Համբերության մասին.Երանելի Սարգիս Շնորհալի

Համբերության մասին.Երանելի Սարգիս Շնորհալի

«Չկա առավել մեծ կամ կարևոր առաքինություն, քան համբերությունն է, որովհետև գլխավորն է և լրումը բոլոր առաքինությունների՝ թե՛ ժուժկալության, թե՛ աստվածպաշտության: Եվ որպեսզի ոչ ոք այն դյուրին և հեշտ ձեռք բերովի չհամարի, Հակոբոս առաքյալն ասում է. «Համբերությունը թող դրսևորվի լիությամբ» (Հակոբ 1:4), այսինքն՝ այն մինչև իր լրումին հասնելը, կարիք է զգում բազում աշխատանքների և ջանքի: Ուստի այս խոսքերով ցույց է տալիս մեր Տիրոջ ասածը. «Ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի» (Մատթեոս 10:22), և նորից. «Ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները» (Ղուկաս 21:19):

 

Հետևաբար, շատերն են առաքինությունների սկզբում իրենց հաստատակամ ցույց տալիս, բայց ավարտին չեն հասնում, այլ՝ թողնելով այն՝ ընկնում են, կամ հեշտություններով հափշտակվում, կամ ծուլությամբ, վախով, բարկությամբ, կամ այն ամենով, ինչ հակառակորդի կողմից է, և վարձատրության չեն արժանանում: Դրա համար Տերը փրկվելը կապակցեց մինչև վերջ համբերության հետ, այլ ոչ թե բարիքների սկիզբ համարեց այն:

 

Արդ, սա նաև նշանակում, որ մինչև գործի ավարտը համբերություն է պետք և կամ ցանկանում է ցույց տալ, որ թեև առաքինության բոլոր գործերն ու բարեպաշտությունը մեծարժեք են և պատվական, սակայն հատկապես սա է մեզ Աստծուն մերձավոր դարձնում: Եվ ինչպես որ կենդանության համար կարևորագույն մասը գլուխն է, այդպես էլ առաքինություններից մեծարժեքն ու պատվականը համբերությունն է՝ հավատքի, հույսի և սիրո մեջ: Ինչո՞ւ չի ասում համբերության գործը կատարյալ է, այլ՝ թող այն լիությամբ դրսևորվի: Սրանով ցանկանում է ցույց տալ, որ համբերությունն ինքնին կատարյալ գործ չի լինի, եթե առաքինության բոլոր մասերն իր մեջ ընդգրկելով՝ ամբողջական չդառնա և անարատությամբ վախճանին չհասնի: Ինչպես որ մարդու հոգին կատարյալ չի լինի, եթե մարմնի բոլոր ազդեցություններն իրեն չհնազանդեցնի՝ ողջանդամ և անսպի լրումին հասցնելով, այդպես է նաև համբերության բարիքը: Դրա համար էլ ասաց՝ թող դրսևորվի լիությամբ:

 

...Արդ, չդադարեցնենք սա, և թող մեր կարճամտության պատճառով չտուժի մեր կատարելությունը, որպեսզի Քրիստոսի սիրելիների մեջ անմիտ և հետամնաց չերևանք: Ուստի, եթե համբերություն ունեցողը Քրիստոսին ունի, ապա պարզ է, որ եթե մեկը դատարկ է գտնվում սրանից, ուրեմն լի է հակառակ բաներով և օտար՝ խոստացված շնորհներից:

 

Որպեսզի, ասում է, անթերի և կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք: Կատարյալն ամեն տեսակի բարիքների լրումն է, ուստի այն, ինչ թերի է, չի կարող կատարյալ լինել: Ինչպես, օրինակ, եթե մեկը մարմնի արատ ունենա, չի կարող կատարյալ առողջ լինել, նույնպես և նա, ով բոլոր առաքինություններն անթերի ունենա, սակայն համբերություն չունենա, առաքինությունների մեջ չի կարող կատարյալ լինել, իսկ որ այն ունենա, ոչ մի կողմից թերի չի գտնվի: Այդ պատճառով էլ ասաց. որպեսզի անթերի և կատարյալ լինեք, ոչ մի բանով պակաս չլինեք:

 

Կատարյալն աստվածային է, որովհետև այն, ինչ Աստծունն է, ըստ բնության անթերի է, լի և կատարյալ, ոչ թե ստացել է այն, այլ էությամբ և դրությամբ է այդպիսին: Նույնը նաև մարդու մեջ կարելի է տեսնել՝ ըստ բնության և բնությունից դուրս, քանզի պատվիրանազանցության պատճառով ընկնելով՝ թվով նվազեց և թերի գտնվեց կատարելությունից, և Աստծո պատկերն աղավաղելով՝ անբան անասունների կերպարանքն առավ: Եկավ մեր Տերը կատարյալ մարդեղությամբ՝ երբեք [աստվածայինից] չպակասելով, թեև ենթարկվեց մեր բնության բոլոր կրքերին՝ բացի մեղքից, և նույն կատարելությունը մեզ շնորհեց, այն կատարելությունը, որ արարչագործության ժամանակ Աստծո կողմից ստացանք և անմտության պատճառով կորցրեցինք: Դրա համար էլ ասաց. «Կատարյալ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթեոս  5:48): Եվ սա զուտ խոսք չէ, քանզի Բանը, որ ի սկզբանե ասաց, թե թո՛ղ լինեն երկինքն ու լուսատուները, երկիրը և այն ամենը, ինչ նրանում կա, և եղան իրենց զարդերով հանդերձ, և ոչ մի պակաս բան չեղավ, այդպես էլ այստեղ ասաց. «Կատարյա՛լ եղեք»: Եվ եթե դա անհնար լիներ, ապա Ամենաբարի Հիսուս չէր սահմանի դա, որ գիտե, թե ինչպես ենք մենք ստեղծված և մտապահում է մեր բոլոր գործերն ու ամեն ինչ մեր բարուն է ծառայեցնում և տալիս: Ուստի, ասում է՝ անթերի և կատարյալ եղեք, ըստ Աստծո կատարելության, և ոչ մի բանով պակաս չլինեք, հակառակորդի [դեմ պատերազմում]»:

 

Փոխակերպումը գրաբարից՝ Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ

  • 2022-04-19
×