Ինչու՞ է վախի զգացումը երբեմն հետապնդում մեզ, և շարունակ խաթարում մեր խաղաղությունը։
Աստվածաշունչն ասում է, որ սերն է փարատում վախի խավարը։ Մարդ չի կարող սիրել և վախենալ միևնույն ժամանակ, եթե իհարկե սիրում է կատարյալ սիրով։ Երբ աստվածային կատարյալ սերն ունենք մեր սրտերում, ապա երբեք չենք վախենա։ Նշանակում է առաջին հերթին պետք է կենտրոնանանք սիրո խորհրդի վրա, որովհետև յուրաքանչուր դժվարություն, վախ կամ տագնապ սիրո ուժով է հաղթահարվում։
Եկեք նայենք մեր կյանքում գոյություն ունեցող շատ իրողությունների ու անմիջապես կհասկանանք, որ Աստվածաշունչն իրապես ճիշտ ճանապարհով է մեզ տանում։ Սերը ի զորու է հաղթահարել ցանկացած փորձություն և դժվարություն։
Ինչու՞ են ծնողները իրենց կյանքը վտանգելով` փրկում իրենց երեխաներին, որովհետև սիրում են։ Ինչու՞ են սիրող սրտերը գնում զոհողությունների, որովհետև սիրում են, ինչու՞ մեր քաջարի զինվորներն իրենց կյանքը զոհեցին հայրենիքի համար, որովհետև սիրում են իրենց հողը։ Շարքը կարելի է անվերջ շարունակել ու նմանատիպ շատ օրինակներ բերել:
Եթե մեր բոլոր արարքների մղիչ ուժը դառնա սերը, ապա վախը տեղ չի չունենա մեր սրտերում։ Ինչպես Առաքյալն է ասում. «Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը» (Ա Հովհաննես 4:18)
Ուստի, երբ զգում ենք, որ վախը գլուխ է բարձրացնում մեր սրտում, մի պահ պետք է դադար տանք և մեր միտքը կենտրոնացնենք Աստծո սիրո վրա։ Այն սիրո վրա, որ «Աստված առատությամբ մեզ վրա հեղեց մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, որպեսզի նրա շնորհով արդարացած հույսի համաձայն՝ ժառանգներ լինենք հավիտենական կյանքի» (Տիտոս 3:6-7)։
Ուրեմն, սերը դարձնենք մեր կյանքի առանցքը և Աստծո ներկայության մեջ ապրենք ու արարենք քաջ, անվախ ու համարձակ ոգով, որովհետև որքան շատ սիրենք, այնքան ավելի խիզախ և աներկյուղ պիտի լինենք։