Հունիսի 1-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Կարապի լճի տարածքում ԱՀԹ երիտասարդական միությունների անդամները երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երեխաների համար հետաքրքիր ժամանց էին կազմակերպել: Թեմի աջակցությամբ «Երևան» հեռուստաընկերությունը տոնական համերգը էր կազմակերպել, որին մասնակցում էին հայկական էստրադայի սիրված երիգիչ-երգչուհիները, մուլտերի հերոսներ ու ծաղրածուներ: Տոնախմբությունը Տերունական աղոթքով բացեց ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Նրան ուղեկցում էր Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը: Տեր հայն ընթերցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի՝ մանուկներին հասցեագրված շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում է. «Տիրոջ աչքերով ձեզ տեսնելու և Նրա հոգով ձեզ սիրելու շնորհով լցված՝ հանապազ աղոթում ենք ձեր պահպանության, երջանիկ մանկության, սիրասուն հայրիկ-մայրիկների, տատ ու պապերի տևական ներկայության ու սիրո համար, ձեր վճիտ ու ժպտուն աչուկների խինդառատության համար: Նաև հավերժորեն փառավորում մեր Բարեգութ Աստծուն՝ բեթղեհեմյան Մանկան Ծնունդի համար, Ով ծնվեց և հայտնվեց մեր մեջ՝ մսուրի լույսը սփռելով աշխարհով մեկ: Հոգու անսահման ներշնչանքով շնորհավորում ենք ձեզ՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ, մաղթում օրհնաբեր և խանդավառ օրեր: Թող Տիրոջ բարեխնամ Աջը հաստատուն պահի Հայոց աշխարհի խաղաղությունը, հովանի լինի ձեզ, և Կյանքի Արեգակի լուսառատ շողերը ողողեն ձեր մանկությունը»:ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամները երեք տաղավարներում երեխաների համար հետաքրքիր ու զարգացնող խաղեր էին կազմակերպել, գիպսե արձանիկներ ներկելու և պատկերներ գունավորելու անվճար հնարավորություն էին ստեղծել: Մրցույթներում հաղթողների համար երիտասարդները նվերներ էին պատրաստել: Տոնը շարունակվեց մինչև ուշ երեկո: