«100 ամյակին ընդառաջ»

«100 ամյակին ընդառաջ»

Մայիսի 24-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում մեկնարկեց «100 ամյակին ընդառաջ» ծրագիրը: Սա հայոց մեծ եղեռնի 100- ամյակին ընդառաջ ԱՀԹ Երիտասարդական միությունների նախաձեռնությունն է, որն իրականացվում է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: Ծրագիրը մեկնարկեց ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» Ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը միջոցառումը բացեց տերունական աղոթքով, ապա երիտասարդներին փոխանցեց Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության ու ողջույնի խոսքը: Ֆիլմի դիտումից հետո երիտասարդները կազմակերպել էին բանավեճ՝ «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ինչ-որ բան կփոխի. այո՞, թե՞ ոչ» թեմայով: ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներից կազված թիմը իր տեսակետն ու տեսլականը պաշտպանելով բանավիճում էր «Միասին» ՀԿ-ի թիմի հետ: Կողմերից յուրաքանչյուրը փորձում էր փաստերով ու եզրահանգումներով ապացուցել իր տեսակետը: ԱՀԹ երիտասարդների պնդմամբ Թուրքիան չի կարողանա խոսափել ընդունումից և դա կհանգեցնի փոխհատուցման: Իսկ ընդդիմադիր կողմի կարծիքով ընդունումը որևէ կերպ չի ազդի աշխարհաքաղաքականության վրա, քանի որ գերտերությունները մինչև հիմա ճնշում չեն գործադրում Թուրքիայի վրա, և նա էլ մինչ այժմ զիջումների չի գնացել: -Ցավոք, մենք ցեղասպանությունը միայն ապրիլի 24-ին ենք հիշում՝ բավարարվելով միայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ դնելով: Եվ ԱՀԹ երիտասարդները ծրագիր ներկայացրեցին, որպեսզի 100- ամյակին ընդառաջ ամբողջ տարվա ընթացքում ակտուալ պահենք թեման, - բացատրեց Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: «100 ամյակին ընդառաջ» ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ երիտասարդներն ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ՝ բանախոսություններ, բանավեճեր, ուխտագնացություններ, գիշերային հսկումներ և այլն: Ծրագրի հաջորդ հանգրվանը կլինի հունիսի 24-ին: 

  • 2014-05-27
×