Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը:
Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:
Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21:18-22):
Քրիստոս վկայում է հավատի հրաշագործ զորության մասին. «Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):
Տերևալից, բայց պտուղ չունեցող այս թզենին խորհրդանշում է նրանց, ովքեր, արտաքնապես բարեպաշտ և հավատացյալ են ձևանում, սակայն բարի գործերի պտուղը չունեն։ Ձևական քրիստոնեությունը դատապարտելի է և անարժան Աստծո Արքայությանը: «Հավատն առանց գործերի մեռած է», ասում է Հակոբոս Առաքյալը (Հակոբոս 2.26):
Քրիստոնեական իրական հավատը կենսունակ և պտաղբեր հավատն է: Այն ներթափանցում է մարդու ողջ էության մեջ և լուսակերպում կյանքը: Կենդանի, ճշմարիտ և անկեղծ հավատով ապրող մարդը գիտակցում է, որ ապրում է Աստծո ներկայության մեջ: Այսու, նրա մտածելակերպը, զգացումները, կյանքն ու գործերը արտացոլում են այս իրականությունը:
Աստված Իր բարի կամքի շնորհիվ մեզ բազում հնարավորություններ և առիթներ է տալիս պտղաբերելու, մեր հավատն ու հավատարմությունը Տիրոջ հանդեպ դրսևորելու և բարիք արարելու համար: Բայց հնարավորությունները հավերժ չեն: Մի օր պիտի կանգնենք Աստծո առաջ։ Եթե մեր բարի գործերի պտուղներով զարդարված լինենք, ապա կարժանանանք հավիտենական օրհնության, հակառակ պարագային՝ անպտուղ թզենու նման կընդունենք դատապարտությունը։
Ինչպես Քրիստոս է ասում, թե «այն ամենը, ինչ աղոթքի մեջ հավատով խնդրեք կստանաք», սրտաբուխ աղոթքով խնդրենք Ամենողորմ Աստծուն, որպեսզի առատացնի մեր կյանքում Իր Սուրբ Հոգու պտուղները և մեզ արժանի դարձնի իր հավիտենական ուրախությանն ու երանությանը։