Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը մանուկներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը մանուկներին

Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը մանուկներին

«ՍԵՐ ԱՆՈՒՆ ՀԻՍՈՒՍ…» Ամռան սկիզբն ազդարարող առաջին օրն իր մեջ լույս ու ջերմություն ունի, գունագեղություն և վառվռուն ցոլանքներ, ծաղիկների բույր և պայծառ-պայծառ ու գրավիչ թովչություն ունի… Այն կանչող և ձգող ուժ ունի և ափեափ ժպիտներ, քանզի տոնական է և աղերսված մանկան ու մանկության հետ:Սիրելինե՛ր, Հիսուս շատ է սիրում երեխաներին և պատվիրում է, որ մարդիկ չարգելեն փոքրիկներին Իր մոտ թողնել (Մատթ. ԺԹ 14): Հիսուս Քրիստոս սիրում է մանուկներին, որովհետև նրանց մեջ են ամբարված աշխարհի անմեղությունն ու վարակիչ անմիջականությունը, երկնքի արքայության բանալին և իրական մեծության գաղտնիքը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի: Արդ, ով իր անձը խոնարհեցնում է ինչպես այս մանուկը, երկնքի արքայության մեջ նա՛ է մեծ: Եվ ով որ իմ անունով մի այսպիսի մանուկ ընդունելու լինի, ի՛նձ կընդունի» (Մատթ. ԺԸ 3-5): Դուք մեր կյանքի սիրո առանցքն եք, մեր ներշնչման և հավերժ մանուկ մնալու ակունքը: Տիրոջ աչքերով ձեզ տեսնելու և Նրա հոգով ձեզ սիրելու շնորհով լցված՝ հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության, սիրասուն հայրիկ-մայրիկների, տատ ու պապերի տևական ներկայության ու սիրո համար, ձեր վճիտ ու ժպտուն աչուկների խինդառատության համար: Նաև հավերժորեն փառավորում մեր Բարեգութ Աստծուն՝ բեթղեհեմյան Մանկան Ծնունդի համար, Ով ծնվեց և հայտնվեց մեր մեջ՝ մսուրի լույսը սփռելով աշխարհով մեկ: Հոգու անսահման ներշնչանքով շնորհավորում ենք ձեզ՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, մաղթում օրհնաբեր և խանդավառ օրեր: Թող Տիրոջ բարեխնամ Աջը հաստատուն պահի Հայոց աշխարհի խաղաղությունը, հովանի լինի ձեզ, և Կյանքի Արեգակի լուսառատ շողերը ողողեն ձեր մանկությունը:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ  

  • 2014-06-01
×