Խաչելության խորհրդին ընդառաջ ավելի շատ լռելու ցանկություն կա․ փորձում ես ի մի բերել մտքերդ, զգացումներդ։ Ամեն տարի վերապրում ենք այս շաբաթը, խավարումը, մեր Տիրոջ մատնությունը, դավաճանությունը, չարչարանքը, խաչելությունը, մահը, ի վերջո, նաև օրվա լռությունը, սակայն այդ լռությունից ծնվող հարցը դեռ մնում է անպատասխան․ գիտենք, որ երկու օրից կտրվի Հարության ավետիսը, բայց, միևնույն ժամանակ, արժե, որ անհանգստանանանք՝ իսկ եթե ո՞չ, եթե Հարության ավետիսը ինձ չհասնի՞։
Բնավ չենք կասկածում, որ Քրիստոս հարություն կառնի, սակայն կասկած կա՝ կկարողանա՞նք վերապրել Տիրոջ հարությունը յուրաքանչյուրս անհատապես։ Հեշտ է ուրախանալ Քրիստոսի Ծննդյան ավետիսով. ո՞վ ուրախ չէ, երբ երեխա է ծնվում։ Քրիստոսի Ծննդյան խորհրդով ամենքն էլ կարող են քրիստոնյա դառնալ։ Բայց քրիստոնյա մնալու համար պետք է կարողանալ հաղթահարել մահվանը՝ Քրիստոսի հետ մեռնելով։
Այսօրվա խորհուրդը ապրելու համար չպետք է սպասենք մինչև Քրիստոս հարություն առնի, ու մենք էլ ուրախանանք Հարության ավետիսով։ Չէ՞ որ պահքի շրջանը մեզ առաջնորդում էր հենց այդ ճանապարհով՝ մեռնել Քրիստոսի հետ, որպեսզի Նրա հետ էլ հարություն առնենք։
Հիշե՛նք, երբ աշակերտները վախեցան, լքեցին Քրիստոսին ու ցրվեցին, ոչինչ չմնաց բացի վախից ու անորոշությունից․ առանց Քրիստոսի ամեն բան անիմաստ էր։
Այս պահին հենց այդ անորոշության ու վախի զգացումն է, որ փորձում ենք չապրել, հեռացնել մեզանից ու մոռացության տալ, փորձում ենք այս հատվածը ջնջել մեր կյանքից՝ հենց այս պահի խավարի մեջ։ Բայց իրականում սա ամենակարևոր պահն է, երբ ապրում ես առանց Քրիստոսի ու հասկանում, որ... ավելի ճիշտ՝ ոչինչ էլ չես հասկանում, պարզապես սպասում ես։
Ես վստահ եմ, որ քրիստոնյա չեն լինում վախի արդյունքում, վախկոտ մարդը չի կարող քրիստոնյա լինել, սակայն մի բանից պետք է վախենալ հաստատ. չլինի այնպես, որ ապրենք առանց Քրիստոսի։ Ի՞նչ քրիստոնեություն առանց Քրիստոսի։ Սա այն միակ պահն է, երբ իրապես պետք է վախենալ. իսկ եթե Քրիստոս մեզ համար հարություն չառնի՞։
Այսօր ընթերցվում են Քրիստոսի չարչարանքների և խաչելության ավետարանական հատվածները։ Շատ ենք լսել այդ պատմության մանրամասները, բայց ուշադրություն դարձրե՞լ ենք, որ Քրիստոս պատրաստ էր այն ամենին, ինչ Նրա հետ տեղի ունեցավ՝ դավաճանությանը, չհասկացված լինելուն, հակառակությանը, չարչարանքներին, մահվանը։ Ու տպավորությունն այն է, որ այդ ամենը այնքան ցավ չէին պատճառում Տիրոջը, որքան իր աշակերտների ու հետևորդների անկարողությունը։ Ընկերը, բարեկամը հատկապես պետք է այն պահին, երբ փորձությունների ու դժվարությունների մեջ ես։ Ահա, հենց նման իրավիճակում Քրիստոսին աշակետները մենակ թողեցին, լքեցին։
Գիտեք, ավելի կարևոր է ոչ առհասարակ ապրելը, կյանքը, այլ՝ քաջությունը, որը դրսևորում ենք այդ կյանքի ընթացքում։ Մեզ պակասում է այդ քաջությունը՝ ընդունելու սերը, հաջողությունը, նվիրումը, հավատարմությունը, և չվախենալու, երբ դրանք կորցնում ենք։ Քրիստոս միակն է, ով ունի այդ քաջությունը։ Չնայած բոլոր հիասթափություններին, հալածանքներին, այս պահին մի կողմից Տիրոջ քաջության այդ օրինակն է մեր աչքի առաջ, մյուս կողմից՝ մեր դավաճան տկարությունը և անզորությունը։
Հուդան դավաճանեց համբույրով, Պետրոսը ուրացավ, Մարկոսը մերկ փախավ, մյուս աշակերտները վախեցան, որ նույն կերպ իրենց հետ կվարվեն։ Միայն Հիսուս Իր քաջությամբ մնաց այնպիսին, ինչպիսին կար։ Տերն Իր այդ քաջությամբ շարունակեց սիրել մեզ՝ Իրեն դավաճանողներիս, մերժողներիս, խաչողներիս, քանի որ սիրել՝ նշանակում է քաջություն ունենալ լինելու իրական ու ինքդ քեզ նման։
Երբ մարդը Հին Կտակարանում ավելի փոքր մեղքեր էր գործում, օրենքը չէր ներում, իսկ երբ մարդը գործեց ամենածանր մեղքը՝ սպանեց Աստծո Որդուն, Աստված մեր փրկության համար Իր սիրով զոհաբերվեց, մեզ ներեց, քանի որ Նա միշտ այնպիսին է, ինչպիսին կա։ Մենք փրկվեցինք Քրիստոսի մահով՝ ո´չ թե նրա համար, որ այդ մահը դաժան էր, այլ՝ որ Հիսուս սիրեց մեզ:
Քրիստոս սովորեցրեց ոչ միայն ապրել, այլ նաև մեռնել։ Խաչի վրա Քրիստոս կարծես դիմում է ամենքիս. «Այս ամենն արեցի ձեզ համար, իսկ դուք ի՞նչ եք անում Ինձ համար»։ Ու այստեղ քաջություն դրսևորելու մեր հերթն է․ մեր հիմնական խնդիրը ոչ թե չիմանալն է, թե ինչ պիտի անենք, այլ՝ որ քաջություն չունենք մեր իմացածն անելու։
Ավետարանը պատվիրում է մեզ լինել քաջ և համարձակ, պատրաստ լինել ամեն զոհողության, ունենալ և՛ մեռնելու, և՛ ապրելու քաջություն` Քրիստոսի հաղթանակը աշխարհում տևական դարձնելու համար՝ այժմ և միշտ և հավիտյան․ ամեն։
Եսայի քհն․ Արթենյան