Ինչ խորհուրդ է իր մեջ կրում Ավագ Ուրբաթը

Ինչ խորհուրդ է իր մեջ կրում Ավագ Ուրբաթը

Այսօր Ավագ Ուրբաթ է, Աստծո միածին Որդին և մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս չարչարվում, խաչվում և մահանում է մեզ համար, մեր փրկության համար։

 

Խաչելությունն իրապես Աստծո անսահման սիրո մեծագույն խորհուրդն է՝ տեսանելի նշանը անտեսանելի շնորհքի։ Այս մասին Աստվածաշնչում կարդում ենք․ «Քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. 3.16): Նա խոցվեց մեր մեղքերի համար և մեր անօրենությունների համար դատապարտվեց. մեր խաղաղության համար նա՛ պատիժ կրեց, և նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք:

 

Արդարև, Հիսուս մահացավ, որպեսզի մենք կյանք ունենանք և մեր կյանքը լինի առավել լեցուն։

 

Կյանքում ավելի գեղեցիկ և հրաշալի բան չկա, քան սիրել և լինել սիրված։ Իսկ երբ գիտակցում ես, որ Աստված սիրում է քեզ Իր միածին Որդու Հիսուս Քրիստոսի կյանքի և մահվան գնով, այդժամ պատրաստ ես սիրելու Աստծուն և մեր մերձավորին, եթե անհրաժեշտ է անգամ քո կյանքի գնով։

 

Սուրբերից մեկն ասում էր. «Ամեն անգամ երբ կանգնում եմ Տիրոջ խաչելության պատկերի առաջ, լսում եմ Աստծո սիրառատ և քաղցր ձայնը. «Ահա՛ ես իմ Միածին Որդուն տալիս եմ քեզ, զոհաբերում եմ քո փրկության համար»։ Եվ անմիջապես անդրադառնում եմ, «Իսկ ես ի՞նչ եմ պատրաստ տալու այդ անսահման սիրո դիմաց, ո՞րն է իմ պատասխանը այդ թանկագին զոհաբերությանը»։

 

Աստված մեզանից մեծամեծ գործեր և զոհողություններ չի ակնկալում։ Նա պարզապես  ցանկանում և պատվիրում է, որ մեր սրտերը լցված լինեն Իր և մեր մերձավորի նկատմամբ սիրով։

  • 2022-04-19
×