ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի քարոզը Մայր Տաճարում

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի քարոզը Մայր Տաճարում

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպս. Կճոյանի քարոզը Մայր Տաճարում

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի քարոզը Մայր Տաճարում Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ մատուցված Ս. Պատարագի ժամանակ

«Գեղեցկապաճոյճ մեզ քաւարան կազմեալ եթերանման կամարակապ զարդիւք» («Մեզ համար շինված չքնա՜ղ քավարան, գեղեցկապաճույճ եթերանման զարդակամարով…»):

 

ՍԲ. Գ. ՆԱՐԵԿԱՑԻ


Այսօր բացառիկ օր է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու համար և ողջ հայության կյանքում: Տոնն է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Էջմիածի՜ն…. Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն: Այստե՛ղ՝ ա՛յս տեղում, մեր եկեղեցու հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորիչն արցունքի միջից տեսավ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի լուսեղեն էջքը: Եվ Սուրբ Լուսավորչին, ով «աստվածային Հոգու քաղցրախոս քնարն է», հանձնվեց Աստծո Տաճարը կառուցելու բանալին: Այստե՛ղ Հայոց Տրդատ արքան 301 թվականին պետական կրոն հռչակեց քրիստոնեությունը, և փրկարար լույսը, վկայված՝ նահատակների արյամբ, հիմնովին խորտակեց անհավատության կռատներն ու մեհյանները և տարածվեց ամենուր: Ապա հայոց երկնակամարում թևածեց կանչը սրբագործված հոգիների. «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ…» (Ս. Էջմիածնի շարական)… Հայոց աշխարհ, հայի ոգի, հայի հավատք ու հայի խիղճ… Այս ամենի մեկտեղումից Քրիստոսաէջ սրբազնագույն վայրում ծնված Մայր Տաճար ու երկուհազարամյա քրիստոնեական միասնության ոսկեզարկ կնիքով դրոշմված միաբանություն:Սիրելինե՛ր, հայության համար լույսի խորան դարձած Սուրբ Էջմիածինը հավերժի խորան է: Քանի՜ հարյուր հազար անգամներ է հնչել այս անունը հայի շուրթերից՝ ԷՋ-ՄԻԱԾԻՆ… Խորախորհուրդ և ահասարսուռ իրողություն. Հարուցյալ և Համբարձյալ Տերը, թողնելով Իր երկնային փառքը, իջել է այստեղ՝ հայի հետ հանդիպելու, Հայկյան ցեղի մեջ ներթափանցելու և մշտաբարբառ խոսելու. «Ես եմ ձեր Տերն ու Փրկիչը: Ինձնո՛վ ապրեք, Ինձնո՛վ ապաշխարեք, Ինձնո՛վ արարեք և Ինձնո՛վ փնտրեք Լույսը Փրկչական»: Եվ «ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի»: Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք այսօր պետք ունենք անսալու աստվածային կանչին, պետք ունենք նորոգվելու, սիրո անաղարտ տաճարներ դառնալու՝ այս Տաճարին արժանանալու համար: Ա՛րդ, եկե՛ք միասնաբար, այս հոգեցունց աղոթքին խառնենք մեր մտքերն ու հոգիները, գոհաբանական խոսքեր ասենք և ուխտենք՝ այն պահելով մեր սրտի անկիզելի մատյանում. «Տէր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, որ աղօթքով Քո բազմաչարչար վկայի եւ մեր հաւատոյ հօր՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի միջնորդութեամբ, մեծ փառքով եւ Քո լուսեղէնների բազմությամբ երկնից իջար, ո՜վ Յիսուս, ի դաշտն Արարատեան ի յայցելութիւն փոքու հօտին Քո ազգս Հայոց: Եւ յատկապես ցոյց տուիր Քո սէրն ու ողորմութիւնը հանդէպ մեզ Քո այստեղ իջնելովդ: Եւ ոսկի ուռով բախեցիր անդունդների խորքը եւ հալածեցիր սանդարամետի բնակիչները, որտեղ Քո լուսաձեւ յօրինումով հրաշագործեցիր զՄայր Աթոռն զՍուրբ Էջմիածին եւ նրան վերածեցիր Քո աստուածային շնորհների անսպառելի շտեմարանի. նրան վերածեցիր ծնողի, դաստիարակի եւ մեր Հայաստանեայց բոլոր եկեղեցիների կատարելագործողի: Արդ, ո՜վ Տէր, պահեա զնա անարատ, մաքուր եւ անաղոտ՝ մեր բոլոր եկեղեցիների պայծառութեան համար մինչեւ աշխարհի վերջը» (Ժամագիրք): Փա՛ռք և գոհություն Բարձրյալն Աստծուն, Ով պարգևեց մեզ հոգևոր եղբայրության և միասնության հոգին և միաբանելով այս սրբազնասուրբ վայրում, մեր՝ առաջին քրիստոնեական ազգի և պետության ծննդավայրում, շնորհ արեց մեկ անգամ ևս պանծացնելու Հայոց Բեթղեհեմ դարձած Մայր Եկեղեցու ծնունդը:Սիրելինե՛ր, թող Կաթողիկե Սուրբ Էջմիածինն այսօր տարրալուծվի ու սփռվի մեր հոգիներից ներս, դառնա Միածնի իջման և լույսի խորան, որպեսզի նորոգված հնչեղությամբ, Սուրբ Նարեկացու խոսքերով փառավորենք Աստծուն՝ ասելով. «Քրիստոս Փրկչին՝ քեզ պսակողին, վայելում է փառք հավիտյանս, ամեն» (Ս. Գր. Նարեկացի):«Էջմիածին՝ տուն աղօթից ամենայն հաւատացելոց եւ Աթոռ քահանայապետութեան»:Վեհափա՛ռ Տեր,Եկել ենք՝ Ձերդ Սրբության օրհնությունը ստանալու: Օրհնեցե՛ք մեզ, Վեհափա՛ռ Տեր: Աստված թող անսասան պահի մեր Հայրապետական Աթոռը ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, և թող Ձեր ընդհանրական հովվապետական գավազանը հովվի ու առաջնորդի մեզ ամենքիս:Այսօր ուխտավորաբար Մայր Աթոռում է գտնվում Երուսաղեմի ամենապատիվ պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանը: Բազում անգամներ ենք եղել Տիրոջ Սուրբ Տեղերում: Բազմիցս լսել՝ «Ուխտդ ի կատար, հա՛յ ուխտավոր» բաղձալի խոսքերը: Այսօր Դուք՝ Ձեր պատրիարքության ընթացքին, առաջին անգամ եք եկել Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ձեր ուխտը վերանորոգելու: Այս բարեբաստիկ առիթով ողջունում ենք և մաղթում. «Ուխտդ ի կատար, Հայո՛ց Երուսաղեմ»:Արարատյան Հայրապետական թեմի ուխտավորների մեջ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սիրելի՛ նախագահ, սրբազնասուրբ այս տաճարը կառուցվել է Հայոց Տրդատ թագավորի` Մասիսից բերված քարերով: Նա այդ քարերը բերեց իր ուսերին դրած, նրա բեռը ծանր էր, սակայն քաղցրությամբ կրեց այն և քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Թող Ձեր լուծն էլ քաղցր լինի այն նպատակի համար, որին հանձնառու եղաք: Ուխտդ ի կատար, տիա՛ր նախագահ:Շնորհքը, սերը, խաղաղությունը թող լինի ձեզ հետ այսօր, վաղը և ընդմիշտ: Ամեն»:  

  • 2014-06-22
×