Մե՞նք ինչով ենք գայթակղվում
Քանի որ այսօր Ավագ չորեքշաբթի է, հիշենք այս օրը հիշատակվող դրվագներից մեկը՝ Փրկչի մատնությունը Հուդայի կողմից։
Խաչելությունից երկու օր առաջ Քրիստոսին մատնելու որոշում կայացրեց Նրա առաքյալներից Հուդա Իսկարիովտացին: Ավետարանում այս մասին հիշատակության մեջ կարդում ենք․ «Այն ժամանակ Տասներկուսից մեկը՝ Հուդա Իսկարիովտացի կոչվածը, գնաց քահանայապետների մոտ ու ասաց. «Ի՞նչ կկամենաք ինձ տալ, որ ես նրան ձեզ մատնեմ»: Եվ նրանք երեսուն արծաթ դրամ խոստացան նրան» (Մատթ. 16:14-15)։
30 արծաթով մատնված կյանք ունեցող Աստվածորդին՝ Քրիստոս, լավ գիտեր, թե ինչ է իրեն սպասվում։ Նա խոնարհությամբ էր տանում մատնությունն ու անտրտունջ էր ընդունում իր մոտալուտ մահը՝ մարդկության փրկության համար։ Քրիստոս կամովին պետք է գնար զոհաբերության՝ հանուն մեր փրկության։
Սակայն այն, որ Նրա անգին կյանքը գնահատվեց ընդամենը 30 արծաթով, մարդկության և ոչ թե Քրիստոսի մասին էր խոսում:
«Ի՞նչ կկամենաք ինձ տալ»՝ մենք էլ այսօր հաճախ առաջնորդվում ենք հենց այս տրամաբանությամբ։ Սակայն մի պահ վեր բարձրացնենք մեր աչքերն ու տեսնենք իրականությունը։ Իսկ պարզ իրականությունն այն է, որ այս հարցով սկսվող ցանկացած գործարք կապ չունի հավատքի հետ այլ սոսկ միայն առևտուր է։ Ուրեմն՝ ինչո՞ւ ենք գիտակցաբար մեր հոգու տաճարը շուկայի վերածում, ինչո՞ւ ենք զրկում մեզ Տիրոջ անգնահատելի ներկայությունից։
Հավատքի կյանքում չպետք է սպասենք, թե ինչ է մեզ տալու Աստված։ Միակ կարևոր երևույթը հենց հավատքն է՝ անկեղծ, անկաշառ, իրական հավատքը, որն ամենազոր է։ Այո՛, այսօր շատ են գայթակղությունները, սակայն դրանք ընդամենը այն կործանարար 30 արծաթ դրամներն են մեր կյանքում, որոնք այլևս գայթակղիչ ու պետքական չեն լինելու, երբ կատարվի անդառնալին։ Զե՛րծ մնանք, ուրեմն, գայթակղություններից՝ լինելով աստվածասեր, ոչ արծաթասեր։
Երբ ամեն բան ավարտված էր, Հուդան, իհարկե, պիտի զղջար։ Սակայն պիտի ելքը չգտներ, չապաշխարեր և ինքն իրեն կախեր։ «Մեղանչեցի, որովհետև արդար արյուն մատնեցի» (Մատթ․ 27։4),- ասաց նա՝ քահանայապետներին վերադարձնելով արծաթ դրամները։ Քահանայապետները չընդունեցին Հուդայի վերադարձրած դրամներն, իսկ նա «արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ ու գնաց ինքն իրեն կախեց» (Մատթ․ 27։5)։
Քրիստոս գիտեր այս ամենը։ Նա մինչև անգամ ընթրիքի ժամանակ էր խոսել մատնության մասին, իսկ Հուդան կասկածել էր՝ արդյո՞ք գիտի։ «Ճիշտ է, մարդու Որդին կգնա այս աշխարհից, ինչպես որ նրա մասին գրված է. բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մարդու Որդին կմատնվի. լավ կլիներ նրան, եթե այդ մարդը ծնված անգամ չլիներ» (Մարկոս 14։21):
Չդառնանք Հուդա, ում մասին Քրիստոս ասում էր, թե «վայ նրան»։ Չկաշառվենք մեր հոգևոր կյանքում, որպեսզի դառնանաք այն երանելիներից, ովքեր հնարավորություն են ունենալու մշտապես զգալու Աստծո ներկայությունը։ Այսպես է, որ չենք կործանվելու, ինչպես Հուդան՝ մատնիչը, այլ հաստատուն ենք մնալու մեր հավատքի մեջ՝ լցվելով շնորհներով։