Օծվեցին Բարձրաշենի եկեղեցու հիմնաքարերը

Օծվեցին Բարձրաշենի եկեղեցու հիմնաքարերը

Մայիսի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի Բարձրաշեն համայնքում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Սրբազան հորն ուղեկցում էին Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանը, ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Արարողությանը ներկա էին Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբեն Աբրահամյանը, Բարձրաշենի գյուղապետ Սուրեն Սարգսյանը, Բարձրաշենի դպրոցի տնօրեն Գոհար Թովմասյանը, մարզի համայնքների ղեկավարներ, գյուղի բնակիչներ ու ուխտավորներ Երևանից ու Մարմարաշենից: Բարձրաշեն համայնքում պատմականորեն երբեք եկեղեցի չի եղել: Գյուղապետարանը հատկացրել է հողատարածք, որպեսզի կառուցվի եկեղեցի: Ամիսներ առաջ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այցելել էր համայնք ու ծանոթացել եկեղեցու հիմքի փորման աշխատանքներին: Դեռ այն ժամանակ նա հույս էր հայտնել, որ կառուցումը չի ուշանա: Շնորհավորելով բարձրաշենցիներին՝ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսը մասնավորապես ասաց.«Սիրելի՛ քույրեր, եղբայրներ, ե՞րբ էր՝ շեներով անցանք և եկանք այստեղ, փոսը նոր էր փորված: Մենք Համբարձման տոնի օրն այստեղ ենք: Եվ ձեր այցելու հոգևոր հովիվ Տեր Ղազարի ջանքերով, ձեր անսասան հավատքի արտահայտությամբ մենք այստեղ ենք և քիչ առաջ 16 քարերի՝ եկեղեցու հիմնաքարերի օծությունը կատարեցինք, որպեսզի հավատանք, որ մյուս տարի եկեղեցու շենքը բարձրացած կլինի: Թող այն դառնա գործող եկեղեցի՝ ձեր սիրո վկայությամբ Աստծո օրհնությունը բաշխող եկեղեցի: Երեկ Սարդարապատի հերոսամարտի օրն էր: Այդ հերոսամարտը մեր լինելիության մարտն էր, այդ կռիվն էր, որ մեր հայրերը տվեցին, և մենք կանք այսօր մեր պատմական տարածքների վրա՝ թեև 1/10-րդ, բայց կանք այս սրբազան հողի վրա: Ահա այդ սրբազան կռիվն օրհնեց Գևորգ Ե Սուրենյանց հայրապետը: Իր անխախտ կեցվածքով, անսասան հավատքով քաջալերեց բոլոր մարտիկներին, բոլոր զորականներին, բոլոր աշխարհազորայիններին, որ գնան Սարդարապատ և շահեն հայոց արժանապատվությունը՝ իրենց քրտինքով և արյունով: Արդ երեկվա օրհնությունը թող տարածվի այսօր մեզ վրա, որովհետև հավատքի տուն ենք կառուցում: Այսօր Ս.Համբարձման տոնն է, Հարուցյալ Տերն իր մարմնով շոշափելի դարձավ Գալիլիայում և Երուսաղեմում առաքյալներին և իր հետևորդներին՝ հոգևոր, փառավորված մարմնով, բայց՝ շոշափելի, որովհետև նա Տիբերիա լճից հանված ձուկը ճաշակեց նրանց հետ միասին: Բայց այլևս ֆիզիկական օրենքներից վեր էր մարմինը՝ թեև լինելով շոշափելի և տեսանելի: Ահա հավատքի գերագույն արդյունքը: Եվ այս եկեղեցու մեջ Աստծո հետ հաղորդակցության միջոցով պիտի ձգտենք յուրաքանչյուրս, որ մեր մարմինը նույնպես դառնա կենդանի, շոշափելի, ճաշակելի, բայց Աստվածային կնիքով դրոշմված: Այդ ժամանակ մեր մարմինն էլ հարություն կառնի, երբ մեղքի կպանքներից ազատվի: Իսկ մեր մարմինը հիմա ֆիզիկական, կենսաբանական օրենքների սահմանափակումների մեջ է: Այսօր տոնում ենք Հայրապետական Աթոռի փոխադրումը կամ վերահաստատումը Էջմիածնում: Բոլորդ գիտեք Էջմիածին բառի իմաստը՝ իջավ Միածինը: Միածինը Հիսուսն է՝ Բանն Աստծո մարմնացած, հարություն առած, համբարձված Հիսուս Քրիստոս՝ Հոր աջ կողմը նստած: Էջմիածինն այն սրբավայրն է հայոց հողի մեջ, որտեղ Հիսուս նախագծեց մեր հավատքի տունը և քահանայապետության Աթոռը: Հայոց հոգևոր արեգակը ծագում է Սուրբ Էջմիածնից և տարածում է իր ճառագայթներն աշխարհի չորս ծագերում գտնվող հայության հոգիների մեջ՝ տալով նրանց լինելիության շնորհներ, տալով նրանց պատկանելիության գիտակցություն և մաքառելու կամք անագորույն թշնամյաց դեմ: Խոնարհ հոգով պատիվ եմ ունեցել պատարագելու Երուսաղեմի Համբարձման լեռան գագաթին, ուր Հիսուս ամպերի ետևն անցավ, բայց բացեց առաքյալների կույր աչքերը: Դրանից հետո նրանք բոլորը Խաչը վերցրին և նահատակվեցին՝ վկայելով Հիսուսի Հարությունն ու Համբարձումը: Եթե չլիներ Համբարձումը, առաքյալները, չգիտեմ, կարո՞ղ էին արդյոք խաչվել հանուն հավատքի: Համբարձումը վավերացումն է Ս.Հարության իսկության:Որովհետև Հարությունից հետո ահա իրենք դարձան Հիսուսից առաքվածները, ինչպես Ինքը Հոր կողմից առաքված էր՝ քարոզելու Ավետարանը աշխարհի չորս ծագերում: Եվ այսօր մենք՝ այստեղ հավաքվածներս, վկայո՞ւմ ենք, որ մեր հավատքով պետք է կառուցենք այս եկեղեցին՝ բարձր շենի այս գագաթին: Ուրեմն այս փոքրիկները թող լինեն վկաները ձեր խոստումի: Եկեղեցին պետք է կառուցվի: Այն կլինի մեր հավատքի հանդեպ մեր գործնական քայլը, վկայությունը: Առաջ Աստված: Ամեն»:Եկեղեցին կառուցվում է ոչ թե բարերարի, այլ համայնքի ջանքերով: Համայնքը թեև չունի գործող եկեղեցի, բայց Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանը այստեղ այցելու քահանա է: Նրա համայնքում յոթ գյուղեր են ներառված: Այս գյուղն ունի հավատացյալ համայնք և ծխական խորհուրդ: Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները եկեղեցու հիմքի մոտ շուրջպար էին բռնել: Երևանի մի քանի եկեղեցիների երիտասարդաց միության անդամներ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավությամբ մի քանի ժամ առաջ էին եկել Բարձրաշեն ու շրջելով գյուղում՝ բնակիչներին հրավիրել էին մասնակցելու տոնախմբությանը: Մի փոքր ավելի ուշ նրանց միացան Մարմարաշենի երիտասարդները՝ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի գլխավորությամբ:

  • 2014-05-30
×