Հունիսի 4-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Շնորհալիների «Իզաբել» կենտրոնի ստեղծման 20-ամյակին նվիրված տոնական համերգ, որին ներկա էին առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե քհն. Հայրապետյանը, հայտնի արվեստագետներ, կրթության և գիտության, մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր: Տերունական աղոթքից հետո տեր հայրը փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպս. Կճոյանի օրհնությունն ու շնորհավորական ուղերձը, որտեղ մասնավորապես ասված էր. «Սիրելի՛ շնորհալիներ,Տոնական այս օրը շնորհավորում ենք «Իզաբել» կենտրոնին՝ 20-ամյա գործունեության առթիվ և հղում մեր ջերմ զգացողություններն ու օրհնությունները: Արարատյան Հայրապետական թեմի և կենտրոնի տասնամյա համագործակցության ընթացքում բազմաթիվ առիթներ ենք ունեցել՝ վայելելու ձեր հուզիչ և հիացմունքի արժանի կատարումները, հիացել մեր շատ սիրելի տիկին Մարիետայի անանձնական նվիրումով ու կենսավառությամբ: «Իզաբել» կենտրոնը, հիրավի, հարուստ պատմություն ունի, իր բազմատեսակ ծրագրերով և ելույթներով արժանացել է հանրության սիրուն և գնահատանքին: Առավել ևս գովելի է այն իրողությունը, որ շնորհալիների կենտրոնը չի մոռանում նաև բարերարությունը: «Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ. ԺԶ 14) աստվածատուր պատգամ-հորդորով առաջնորդված, աստվածային սիրով տոգորված՝ շնորհալիների կենտրոնը 200-ից ավելի բարեգործական համերգների հասույթը տրամադրել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին և մանկատան սաներին: Մենք հպարտ ենք, որ դուք առաջնորդվում եք ավետարանական պատգամներով, ձեր երգով, պարով, ասմունքով և գեղարվեստով դառնում բարու և սիրո սերմնացանները:Մաղթում ենք անսայթաք և բեղմնավոր օրեր, բերկրանքով առլեցուն պահեր և հարատև նվիրում ու ջանք՝ գեղեցիկի արարման ազգանպաստ գործում: Թող Աստված առատացնի ձեր շնորհները և ձեր գեղարվեստի միջոցով տարածուն դարձնի բարին ու գեղեցիկը»:Նշենք, որ այս 20 տարիների ընթացքում Շնորհալիների «Իզաբել» կենտրոնը կազմակերպել է 10 փառատոն-մրցույթ, որին մասնակցել են 7000-ից ավելի 10-20 տարեկան շնորհալիներ՝ երգի, պարի, ասմունքի, նկարչության, երաժշտական գործիքների ժանրերում, տոնական և բարեգործական 250 համերգ՝ Հայաստանի տարբեր քաղաքներում և Արցախում:Լավագույն շնորհալիները ներկայացվել են Կիպրոսում, Եգիպտոսում, Հունաստանում, Վրաստանում, Սիրիայում և այլն: