Տ. Նավասարդ Սրբազանի ուղերձը «Ֆրեսկոյի» մասնակիցներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Տ. Նավասարդ Սրբազանի ուղերձը «Ֆրեսկոյի» մասնակիցներին

Տ. Նավասարդ Սրբազանի ուղերձը «Ֆրեսկոյի» մասնակիցներին

ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ  ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ  ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ   ԿՃՈՅԱՆԻ ԽՈՍՔԸ՝  ՆՎԻՐՎԱԾ «ՖՐԵՍԿՈ» ԱՐԴԻ ԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԲԱՑՄԱՆԸ  «ՖՐԵՍԿՈ»՝     ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ   ԻՆՔՆԵՐՍ   ՄԵԶ   ՀԵՏ Համամարդկային խնդիրներ, ահագնացող ու խելակորույս վազք, հոգևոր արժեքների անկում, բարու և չարի հարատև պայքար և անտարբերության  «բաբելոնյան» աշտարակներ՝ մեր իսկ ձեռքերով կառուցված: Մարդ արարածը  կորցնում է ինքնությունը, աղավաղում աստվածային դիմագծերն իր պատկերի: Կանգ առնելու և խորհելու ժամանակն է… «Ֆրեսկո»-ն զորեղ է և իր մեջ ունի չարիքի կասեցման  յուրօրինակ  ուժը: Յուրաքանչյուր մարդ այս հսկա երկրագնդի վրա մի փոքրիկ ֆրեսկո է… Նայելով  մեր կյանքի անցյալ-որմնանկարներին՝  զարմանալի զուլալությամբ  տեսնում ենք  մեր ամեն մի քայլը, մտածումն ու, անգամ, կյանքի գույները: Որքան գորշություն, այնքան՝ ոչինչ չասող գոյություն, որքան արև, այնքան՝ լուսառատ բարություն ու սեր: «ՖՐԵՍԿՈ»՝ ՄԱՐԴ-ՈՐՄՆԱՆԿԱՐ… Տեղ-տեղ խունացած, հնացած՝ երբեմն, աղոտ պատկերներ  ու կիսատ-պռատություն:   «Ֆրեսկո»՝ վնասվածը վերականգնելու կարիք կա… Ամեն մի միջոց, որ մղում է մարդուն ապաշխարության և ինքնանորոգման, օրհնյալ է: «Ֆրեսկո»-ն ուժ է, հզոր  ազդակ, ինքներս մեզ հետ առանձնանալու, հոգու խաղաղ մի անկյունում մեզ վերագտնելու հնարավորություն: Վերագտնելու այն, ինչ փորձում ենք անընդհատորեն: «Ֆրեսկո»-ն միջոց է՝ վերադարձնելու մեր նախաստեղծ պատկերը, որ աղերսվում է աստվածայինի հետ. «Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով,  Աստծու պատկերով ստեղծեց նրան…» (Ծննդոց Ա 27): Սիրելինե՛ր, և որ ամենակարևորն է, «Ֆրեսկո»-ն երկխոսություն է, որ բերելու է մեր պատկերի վերանորոգմանը՝ Աստծո պատկերի և նմանության համաձայն: Կրկին դառնալու ենք նախաստեղծին՝  Աստծո  պատկերով և նմանությամբ արարված մարդուն:  «Ֆրեսկո»-ի օրերը թող լինեն ինքներս մեզ հետ զրուցելու, հոգիներս դատարկելու,  մտորումների ու անհանգստությունների դարսդարսված  ծալքերը բացելու և ոգեղենով լցվելու օրեր, և մեր  հոգին ու էությունը թող նույնանան աստվածարարյալ մեր նախաստեղծ կերպարի հետ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի անցկացումը յուրաքանչյուրիս համար թող դառնա ինքնակերտումի մի հզոր ազդակ՝  պարուրված սիրո և համերաշխության ջերմ զգացողություններով:

 

Ջերմագին սիրով և օրհնությամբ՝Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ 

  • 2014-06-23
×