Աստված փորձություն չի տալիս, այլ կամք

Աստված փորձություն չի տալիս, այլ կամք

Արդյո՞ք հաճախ փորձությունների մեջ հայտնվողը ձախողակ է 

 

Մեծ պահքն ավարտվեց։ Ասում ենք՝ պահքը ևս փորձություն է, որ տրված է Աստծուց՝ հավատի ճանապարհին հաստատուն լինելու համար։ Եվ ոչ միայն պահքը։ Մեր կյանքում հանդիպած ամեն մի փորձություն դիտարկում ենք Աստծուց տրված, որը պետք է հաղթահարել: Մյուս կողմից էլ՝ այն մարդկանց, ովքեր հաճախ են փորձությունների մեջ հայտնվում, համարում ենք ձախողակներ, երբեք չենք ցանկանում նրանց փոխարեն լինել, քանի որ չենք ցանկանում անցնել փորձությունների միջով, թեկուզ և վստահ ասում ենք, որ դրանք Աստծուց են։

 

Սակայն իսկապե՞ս այդպես է։ Իսկապե՞ս փորձությունները տալիս է մեզ Աստված։ Այս հարցի պատասխանը, ինչպես մեր բոլոր հարցերի պատասխանները, հնարավոր է գտել՝ ընթերցելով Սուրբ Գիրքը։ Այնտեղ կարդում ենք Հակոբոս առաքյալի մեկ այլ հորդոր. «Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի․ «Աստծուց եմ փորձվում», քանի որ Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի» (Հակոբոս 1:13): Ուրեմն՝ զուր ենք փորձությունների պատասխանատվությունը վերագրում Աստծուն։ 

 

Այդ դեպքում, կհարցնեք, ինչպե՞ս է, որ փորձությունները մեզ մոտեցնում են Աստծուն։ Եթե չարից են, ինչո՞ւ պետք է չարը կամենա, որ Աստծուն էլ ավելի մոտենանք։ Բանն այն է, որ փորձությունները չէ, որ մեզ մոտեցնում են Աստծուն, այլ դրանց հաղթահարումը։ Կամքն ու զորությունը՝ փորձությունները հաղթահարելու ու առաջ շարժվելու, մեզ տալիս է Աստված։ Տերը մեզ օգնում է ոչ թե հիվանդություններից, խնդիրներից, տառապանքներից, չարչարանքներից, զանազան բացասական երևույթներից հեռու պահելով, այլ ուժ և զորություն է տալիս, որ հանդիպելով դրանց՝ հաղթահարենք։

 

Արդյո՞ք ձախողակ են այն մարդիկ, ովքեր շարունակ խնդիրներ ունեն։ Եթե նրանք են իրենց խնդիրը էլ ավելի բարդացնելով մի շարք այլ խնդիրներ ստեղծողը, ուրեմն՝ այո, քանզի նրանք չեն ցանկանում հաղթահարել, չեն լցվում հավատով ու վստահությամբ Աստծո հանդեպ, չեն համբերում։ Սակայն եթե մարդուն տրվում են տարբեր փորձություններ, որոնք նա հաղթահարում ու անցնում է առաջ, ապա ձախողակ լինելու մասին խոսք լինել չի կարող։ Հենց այսպիսիններին է Հակոբոս առաքյալը հորդորում ուրախանալ փորձություններով․ «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբոս 1:2)։

 

Պետրոս առաքյալն ասում է, որ Քրիստոսին չարչարակից լինել չի նշանակում տառապել, այլ՝ մասնակից լինել փորձության նկատմամբ Նրա հաղթանակին: «Եթե Քրիստոսի չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռոմ. 8։17),- գրում է առաքյալը՝ փաստելով՝ կարևորը տառապելը չէ, այլ փորձությունը հաղթահարելը։

 

Ուրեմն՝ բնավ էլ ձախողակ ու կործանված չենք, երբ հանդիպում ենք փորձությունների։ Մի բան հստակ է սակայն․ ոչ թե փորձությունները, այլ դրանք հաղթահարելու շնորհն ու զորությունն է, որ տրվում է մեզ Աստծուց։ Ուստի՝ որպես իրական քրիստոնյաներ՝ տեսնե՛նք փորձություններից ստացված աստվածահաճո արդյունքը՝ դրանց հաղթահարումը, ոչ թե դրանց հնարավոր կործանարար հետևանքները՝ չհաղթահարելու դեպքում։

 

Երեկ ավարտվել է Մեծ պահքը՝ որպես ևս մեկ փորձություն մեր հավատի մեջ։ Այսօր արդեն իսկ մեր այս փորձության հաղթահարումը տոնում ենք՝ Քրիստոսի հրաշափառ Հարության Ավետիսը ստանալով։ 

  • 2022-04-19
×