություն կա այս երեխաների աչքերի մեջ: Տեսա, թե ինչպես են նրանք պարում, երգում, արտասանում: Տեսա, թե որքան մեծ է նրանց ցանկությունը ներկայանալու և իրենց իմացածը մեզ ցուցադրելու: Կենդանի հաղորդակցությունը զգացի երեխաների ու դասավանդողների միջև: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև այս համայնքի հոգևոր հովվին` Տ. Նորայրին, որ մեծ ուշադրություն է դարձնում ձեր փոքրիկ համայնքին»:Ապա Սրբազան հայրը պահպանիչ աղոթք կարդաց երեխաների, նրանց ուսուցիչների և ծնողների համար: Երիտասարդաց միության անդամները փոքրիկներին բաժանեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ուղարկված նվերները: Երիտասարդները ավանդույթի համաձայն երեխաների համար նաև համեղ հյուրասիրություն էին կազմակերպել, որպեսզի հատուկ ուշադրության կարիք ունեցող այս երեխաները ուրախ սեղանի շուրջ տոների նախօրեին միասին հավաքվելու հնարավորություն ունենան:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան