«Մենք մեր զինվորի կողքին ենք»

«Մենք մեր զինվորի կողքին ենք»

Արարատյան Հայրապետական թեմը սկսում է «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրի գումարների բաշխման փուլը: Ծրագիրը կմեկնարկի միջինից ցածր սոցիալական պայմաններում ապրող երեք ընտանիքների այցելությամբ: Հունիսի 28-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ԱՀԹ երիտասարդական կառույցների և ՀՀ ՊՆ ներկայացուցիչների խումբը կայցելի Երևանի Էրեբունի և Շենգավիթ համայնքներում բնակվող հաշմանդամ, զոհված զինվոր և միաժամանակ երեք զինծառայող ունեցող ընտանիքներ: Այցելության նպատակն այդ ընտանիքների ու նրանց խնդիրների հետ ծանոթանալն է: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ երեք ընտանիքներին կտրամադրվի անհրաժեշտ կենցաղային տեխնիկա և կահույք: Հայ Եկեղեցին միշտ հայ զինվորի աջակիցն է եղել, զորավիգ է եղել ոչ միայն խոսքով, այլ նրա հետ խրամատում ու ճակատում կռվելով: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել է 50 միլիոն դրամ: Հանգանակված գումարը փոխանցվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սոցիակալան բաժնի հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվելու է 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողների ընտանիքներին: Օգնությունը տրամադրվելու է ՀՀ Պաշտպանության նախարարության Սոցիալական բաժնի տրամադրած ցուցակով: Նախատեսված է, որ թե՛ Երևանի, թե՛ Արարատի մարզի բոլոր համայնքներում տեղի հոգևոր հովիվները այցելություններ կկազմակերպեն ընտանիքներ: Համայնքներից մի մասի հոգևոր հովիվների նախաձեռնությամբ ընտանիքները կհրավիրվեն նաև եկեղեցիներ, որտեղ պահպանիչ աղոթք և բժշկության ավետարան կընթերցվի հաշմանդամ և արդ ծառայող զինվորների համար, ինչպես նաև հոգեհանգստյան կարգ կկատարվի զոհված զինվորների հիշատակին:Բարեգործական այս ծրագրում ընդգրկված բոլոր ընտանիքներն իրենց համար նախատեսված գումարները կստանան մինչև հուլիսի կեսը: Ծրագիրը կամփոփվի ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում հուլիսի 15-ին՝ ժամը 12.00:

  • 2014-06-27
×