Ուշադրություն, կարդում եմ առաջին հարցը

Ուշադրություն, կարդում եմ առաջին հարցը

«Այս դեպքը հիշատակվում է մեզ ծանոթ երեք ավետարաններում, և միայն Ս. Հովհաննեսի ավետարանում է, որ միանգամից նկարագրվում է ձերբակալումը»:


Դո՞ւք էլ սկսեցիք մտածել այս հարցի շուրջ։ Ուրեմն ունեք ընդամենը մեկ րոպե ժամանակ, քանի որ խաղի մեջ եք, իսկ այն արդեն սկսվել է։


Հոկտեմբերի 29-ին Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում բոլորը լարված հետևում էին ժամանակին, քանի որ մեկնարկել էր ինտելեկտուլ խաղը։ Ս. Երրորդություն եկեղեցու «Բարի կամք» երիտասարդական միության անդամներից կազմված չորս թիմեր պայքարում էին լավագույնի տիտղոսի համար։ Չորս թիմ՝ «Էմանուել», «Դելտա», «Բարի կամք» և «Կանաչ լոբի» (խմբի անվան ընտրությունը բոլորովին այլ պատմություն է), յուրաքանչյուր թիմում՝ չորս մասնակից։


Այս օրը միության անդամների համար կարևորվում էր նաև նրանով, որ սա նրանց առաջին միջոցառումն էր եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տ. Պարթև քահանա Մուրադյանի հետ։


Տեր հայրն աղոթքով և օրհնության խոսքով ազդարարեց միջոցառման սկիզբը, որից հետո պարային գեղեցիկ կատարմամբ հանդես եկավ եկեղեցու «Զվարթունքներ» պարային համույթը։


Պարային համարից հետո մասնակիցները բաժանվեցին թիմերի, ընտրեցին անուններ և արդեն պատրաստ էին ցույց տալ իրենց գիտելիքները։


Դահլիճի աշխույժ մթնոլորտը, կատակներն ու քննարկումները դադարեցին միայն այն ժամանակ, երբ հնչեց առաջին հարցը։ Առաջին փուլ. պայքարը թեժ էր, սակայն մասնակիցները խաղացին կատակելով և բարձր տրամադրությամբ։ Եվ այդ տրամադրությունը չփոխվեց անգամ առաջին փուլի արդյունքներն ամփոփելուց հետո։


Եվ այսպես՝ «Էմանուել» 2.5 միավոր, «Դելտա» 9, «Բարի կամք»`5 և «Կանաչ լոբի»՝ 4.5 միավոր։


Մինչ անցնենք երկրորդ փուլին, մի մոռացեք այն հարցը, որը կարդացիք հոդվածի սկզբում, քանի որ ժամանակն ավարտվում է։


Իսկ երկրորդ փուլն անցավ էլ ավելի հետաքրքիր և աշխույժ մթնոլորտում։ Ժամանակն անցավ շատ արագ, և արդեն հայտնի դարձան երկրորդ՝ ամփոփիչ փուլի արդյունքները։ Երկու փուլերից ստացված միավորների արդյունքում հաղթեց «Դելտա» թիմը։


Երիտասարդները ևս մեկ անգամ ստուգեցին իրենց գիտելիքները։ Հիմա հերթը ձերն է. ևս մեկ անգամ կրկնենք հարցը. «Այս դեպքը հիշատակվում է մեզ ծանոթ երեք ավետարաններում, և միայն Ս. Հովհաննեսի ավետարանում է, որ միանգամից նկարագրվում է ձերբակալումը»:


Ժամանակը գնաց. հինգ, չորս, երեք, երկու, մեկ։ Ճիշտ պատասխանն է՝ «Հուդայի համբույրը»։ Եթե ճիշտ էիք պատասխանել հարցին, ուրեմն հաջորդ անգամ կարող եք փորձել ձեր ուժերն ինտելեկտուալ խաղում, եթե ոչ՝ հոգ չէ, արդեն գիտեք մեկ հարցի պատասխան և մեկ հետաքրքիր տեղեկություն կամ փաստ Ավետարանից։ Ստուգեք ձեր գիտելիքները և միշտ բաց եղեք՝ նորերը ստանալու համար։

 


Հասմիկ Թամամյա

  • 2016-10-19
×