Այսօր Ավագ Չորեքշաբթի է, և Եկեղեցին հրավիրում է մեզ խորհրդածելու երկու կերպարների շուրջ՝ անծանոթ կնոջ, ով թանկարժեք յուղով օծեց Հիսուսին և տասներկու առաքյալներից Հուդայի, ով երեսուն արծաթով մատնեց Քրիստոսին
Ս. Մատթեոս Ավետարանիչը գրում է. «Երբ Հիսուսը եկավ Բեթանիա՝ բորոտ Սիմոնի տուն, նրան մի կին մոտեցավ, որն իր հետ մի շիշ թանկարժեք յուղ ուներ։ Եվ մինչ նա սեղան էր նստած, յուղը թափեց նրա գլխին։ Երբ աշակերտները տեսան, բարկացան և ասացին. «Ինչի՞ համար էր այդ յուղի վատնումը, որովհետև այն կարելի էր մեծ գնով վաճառել և տալ աղքատներին»։ Հիսուսն իմացավ այս և նրանց ասաց. «Ինչո՞ւ եք անհանգստացնում այդ կնոջը. նա ինձ համար մի բարի գործ կատարեց։ Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։ Իմ մարմնի վրա այդ յուղը լցնելով՝ նա նշանով հայտնեց իմ թաղվելու մասին։ Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում որտեղ էլ քարոզվի այս Ավետարանը, կպատմվի նաև այն, ինչ նա արեց, և այդպիսով նրան կհիշատակեն»։
Այդ ժամանակ տասներկուսից մեկը, որ Հուդա Իսկարիովտացի էր կոչվում, գնաց քահանայապետների մոտ և ասաց. «Ի՞նչ կցանկանաք ինձ տալ, եթե ես նրան ձեզ մատնեմ»։ Նրանք երեսուն արծաթ դրամ վճարեցին նրան։ Դրանից հետո Հուդան հարմար առիթ էր փնտրում, որ Հիսուսին նրանց մատներ» (Մատթեոս 26.6-16)։
Անծանոթ կինը իր թանկարժեք ընծան մատուցեց Տեր Հիսուսին և իր ապաշխարությամբ փրկություն ստացավ, իսկ ընտրված առաքյալը՝ մատնեց Քրիստոսին ընդամենը երեսուն արծաթի դիմաց և ապաշխարության փոխարեն ինքնասպան եղավ: Այպիսով, մեկը ժառանգեց արքայությունը, իսկ մյուսը կորստյան մատնվեց: