Շնորհակալագրեր հանձնվեցին «Նվիրի հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» բարեգործական համերգի մասնակիցներին

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Շնորհակալագրեր հանձնվեցին «Նվիրի հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» բարեգործական համերգի մասնակիցներին

Շնորհակալագրեր հանձնվեցին «Նվիրի հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» բարեգործական համերգի մասնակիցներին

Այսօր՝ հունիսի 25-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը շնորհակալագրեր հանձնեց «Նվիրիր հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» բարեգործական համերգի մասնակիցներին: Համերգը կազմակերպել էր ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը՝ հոգևոր պատասխանատու Տ. Զենոն քահանա Բարսեղյանի գլխավորությամբ:  Համերգի ողջ հասույթը, որը փախանցվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ մի քանի շաբաթ առաջ Տ. Նավասարդ Սրբազան հոր ձեռամբ տրամադրվել է ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ընտանիքներին: Համերգին իրենց մասնակցությունն էին բերել «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան), ԱՀԹ «Ծաղկազարդ» համախումբը (խմբավար՝ Լիլիթ Գրիգորյան), ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության «Արարատ» երգչախումբը (խմբավար՝ Գրիգոր Հարությունյան), «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյան, խմբավար՝ Անահիտ Պապայան), Մայիլյան երգարվեստի կենտրոնը (խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան), ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը (խմբավար՝ Անուշ Հարությունյան), ԱՀԹ «Զանգակներ» խումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Շահէ Քեշիշեան) և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար՝ Րաֆֆի Միքայելյան): Սրբազան հայրը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ իրենց անշահախնդիր նվիրումով բարեգործությանը մասնակցելու համար և ի մասնավորի ասաց. «Մեր առաքելությունները հարազատ ուղղությամբ են շարժվում: Եթե վերցնենք մեր պատմությունը, մեր մշակույթն ամբողջապես հոգևոր բնույթ ունի՝ քրիստոնեության ակունքներից սնված: Այս համագործակցությունը, որ կա «Զորավոր» եկեղեցու երիտասարդաց միության և ձեր միջև, արժանի է ծափահարությունների: Հրաշալի երեկո էր, մեր գնահատականը շատ բարձր է: Բոլորս ընկղմվել էինք տրամադրությունների այդ ջերմ զգացողությամբ: Քրիստոնեական, մարդասիրական միջավայր էր: Շատ պարզ երևում էր, որ բոլորն իրենց կամքով են դա անում, անկեղծությամբ և անմիջականորեն: Ես շատ ուրախ եմ, որ դուք հիմա այստեղ եք: Եվս մեկ անգամ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ: …Բայց սա պարտավորեցնող է: Քանի որ մի անգամ արդեն կազմակերպեցինք, և մեր հոգիները բերկրությամբ լցվեցին, ինչո՞ւ չշարունակել: Մեր քրտինքը, մեր գործը շաղախենք բարությամբ և հատկացնենք կարիքավորներին: Թող Աստված ամենքիս բարի նպատակները թող օրհնի: Եվ որքան մենք շատանանք այս առաքելության մեջ, այնքան որակապես ավելի բարձր կդառնանք: Դրանում մենք համոզված ենք: Թող մեզանից ամեն մեկը դառնա մի լույս այս առաքելության մեջ, և փորձենք փոխել մեր միջավայրը այն ձևով, ինչպես Ավետարանը մեզ թելադրում է: Եթե մենք կարողացանք մի քայլ անել, երկրորդն էլ, երրորդն էլ կարող ենք անել: Թող նույնի կրկնությունը չլինի, հետզհետե ավելի հետաքրքիր դառնա, բայց նույն զգացողությունն ունենանք՝ անկեղծ, անմիջական և սրտաբուխ: Աստված թող օրհնի և առաջնորդի մեզ բոլորիս: Ամեն»:

  • 2014-06-25
×