Տեր Նավասդարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեր Նավասդարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Տեր Նավասդարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ,Այսօր դուք համակված եք անկեղծ և վարակիչ զգացումներով ու հուզականությամբ: Տոնական այս օրը ձեր կրթարանի հարկի ներքո հնչելու են դպրոցական զանգի վերջին ղողանջները:Կրթական այս հաստատությունը ձեզ սպառազինել է գիտելիքներով, որոնք պիտի կենսավորեք ի շահ հայրենիքի, ինչն իրագործելի կդառնա միայն ազգի նկատմամբ պարտքի բարձրագույն գիտակցումով: Այդ գիտակցումը մարդուն տրվում է միայն ի վերուստ և դառնում կամովի հանձնառություն:Ձեր առջև լայնորեն իր դռներն է բացել կյանքը, և դուք ինքնադրսևորման և արարման մեկնարկ եք վերցրել: Այլևս դուք առավել ազատ եք, և անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել տրված ազատության մեջ: Վառ իդեալներից և գունագեղ տեսիլքներից պիտի ծնվեն ձեր նպատակները, ու սիրով ներշնչված ամեն մի գործ պիտի ծառայեցվի ազգին ու հայրենիքին:«Իմաստուն երիտասարդը նման է խորարմատ ծառի, որին փորձությունների հողմերը թեպետև շարժում են, բայց կործանել չեն կարող» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի): Մենք զգում ենք ոգևորության ու ներշնչանքների այն ալիքը, որով դուք ելնում եք կյանքին ընդառաջ: Մենք վստահում ենք ձեզ: Եվ որպեսզի բորբոք մնա այդ ոգևորությունը, և մեր վստահությունը հիմնավորվի, սկսելիք գործին պիտի ձեռնամուխ լինել հավատով ու հույսով, քանզի ձեր գիտելիքները կիրառելու համար աստվածային ներշնչանքով տրված ամուր հոգի և հարաճուն միտք պիտի ունենալ: «Որպեսզի մարդը մեծ կոչվի, պիտի ունենա աստվածային ներշնչում»,- ասում է Ցիցերոնը: Իրոք, արժանավոր կոչվելու, ներշնչանքները կենսավորելու համար ի վերուստ զորություն և օրհնություն կստանաք, եթե ունենաք աստվածահաճո վարքուբարք և սեր ուսման ու աշխատանքի նկատմամբ: «Թող ձեր ամեն ինչը սիրով լինի»,- պատվիրում է մեզ Ավետարանը (Ա Կորնթ. 16:14): Միայն այսպես առաջնորդվելով՝ կարելի է կյանքի կոչել դպրոցում ձեռք բերած գիտելիքները: Դուք կարող եք դրանք լրացնելով՝ նոր լիցք հաղորդել երկրի կյանքին: Ասածի վկայությունը ձեր ավարտական վկայականները չեն, այլ այն առաքելությունն է, որին զինվորագրվել եք: Դուք գնում եք կյանքին նոր խոսք ասելու, նոր կորով հաղորդելու: Դուք այն բարեբեր ծառն եք, որի պտղավորմանը սպասում ենք բոլորս: Հարատև պտղաբեր եղեք, քանզի հաղթանակը հարատևության մեջ է: Մի՛ երկնչեք: Հավատարիմ մնացեք երիտասարդական ձեր երազներին և, անշուշտ, պիտի հարատևեք:

 

Սիրով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ Առաջնորդական փոխանորդ Արարատյան Հայրապետական Թեմի  

  • 2014-05-23
×