ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ծնողներին հանձնվեց բարեգործական գումարը

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ծնողներին հանձնվեց բարեգործական գումարը

ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ծնողներին հանձնվեց բարեգործական գումարը

Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ՄԻԱՎ-ով ապրող 9 երեխաների ծնողներին փոխանցեց բարեգործական համերգից ստացված գումարները և նրանց նվիրեց Նոր Կտակարաններ: «Նվիրիր հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» խորագրով բարեգործական համերգը կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, որի հոգևոր պատասխանատուն Տ. Զենոն քահանա Բարսեղյանն է: Համերգի նպատակն էր օգնել ԱՀԹ «Ցերեկային կենտրոնի» ՄԻԱՎ -ով ապրող երեխաների ընտանիքներին: Սրբազան հայրն իր շնորհակալությունը հայտնեց նրանց՝ հավաստիացնելով, որ թեմը միշտ կլինի նրանց կողքին: «Ձեր հովիվը՝ Տ. Գրիգորը, որ նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է և այդ եկեղեցու երիտասարդաց միության հոգևոր պատասխանատուն՝ Տ. Զենոնը, կազմակերպել էին բարեգործական համերգ, որի տոմսերից ստացված հասույթը կազմել էր շուրջ 600 000 դրամ: Համերգի մասնակիցները սիրով ու անշահախնդրորեն մասնակցեցին այս ձեռնարկին: Հավաքված գումարը փոխանցվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնին և Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այսօր սիրով հանձնելու ենք ձեզ: Խնդիրը միայն գումարը չի, խնդիրը մեր սրտի անկեղծ ցանկությունն է ձեզ տեսնել որպես մեր հասարակության լիարժեք անդամներ: Մեր հարազատներն եք դուք: Աստված բոլորին էլ հավասար է արարել: Աստծո հանդեպ հավատն է մեզանից յուրաքանչյուրին դարձնում արժանավոր: Ձեր դեմքերը թող տխուր չլինեն: Մենք ձեզ անկեղծորեն շատ ենք սիրում: Մենք ձեզ հետ ենք անմիջական հաղորդակցությամբ այսօր վաղը և երբ անհրաժեշտ է»: Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Տ. Նավասարդ Սրբազան հորը՝ հայրական խնամքի ու հոգատարության համար, որ երեք տարիների ընթացքում ցուցաբերել է «Ցերեկային կենտրոնի» նկատմամբ: ՄԻԱՎ-ով ապրող երեխաներից մեկի մայրն էլ, բոլորի անունից խոսելով, շնորհակալություն հայտնեց. «Սրբազան հայր, շնորհակալ ենք, որ տարբերություն չեք դնում և մեզ ընդունում եք որպես հավասար մարդիկ: Դա շատ մեծ բան է մեզ համար: Մենք իսկապես երախտապարտ ենք ձեզ»: «Ցերեկային կենտրոնը» զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրներով, թմրամոլներով, աշխատում նրանց ընտանիքների անդամների հետ: Հաճախում են նաև ՄԻԱՎ վարակակիր երեխաներ:Կենտրոնի հոգևոր պատասխանատուն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն է: Նրա խոսքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարի հիմնական ուղիներից մեկը պետք է դառնա հոգևոր դաստիարակության միջոցով հասարակության մեջ բարոյական ու հոգևոր արժեքների ամրապնդումը: Այդ նկատառումով է ԱՀԹ –ի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» հիմնադրամի աջակցությամբ 2011թ. սեպտեմբերից Երևանում բացվել «Ցերեկային կենտրոնը», որի նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող եւ ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը և նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, հոգևոր արժեքների ձեռքբերմանը:«Ցերեկային կենտրոնը» շահառուներին տրամադրում է տարբեր ծառայություններ՝ հովվական խնամք, հոգեբանական և սոցիալական աջակցություն: Տեր հայրն այստեղ հաճախ է քարոզ խոսում, հոգևոր զրույցներ վարում: Կազմակերպվում են ֆիլմերի դիտումներ և քննարկումներ, ուխտագնացություններ Հայաստանի տարբեր եկեղեցիներ ու սրբավայրեր: Երեխաների համար շաբաթ օրերին կատարվում է Աստվածաշնչի ընթերցում, կազմակերպվում հոգևոր թեմաներով նկարչություն եւ մուլտֆիլմերի դիտում: Կենտրոնում իրականացվող հոգեբանական աշխատանքներն օգնում են, որպեսզի նրանց մոտ բարձրանա ինքնավստահությունը, բացահայտվեն ներքին դրական ռեսուրսները, վերանայվի կյանքի նկատմամբ վերաբերմունքը: Երեխաների մոտ աշխատանքներն իրականացվում են վախերի հաղթահարման, մեկուսացման միտումների նվազեցման, շփման հմտությունների մշակման ուղղությամբ:Կենտրոնը կատարում է նաև սոցիալական աշխատանք. ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց և թմրամիջոցների ներարկային օգտագործողներին հավասարը հավասարին խորհրդատվություն, տնայցեր, սննդի փաթեթների տրամադրում, հիվանդանոցում գտնվելու ժամանակ խնամք և անհրաժեշտ դեղորայքի տրամադրում, ՄԻԱՎ-ով ապրող հղի կանանց խնամք ինչպես՝ հղիության, այնպես էլ հետծննդյան շրջանում:

  • 2014-06-10
×