Մայիսի 28-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցական համայնքներն ու երիտասարդաց միությունները ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ բազմաթիվ խմբերով ուխտի գնացին Արայի լեռան ստորոտում գտնվող Ս. Վարվառայի մատուռ, որը ժողովրդին հայտնի է նաև Ծաղկավանք անունով: Ուխտավորներին առաջնորդում էին ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը, Նոր նորքի Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վարդան ավագ քահան Մկրտչյանը, Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոն քահանա Աբրահամյանը, Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը, Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Թովմա քահանա Անդրեասյանը, ՀՀ ԶՈՒ-ի հոգևոր սպասավոր Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը: Ուխտավորները հոգևոր ու ազգագրական երգերի կատարումներով քայլեցին մինչև Ծաղկեվանք: Համբարձման տոնն այս սրբավայրի ուխտի օրն է: Ուխտավորներն այստեղ գալիս են թե՛ նախատոնակին, թե՛ հենց բուն տոնի օրը: Ժողովրդական սովորության համաձայն աղջիկները ծաղիկներ են հավաքում, յոթ աղբյուրից ջուր վերցնում, որպեսզի հաջորդ օրը Ս. Պատարագի ավարտին տոնախմբեն Համբարձման տոնը: Քահանաները մատուռում ուխտավորների հետ ընդհանրական աղոթք առաքեցին առ Աստված, ապա խոսեցին Համբարձման տոնի, Հայրապետական Աթոռը Սսից Էջմիածին փոխադրելու պատմական կարևոր իրադարձության մասին: Տեր Պետրոսն իր խոսքում շնորհավորեց նաև Առաջին Հանրապետութան տոնի առթիվ: - Սա մեր ազգի համար երկար դարեր պետականություն չունենալուց հետո նշանակալի իրադարձություն էր: Մի քանի դար շարունակ մեր Եկեղեցին է փոխարինել պետությանն՝ իր ուսերն վերցնելով այդ ծանր լուծը: Պետք է երախտագիտություն հայտնենք մեր Գևորգ Ե կաթողիկոսին, ով հրաժարվեց լքել Էջմիածնի իր նստավայրն՝ ասելով, որ կմնա ու մինչև վերջ կպաշտպանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրա այդ վճիռն էլ թև տվեց հայ զինվորներին, ովքեր իրենց ընտանիքները պաշտպանելուց զատ պարտավոր էին կռվել նաև հանուն Հայ Եկեղեցու և Ամենայն Հայոց հայրապետի: Պետք է արժանին մատուցենք 20-րդ դարասկզբի հայորդիներին, քանի որ Սարդարապատի ու Բաշ Ապարանի ճակատամարտերով կարողացան այս արևի տակ մեր պետության գոյության իրավունքն ապահովել: Այսօր Սարդարապատում մեծ տոնախմբություն է, իսկ մենք այստեղ՝ այս սրբավայրում, եկեք աղոթենք բոլոր նահատակների հոգիների համար ու խնդրենք Աստծուն, որ այսօր մեր Հայրենիքը պաշտպանող զինվորներին զորացնի, - ասաց Տեր Պետրոսը: ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության նախաձեռնությամբ երեկոյան երիտասարդներն Արայի լեռան ստորոտից հավաքած ծաղիկներով Թումանյանի թանգարանի բակում թանգարանի աշխատակիցների հետ գեղեցիկ պսակներ հյուսեցին: Նրանց իր օրհնությունն էր բերել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Նա խոսեց Համբարձման տոնի մասին, պատմեց, թե ինչու քառասուն օր հետո Տերը համբարձվեց, ինչ խոստացավ աշակերտներին: Այսօր Սուրբ Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Հավարտ Սուրբ Պատարագի, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում քահանաները կօրհնեն ծաղկահյուս պսակները: Այցելուներին կհյուրասիրեն կաթնապուր: Այնուհետև երիտասարդները քահանաների առաջնորդությամբ թափորով կքայլելեն դեպի Թումանյանի թանգարան՝ Ճանապարհին անցորդներին բաժանելով կաթնապուր: Երիտասարդների հարցերին պատասխանողները կարժանան նաև օրհնված պսակների: Անուշ օպերայից հատվածների հնչյունների ներքո Համբարձման տոնի մայր պսակը կամրացվի թանգարանի ճակատին: Թանգարանում կազմակերպվելու է Համբարձման տոնախմբություն: Միջոցառման ընթացքում ելույթ կունենան «ՀԱՍԿ» սկաուտական շարժման գրասենյակի Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի խումբը և «Զորավոր» երիտասարդաց միության երգչախումբը: Տոնախմբություն է կազմակերպել նաև ԱՀԹ Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու համայնքը՝ հոգևոր հովիվ Տեր Նորայր քահանա Բաղդասարյանի գլխավորությամբ: Հավարտ Սուրբ Պատարագի եկեղեցու բակում կազմակերպվելու է տոնախմբություն Նոր Նորքի դպրոցների ու Հայոդյաց տան սաների մասնակցությամբ: Այստեղ կազմակերպելու են ազգային խաղեր, նկարչական մրցույթ, Ազգագրական խումբը Համբարձման տեսարան կներկայացնի:Սուրբ Պատարագի ավարտին կաթնապուրի հյուրասիրություն են նախաձեռնել նաև ԱՀԹ Մրգավանի Ս. Հակոբ և Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցու համայնքները Տեր Մխիթար քահան Ալոյանի և Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանի գլխավորությամբ: