«Ալֆա» դասընթացի ավարտը 2014 թ.

«Ալֆա» դասընթացի ավարտը 2014 թ.

Հունիսի 26-ին կայացավ ԱԱԻ-ի կողմից իրականացվող 2014 թ. «Ալֆա» դասընթացի փակումը: Երկուսուկես ամիսների ընթացքում ևս շուրջ 20 երիտասարդներ փորձեցին իրենց քայլերն ուղղել առ Աստված և դեպի Հայ առաքելական եկեղեցի: Ողջ ընթացքում նրանց հոգևոր ճանապարհի ուղեկիցն ու դասընթացի խոսնակն էր Արարատյան Հայրապետական Թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող և «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Փակմանը ներկա էր նաև ԱԱԻ հիմնադիր նախագահ Պետրոս Մալաքյանը: Նա քաջալերեց երիտասարդներին միշտ գործել հավատքով՝ համոզված լինելով, որ Աստված կօրհնի նրանց ջանքերը: Նա կոչ արեց երիտասարդներին շարունակել ցանել Աստծո սերմերը՝ գիտակցելով, որ նրանք երբեք մենակ չեն և իմանալով, որ նրանց աշխատանքը զուր չի անցնի: Հուզիչ էին նաև մասնակիցների խոստովանությունները դասընթացի վերաբերյալ: Ներկայացնում ենք մի քանի տպավորություն:Ռուզաննա Դիլանյան. «Այս երկուսուկես ամիսների ընթացքում մոտեցա Աստծուն: Ինքս ինձ անհավատ մարդ եմ համարել մինչև այս: «Ալֆա»ն իմ երկրորդ ծնունդն եմ համարում: Դրա առաջին ապացույցն այն է, որ ես առաջին անգամ իմ ձեռքը վերցրի Աստվածաշունչը»:Նարինե Բաղոյան. «Ես կյանքումս հավատացած եմ եղել, որ պատահական ոչ մի բան չի լինում: Իմ այստեղ հայտնվելն էլ պատահական չէր, որովհետև այստեղ եկա հենց այն պահին, երբ Աստծո կարիքն ունեի: Ես կարծես կորցրած լինեի ինքս ինձ, կարծես խավարում խարխափող մի մարդ լինեի: Ես այստեղ գալս միշտ նմանեցնում եմ դեպի դռան ճեղքից երևացող սպիտակ լույսը քայլելուն: Եվ ուրախ եմ, որ քայլեցի դեպի այդ լույսը, ուրախ եմ, որ ինձ մեկնված ձեռքը բռնեցի: Հուսով եմ, որ այլևս չեմ թողնի այն»:Արթուր Սանթուրյան. «Ես եկել եմ այստեղ ընկերներիս միջոցով, որոնց անչափ շնորհակալ եմ: Ուզում եմ ասել, որ այս ընթացքում Աստծո ներկայությունը զգում էի ամեն առումով՝ թե՛ մարդկանց մեջ, թե՛տիրող մթնոլորտում: Ես սա համարում եմ միայն սկիզբ՝ գիտելիքներս խորացնելու և Աստծուն ավելի մոտենալու ճանապարհին»:Երիտասարդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին դասընթացի կազմակերպիչներին, տեր Պետրոսին և Պարոն Մալաքյանին: Տեր Պետրոսն իր մաղթանքն ու օրհնության խոսքն ուղղեց նրանց: Վերջում մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականներ:

  • 2014-06-30
×