Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությունը հույսի մեծագույն աղբյուրն է մեր կյանքում և մեզ տրված մեծագույն ավետիսն է այն քաղցր ճշմարտության, որ Աստված երբեք չի լքում իր հավատացյալ զավակներին։ Քրիստոսի Հարությունը երաշխիքն է մեր հարության։ Եզնիկ Կողբացին ասում է. «Քրիստոս իր Հարությունը մեր հարության ճշմարիտ օրինակը դարձրեց»։ Եթե Քրիստոս ասաց, թե ինքը պիտի մեռներ ու դարձյալ Հարություն առներ (Մատթ. 20;19), եւ իր ասածը կատարվեց, մենք պատճառ չունենք չհավատալու Իր խոստմանը, թե մենք էլ հարություն պիտի առնենք (Մատթ. 22; 30, Հովհ. 5; 28-29)։ Տիրոջ Հարությունը պատճառ է, որ մենք անմնացորդ հավատանք արտասանած իր բոլոր մյուս խոսքերին։

 

Իր Որդու աշխարհ գալուստից դարեր առաջ՝ Աստված խոսել էր Եզեկիել մարգարեի հետ՝ փոխանցելու համար այդ հույսը ազդեցիկ մի տեսիլքի միջոցով (Եզեկիել 37:1-14)։

 

Մինչ Աստված առաջնորդում էր Եզեկիելին չորացած ոսկորների դաշտի միջով, հարցրեց նրան. «Մարդո՛ւ Որդի, այս ոսկորները կարո՞ղ են կենդանանալ»։ «Տեր Աստված, այդ դու գիտես», - պատասխանեց Եզեկիելը։ Այնուհետ Աստված հարություն տվեց չորացած ոսկորներին, նրանց պատեց մարմնով և կենդանության շունչ պարգևեց։ Եզեկիելը սարսափած էր մահվան և կործանման տեսիլքից, բայց ականատես եղավ Աստծո զորությանը, որ կարող էր մահից կյանք քաղել և տեսնելով կենդանության հրաշքը՝ հաղորդակից դարձավ Հույսի հրաշքին։

 

Նույն հույսը հայտնվել էր Զատկի օրը, երբ յուղաբեր կանայք այցելում էին Քրիստոսի գերեզմանը։ Նրանք ևս քայլում էին «մահվան հովիտով», դեպի Տիրոջ գերեզմանը՝ վախով և հուսալքված, քանի որ ականատես էին եղել Տեր Հիսուսի խաչելությանն ու մահվանը։ Սակայն նրանց դիմավորողը մահվան տեսիլքը չէր, այլ հավիտենական կյանքի ավետիսը՝ թափուր գերեզմանը։

 

Մեր փրկության համար Քրիստոս ինքը ճաշակեց դրա արհավիրքները, խոցվեց մեր մեղքերի համար, բայց և հաղթանակեց։ Ուստի մենք իրավունք չունենք կորցնելու մեր հավատը, քանզի մենք փորձառությունն ունենք Կյանքի հրաշքի և տեսել ենք նաև Հույսի հրաշքը։

 

Հիսուս Քրիստոսի փրկագործությունը մեզ տրված մեծագույն ավետիսն է և հույսը, որ Աստված իր զավակներին երբեք չի լքում։ Ամեն անգամ երբ քայլում ենք դժվարությունների, նեղությունների և փորձությունների միջով, եկեք երբեք չկորցնենք մեր հույսը, այլ ամենածանր փորձությունների մեջ անգամ ամուր կառչած մնանք այդ Հույսին, որի անունն է Հիսուս Քրիստոս։

  • 2022-04-19
×