Ավետարանի պատմությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի Ղազարոսի հարության մասին դրվագը։ Մեր հայրերն այն ներառել են Մեծ Պահքի շաբաթ-կիրակի օրերի շղաթայի մեջ՝ կարևորելով դրա նշանակությունն ապաշխարհության, ներհայեցողության, խոկումի այս շրջանում։ Այն ամեն տարի նշվում է Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը՝ խորհրդանշելով իր վերջին հրաշքը, չարչարանքների շաբաթից, մատնվելուց, խաչվելուց, մահանալուց առաջ։
Ղազարոսի հարության մասին գրել է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհաննես 11:1-45): Մեզ հասած ավանդության համաձայն՝ Ղազարոսը հարությունն առնելուց հետո երբեք չծիծաղեց, այլ աղոթքով անցկացրեց իր կյանքի մնացած մասը։ Ղազարոսը, նրա քույրեր՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին։ Հիսուս նրանց հետ առանձնակի ջերմությամբ էր կապված, հաճախ էր հյուրընկալվում նրանց տանը, ուր Իրեն մեծ սիրով էին ընդունում։
Երբ Հիսուս լսեց իր բարեկամ Ղազարոսի հիվանդության լուրը, հուզվեց, բայց սպասեց եւս երկու օր։ Երբ Նա հասավ Բեթանիա, Ղազարոսը չորս օր էր, ինչ մահացել էր: Նրան տեսնելով՝ շատերն ասում էին. «Սա, որ կույրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաև այնպես անել, որ սա չմեռներ»:
Մարթան էլ, ընդառաջ դուրս գալով Քրիստոսին, ասաց, որ եթե Ինքը այստեղ լիներ, իր եղբայրը չէր մահանա: Եվ ի պատասխան Քրիստոսի այն խոսքի, որ նրա եղբայրը հարություն կառնի, նա ասաց. «Գիտեմ, որ հարություն կառնի վերջին օրը, հարության ժամանակ: Տե՛ր, հավատում եմ, որ Դո՛ւ ես Քրիստոսը՝ Աստծո Որդին, որ աշխարհ էիր գալու»:
Տերն Իր առաքյալի միջոցով ասում է, որ «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2.17)։ Իր ողջ երկրային կյանքում Նա ցույց տվեց այդ գործերը, որոնք օրինակ պիտի դառնան մեզ համար։ Սովորեցրեց լինել կարիքավորի ու աղքատի, վշտահարի ու այրու կողքին, սովորեցրեց լինել համեստ ու խոնարհ, հրաժարվել ցուցամոլությունից, մեծամտությունից։ Ու տվեց ամենակարեւոր պատվիրանը՝ «Սիրե՛ք միմյանց»։ Մարդկանց նկատմամբ անսահման սերն էր Նրան երկնային բարձունիքց, Արարաչական գահից իջեցրել երկիր, եւ վերադարձից առաջ նրան մեղադրեցին սիրելի մարդուն չփրկելու համար՝ ինչու՞ չկանխեց Ղազարոսի մահը։
Բայց ամենատես Արարչի որդին, որ գիտեր ամեն ինչ, սպասում էր այս դեպքին՝ Աստծո ամենակարողության ողջ զորությունը մարդկանց ցույց տալու համար։ Իր երկրային կյանքի վերջին գործը պիտի շատ ազդեցիկ լիներ, մարդկային ընկալումից ու տրամաբանությունից դուրս... Եվ դա իր սիրելիներից մեկի՝ Ղազարոսի հարությունը եղավ։ Քրիստոս արդեն մարդկանց զարմացրել էր մահացածներին կենդանություն տալով, բայց երբ մարդը մեռած լիներ չորս օր, ոչ ոք չէր կարող դա պատկերացնել։
Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ դեպի Աստված վերադառնալու ճանապարհը ցույց տալու համար։ Նա այստեղ քարոզեց, ուսուցանեց ու բժշկեց ընդամենը երեք տարի։ Երբ նայում ենք Քրիստոսի քարոզչությանը, գործած հրաշքներին, տեսնում ենք, որ դրանք աստիճանաբար են բարդանում։ Առաջին հրաշքով նա ջուրը գինի սարքեց, վերջինով՝ Ղազարոսին հարություն տվեց։ Քրիստոս սկզբում բժշկում էր մարմնի փոքրագույն անդամները՝ չորացած ձեռքերը, ոտքերը, կուրությունը, խլությունը, հետո՝ ամբողջ մարմինը՝ բորոտությունից, անշարժությունից։ Այնուհետև Ավետարաններում պատմվում է, թե ինչպես նա հարություն տվեց Հայրոսի աղջկան ու նայինցի պատանուն։ Եվ իր երկրային կյանքի վերջում՝ մինչեւ փորձության ու չարչարանքի շաբաթը, գերեզմանից կանչեց չորսօրյա մեռածին։
Ղազարոսի հարությունը բոլորի համար անհնարին մի բան էր: Բայց սա այն հարությունը չէր, որ Քրիստոս խոստացել է Իր Երկրորդ գալստյան ու Ահեղ դատաստանի ժամանակ: Հարություն տալով Ղազարոսին՝ Քրիստոս ցույց տվեց, որ մի քանի օր մահացած մարդուն կենդանություն վերադարձնելու իշխանություն ունի, որ կյանքն Իր ձեռքերում է, Իր հրամանի տակ, որ Ինքն է կյանքը:
Եվ անգամ այդ պահին Քրիստոս ոչ միայն ցույց տվեց Իր զորությունը, այլ սովորեցրեց շնորհակալ լինել Տիրոջը՝ երկնքի ու երկրի Արարչին։ Երբ գերեզմանի քարը վերցրին, Հիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհություն եմ տալիս Քեզ, որ ինձ լսեցիր. և ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ Դո՛ւ ինձ ուղարկեցիր»: Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ղազարոս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»:
Եթե Հայրոսի աղջկա դեպքում մարդիկ կարող էին ասել, թե աղջնակն իրականում քնած էր ու արթնացավ, ապա Ղազարոսի դեպքում բոլորը գիտեին, որ չորս օր մահացած էր։ Նրա պատանքն ու կապանքներն էլ վկայում էին դա։ Մահացած լինելով նա վեր կացավ, քայքայված լինելով քայլեց ու երկյուղածությամբ ենթարկվեց Տիրոջը։
Հետաքրքիր մի զուգադիպություն կա՝ կապված Քրիստոսի պատմած առակներից մեկի հերոսի ու Իր բարեկամ Ղազարոսի հարության հետ։ Աստծո Որդին իր քարոզներից մեկի ժամանակ պատմեց աղքատ Ղազարոսի մասին առակը, որտեղ մահանալուց հետո վերջինս հայտնվել էր Աբրահամի գոգում, իսկ մեծահարուստը ծարավից պապակում էր։ «Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հայր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես ու մարգարեներ, թող նրանց լսեն»: Եվ նա ասաց. «Ոչ, հայր Աբրահամ. բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ որ հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ղուկ. 16:19-31)։
Եվ երբ այս առակից հետո քննում ենք Ղազարոսի հարությունը, ստացվում է, որ իրական Ղազարոսը վերադարձավ, որ վկայի Քրիստոսին ու Նրա իշխանությունը։ Հարություն առավ, որ վկայի Քրիստոսի խոստացած Հարությունը աշխարհի վախճանին՝ Ահեղ Դատաստանի ժամանակ։