Հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ կկատարվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ կկատարվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի

Հսկման ժամերգություն և հոգեհանգստյան կարգ կկատարվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի

Հունիսի 24-ին՝ ժամը 19.00, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի կունենա հսկման ժամերգություն: Ավարտին կկատավի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեծ եղեռնի զոհերի: Ժամերգությանը մասնակցելու են ԱՀԹ քահանայից դասը և բոլոր եկեղեցիների համայնքների անդամներ: Սա «100 ամյակին ընդառաջ» ծրագրի երկրորդ միջոցառումն է, որը նախաձեռնել են ԱՀԹ Երիտասարդական միությունները Տ. Նավասարդ Սրբազն հոր օրհնությամբ: Ծրագրի շրջանակներում մեկ տարի շարունակ ԱՀԹ երիտասարդները ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ ամեն ամսվա 24-ին կազմակերպելու են միջոցառումներ՝ բանախոսություններ, քննարկումներ, ուխտագնացություններ և այլն: Նախաձեռնության նպատակն է ամբողջ տարվա ընթացքում 100-ամյակի շեմին արթուն պահել եղեռնի զոհերի հիշատակը և ոգեկոչման աղոթք առաքել առ Աստված: Առաջին միջոցառումը կազմակերպվել էր մայիսի 24-ին՝ ականատեսի նամակների ու լուսանկարների հիման վրա ստեղծված «Արմին Վեգներ» Ֆիլմի ցուցադրությամբ (հեղինակ՝ Տիգրան Խզմալյան): Ֆիլմի դիտումից հետո երիտասարդները կազմակերպել էին քննարկում՝ «Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը ինչ-որ բան կփոխի. այո՞, թե՞ ոչ» թեմայով: ԱՀԹ երիտասարդաց միությունների անդամներից կազված թիմը իր տեսակետն ու տեսլականը պաշտպանելով բանավիճում էր «Միասին» ՀԿ-ի թիմի հետ: Կողմերից յուրաքանչյուրը փորձում էր փաստերով ու եզրահանգումներով ապացուցել իր տեսակետը: ԱՀԹ երիտասարդների պնդմամբ Թուրքիան չի կարողանա խուսափել ընդունումից և դա կհանգեցնի փոխհատուցման: Իսկ ընդդիմադիր կողմի կարծիքով ընդունումը որևէ կերպ չի ազդի աշխարհաքաղաքականության վրա, քանի որ գերտերությունները մինչև հիմա ճնշում չեն գործադրում Թուրքիայի վրա, և նա էլ մինչ այժմ զիջումների չի գնացել: Ծրագրի հաջորդ հանգրվանը տեղի կունենա հուլիսի 24-ին: 

  • 2014-06-23
×